Լրահոս

04.10.2017 22:30


Լոռիում դանակահարված երկու եղբայրներից մեկը հետախուզվում էր անչափահաս աղջկան առևանգելու համար

Լոռիում դանակահարված երկու եղբայրներից մեկը հետախուզվում էր անչափահաս աղջկան առևանգելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի դանակահարության դեպքի առթիվ:

2017 թվականի հոկտեմբերի 03-ին՝ ժամը 02:40-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վերքերով բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 տղամարդ: Պարզվել է, որ դանակահարվածները եղբայրներ են՝ ծնված 1982 և 1989թթ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Եղբայրները ճանաչվել են տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է եղբայրների՝ ծանր մարմնական վնաս ստանալու դեպքի վայրը, տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ, և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել է նաև, որ դանակահարված եղբայրներից մեկը սեպտեմբերի 10-ից հետախուզման մեջ էր գտնվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. սեպտեմբերի 7-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առևանգվել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի՝ ծնված 1999թ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ աղջկան առևանգել էին Լոռու մարզի 4 բնակիչ. նրան նախ տեղափոխել էին Գյումրի, ապա՝ Երևան, այնուհետև՝ Էջմիածին։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի և 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի երկու բնակչի մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի, մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի և 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: 4-րդ անձի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Վերջինիս այսօր մեղադրանք է առաջադրվել՝ անչափահասի առևանգման գործով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը