Քաղաքական

10.10.2017 14:56


Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ջոն Մալկովիչին

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ջոն Մալկովիչին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին:

Նախագահականի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին Հայաստանում՝ նա նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը, և որի ժողովուրդը դարերի ընթացքում կարողացել է ստեղծել մեծ մշակութային ժառանգություն ու ուրույն ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:

«Գիտեմ, որ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենալու ըմբոշխնելու Ձեր արվեստի, Ձեր տաղանդի առանձնահատուկ մի դրսևորում, որտեղ միահյուսվում են երաժշտությունն ու գրականությունը: Վստահ եմ, որ Ձեր մասնակցությունը Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությանը միշտ մնալու է հայ հանդիսատեսի հիշողության մեջ»,-ասել է Սերժ Սարգսյանը և հույս հայտնել, որ Հայաստան թեև կարճատև այցելությանը՝ Ջոն Մալկովիչը հնարավորություն կունենա տեղում ավելի լավ ճանաչելու Հայաստանն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և տաղանդաշատ մարդկանց մշտապես ակնածանքով վերաբերվող հյուրընկալ հայ ժողովրդին:

Նշվում է նաև, որ Ջոն Մալկովիչը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի, հյուրընկալության, ինչպես նաև այն աջակցության ու ուշադրության համար, որ նա հատկացնում է մշակույթի զարգացմանը, այդ թվում ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, որի հետ համագործակցության շրջանակներում է ժամանել Հայաստան: Հայտնի արվեստագետը նշել է, որ անհամբեր է Երևանում ներկայացնելու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Սերգեյ Սմբատյանի հետ մտահղացած համատեղ ձեռնարկը և հույս է հայտնել, որ այն սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը