Լրահոս

28.01.2010 14:31


Մանվել Եղիազարյան. «Զինվորը պետք է կուշտ լինի»

Մանվել Եղիազարյան. «Զինվորը պետք է կուշտ լինի»

-Եթե մարդը մտածելով է գնում կռվելու, իր համար հետաքրքիր չէ, թե ով ինչ է շահում, ով ինչ է կորցնում։ Եթե անձ ես, կարողացել ես հետ գալ, ուրեմն մնացածը քեզ չի հետաքրքրում։ Ես մասնագիտությամբ եղել եմ «սվարշչիկ», մինչև հիմա էլ եմ «սվարշչիկ», մինչև հիմա էլ ես իմ գործն եմ անում։ Ես քիթս ուրիշ գործերի մեջ չեմ մտցրել, ու ինձ թվում է, որ եթե ամեն մեկն այդպես վերաբերվի, ամեն ինչ շատ լավ կլինի։ Ոչ թե՝ ես եմ արել, ու կուրքը ծեծելով կանգնեն գոռան՝ ես պետք է իշխանավոր լինեմ։ Ինչի՞ համար,- «Հայելի» ակումբում ՀՀ բանակի 18-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ ասել է «Սասունցի Դավիթ» ջոկատի զինվոր Աշոտ Աբրահամյանը։

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Համլետ Հովսեփյանն էլ նշել է, որ այն մարդիկ, ովքեր գաղափարով գնացին կռվելու, այլ ոչ թե գնացել էին ինչ-որ բան շահելու, այլ կերպ չեն մտածում։

«Պատերազմից վերադառնալուց հետո վիրավորանք կա՞ր, որ դուք կռվեցիք, իսկ ուրիշներն օգտվեցին» հարցին պատասխանել է նաև «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Նա նշել է, որ երբ մարդիկ կարողանում են վստահ ասել, որ վիրավորանք չկա, սակայն չպետք է նաև մոռանալ, որ կեցությունն է ապահովում գիտակցությունը։

-Մարդկանց կեցությունն անպայման պետք է ապահովվի։ Ես չեմ ասում՝ իշխանավոր դառնա ինչ-որ մեկը, ո՛չ։ Եթե հայրենիքում 1992թ. չկար ոչինչ ուտելու, մենք ոչինչ չէինք ուտում և ոչինչ չէինք պահանջում, բայց հիմա կա, չէ՞։ Առողջ մարդն ինչքա՞ն գումար է ծախսում իր առողջության վրա։ Բա վիրավոր տղաներն ինչքա՞ն դեղի կարիք են զգում։ Այդ ամենը պետք է հաշվի, տեղը դրվի, որ մարդկանց ասվի՝ եղբա՛յր, դու իշխանավոր մի՛ դարձիր, դու կտոր հաց գոնե իրավունք ունես ուտելու։ Սոված մարդու կռիվը միայն թալանչիական կռիվ կլինի։ Զինվորը պետք է կուշտ լինի։ Կուշտ չեղավ զինվորը, նրա հաղթանակը ապահովված չի կարող լինել,- ասել է Մ. Եղիազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը