Լրահոս

27.01.2010 18:18


Վարչապետը շահագրգռվա՞ծ է տաքսիների հարցում

Վարչապետը շահագրգռվա՞ծ է տաքսիների հարցում

Այսօր Շիրակի մարզի բողոքավոր անհատ տաքսիստները ճարահատյալ դիմել էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին՝ խնդրանքով, որ հոգևոր առաջնորդը գոնե իր միաջամտությամբ խնդրին լուծում տա:

Սրբազանի աշխատասենյակում անհատ տաքսիստներն իրենց բողոքն ու խնդրանքը ներկայացրին թեմի առաջնորդին՝ նշելով, որ բոլոր հնարավոր պետական օղակներին դիմել են, սակայն որևէ արդյունք չկա, և ոչ ոք չի ուզում մտածել, որ իրենք կառավարության նոր որոշում ներկայացված հարկային բեռի տակից դուրս գալ չեն կարող:

«Բոլորին դիմել ենք, սակայն որևէ արդյունքի չենք հասել: Եկեղեցին միշտ սատար է կանգնել հասարակ ժողովրդին, և հնարավոր է, որ այս պարագայում իշխանության և ժողովրդի միջև միջնորդի դեր ստանձնի, և այս խնդիրը հարթվի: Այս օրենքով մենք չենք կարող աշխատել: Իմ մեքենան 20 տարեկան է։ Ես որևէ մեկին չեմ ստիպում մեքենաս նստել, որ 500 դրամ աշխատեմ: Հիմա մեր հացն ուզում են բերաններիցս կտրել»,- դժգոհություն հայտնեց անհատ տաքսու վարորդ Վիտյա Մանուկյանը:

Իսկ վարորդներից Միխայել Պետրոսյանը Սրբազանին տեղեկացրեց, որ ինքն ամեն առավոտ աշխատանքի դուրս գալուց առաջ աղոթում է. «Ես ամեն առավոտ աղոթում եմ, որ հարկային աշխատողներին չհանդիպեմ, որ մի կտոր հացի փող աշխատեմ»,- ասում է Միխայել Պետրոսյանը և նշում, որ դա իրեն չի խանգարելու, որ հանուն աշխատանքի անգամ կրոնափոխ լինի 4 երեխաներին պահելու համար: Հավաստիացնում եմ, որ Թուրքիայի սահմանը կբացենք, կանցնենք Թուրքիա: Փոխանակ մեզ շնորհակալություն հայտնեն, որ աշխատում ենք, ընդհակառակը՝ փորձում են կողոպտել»,-իր ապագա ծայրահեղական նպատակների մասին Միխայել Պետրոսյանը կիսվեց Սրբազանի հետ:

Միքայել Աջապահյանը հետաքրքրվեց, թե արդյոք բոլոր հնարավոր մարմիններին դիմե՞լ են, և ոչ մի տեղ իրենց խնդրին լուծում չի՞ տրվել, որին ի պատասխան տաքսիստները դրական պատասխան տվեցին, և նշվեց, որ խնդրի վերաբերյալ ամենասպառիչ պատասխանը տվել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չցանկացան հրապարակել, քանի որ խոսակցությունը եղել է ոչ պաշտոնական, և լրագրողներ ներկա չեն եղել:

«Մեզ հստակ ասվել է, որ այս օրենքով շահագրգռված է անձամբ վարչապետը, որը չի ուզում լսել նույնիսկ այդ օրենքը փոփոխության ենթարկելու թեմայով խոսակցությունները և տաքսիստների անունը տալ չի ուզում»,- տեղեկացրեց բողոքավոր տաքսիստների մամլո խոսնակ  Լևոն Բարսեղյանը:

Սրբազանն անհատ տաքսիստներին լսելուց հետո խոստացավ, որ կդիմի համապատասխան մարմիններին:

«Հստակ է, որ սա Երևանում ծնված օրենք է, որտեղ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում մարզերում: Եվ քանի որ եկել եք, դիմում եք, բնականաբար ես, որպես հոգևոր հովիվ, կփորձեմ իմ միջնորդությունը ներկայացնել, բայց որևէ երաշխիք չեմ կարող տալ, որ այն կհարգվի»,- նշել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը