Լրահոս

02.10.2017 12:17


Երվանդ Բոզոյան․ «Հայաստանն իր քաղաքական վերնախավի պատճառով է հայտնվել այսպիսի իրավիճակում»

Երվանդ Բոզոյան․ «Հայաստանն իր քաղաքական վերնախավի պատճառով է հայտնվել այսպիսի իրավիճակում»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ անցած տարիների ընթացքում մենք իսպառ ոչնչացրեցինք մեր քաղաքական դաշտը։

«Այն քաղաքական դաշտը, որ կար 90-ական թվականներին, երբ մարդիկ հավատում էին իշխող կուսակցությանը կամ ընդդիմությանը, երբ ընդդիմադիր հռետորաբանությունը վարկաբեկված չէր, չկային կաշառված քաղաքական, հասարակական գործիչներ, ԶԼՄ-ներ, ավելի անկեղծ պրոցեսներ էին։ Կար բուռն հասարակական-քաղաքական կյանք, մարդիկ հավատում էին ինչ-որ արժեքների։ Այսօրվա դրությամբ քաղաքական կյանք, որպես այդպիսին, գոյություն չունի։ Մարդիկ, չվստահելով իշխանություններին եւ ընդդիմությանը՝ նախընտրում են հեռանալ երկրից։ Իսկ իշխանության եւ ընդդիմության նկատմամբ անվստահությունը հանգեցնում է պետության նկատմամբ անվստահության։ Ընդդիմադիր հռետորաբանությամբ հանդես գալն էլ չի նշանակում, թե դու դեմ ես իշխանություններին։ Ճիշտ հակառակը՝ այսպիսի մի խաղի կանոն է ձեւավորվել՝ իշխանությունը փորձում է իր հակառակորդներին փչացնել ընդդիմադիր հռետորաբանությամբ, տարատեսակ գործիչների, ԶԼՄ-ների միջոցով։ Արդյունքում շարքային քաղաքացին չի կարողանում կողմնորոշվել՝ որն է ճիշտը, որը՝ սխալ եւ սկսում է չվստահել ոչ ոքի։ Եվ եթե երկրում ոչ մեկը ոչ մեկին չի վստահում, ապա ինչպե՞ս կարող են քաղաքական պրոցեսներ զարգանալ։ Չեն կարող զարգանալ քաղաքական ինստիտուտները, երկիրը չի կարող զարգանալ տնտեսապես, որովհետեւ պակասում է վստահության գաղափարը։ Այսօրվա Հայաստանը իր քաղաքական վերնախավի պատճառով է հայտնվել այսպիսի իրավիճակում։ Եվ սա մեծագույն ողբերգություն է երկրի համար, որովհետեւ այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Եվ դա կավարտվի ավելի ողբերգական եւ վտանգավոր ձեւով, քան մենք կարող ենք պատկերացնել»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Դիտարկամնը, որ եթե ընդդիմադիր հռետորաբանությունը վարկաբեկված է, ապա որոշակի գործողությունների, նաեւ՝ զինված ապստամբության միջոցով պայքարողներն էլ հայտնվեցին անազատության մեջ, և այդ ճանապարհն էլ չհասցրեց իշխանափոխության, քաղաքագետը պատասխանել է․

«Ցանկացած նորմալ քաղաքակիրթ երկրում ապստամբության փորձը դատապարտվում է բոլորի կողմից։ Օրինակ՝ դատապարտվեց Թուրքիայում հեղաշրջման փորձը։ Ապստամբությունը քաղաքական օրակարգ չէ եւ կապ չունի խաղաղ պրոցեսների հետ։ Հայաստանում առաջացել է այնպիսի խայտառակ վիճակ, քաղաքական դաշտը վերացել է, եւ բնականաբար, այդ բացը փորձում են լցնել զինված խմբավորումները, այն մարդիկ, որոնք ահաբեկչությունը ձեւակերպում են որպես ազգի փրկության միջոց։ Արդյունքում առաջացել է անորմալ իրավիճակ․ հասարակությունն իր համար ելք չի տեսնում, քաղաքական պրոցեսները կանգ են առել, Հայաստանն ընդունեց մի ընտրական համակարգ, որը որեւէ կապ չունի քաղաքական պրոցեսների հետ, այն լեգիտիմացվեց հասարակության եւ քաղաքական վերնախավի մեծ մասի կողմից։ Քաղաքական վերնախավն էլ ցույց տվեց, որ ինքն ասելիք չունի, հասարակությունն էլ, տեսնելով, որ մենակ է մնացել, ստիպված վաճառվեց, որովհետեւ չունեցավ այլընտրանք։ Եվ եթե չկա քաղաքական դաշտ, ապա այնտեղ պետք է մտնեն զինված խմբավորումները եւ հանդես գան այլ հռետորաբանությամբ՝ ջարդենք, փշրենք, ոչնչացնենք տարբերակով»։՛

Քաղաքագետը հիշեցնում է, որ իշխանությանը այլընտրանքային բեւեռ 1996թ․ եղել է Վազգեն Մանուկյանը, 2008թ․՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 2013թ․՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դրանից հետո ինչ-որ իմաստով նման բեւեռ է եղել եռյակ-քառյակը, որոնք պարտադրում էին, որ իշխանությունները քայլեր անեն։ Իսկ երբ նրանց սկսում են պիտակներ կպցնել, թե կեղծ ընդդիմություն են, դա նպաստում է քաղաքական դաշտի ոչնչացմանը։

«Նույն Նիկոլ Փաշինյանն, որ անընդհատ խոսում էր, թե եռյակ-քառյակն այլընտրանք չէ, կարողանու՞մ է ռեալ այլընտրանք լինել իշխանությանը։ Կամ՝ մամուլը տեսնո՞ւմ է այլընտրանք։ Այս իրավիճակի մեջ են հայտնվել այն մարդիկ, որոնք անընդհատ քննադատում էին բոլորին։ Ես կարծում եմ, որ այս ամենի պատճառն այն է, որ քաղաքական տարբեր շրջանակներ զբաղվեցին ինքնաոչնչացմամբ եւ օգնեցին, որ իշխանությունը հաստատի մենաշնորհ։ Այսօր մենք լավագույն դեպքում կարող ենք ընտրություն կատարել մենաշնորհի այս կամ այն ներկայացուցիչների միջեւ, որովհետեւ այլընտրանք չկա։ Չկան մարդիկ, որոնք կարող են լինել այլընտրանք եւ հայտ ներկայացնել հանրության առաջ։ Եվ այստեղ գլխավոր մեղավորը ոչ թե իշխանությունն է, այլ այն շրջանակները, որոնք նպաստեցին այս իրավիճակում հայտնվելուն»,- ասաց նա։

Երվանդ Բոզոյանը հիշեցնում է, թե ինչպես էր ժամանակին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարում, որ չի հավատում, թե օլիգարխը կարող է լինել ընդդիմադիր, բայց նրան Դանիայում նշանակեցին ՀՀ դեսպան։ Եվ, ըստ նրա, հասարակության կողմից այդ փաստին չտրվեց գնահատական։

«Կարո՞ղ եմ ենթադրել, որ ինքը վարձատրություն ստացավ իր հայտարարությունների համար եւ նշանակվեց դեսպան Դանիայում»,- հարցնում է քաղաքագետը։ Ըստ նրա՝ եթե քաղաքական վերնախավն այդպես է պահում իրեն, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ մարդիկ 10 հազար դրամով գնում են ընտրության։

Աղբյուրը` hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը