Մեկնաբանություն

12.10.2017 13:30


Թռչող կովերը, թանկ կարագը և 2018-ի վարչապետը

Թռչող կովերը, թանկ կարագը և 2018-ի վարչապետը

Հայաստանում բնակվողներին հետաքրքրող թեման դարձել է թանկացումը: Թանկացել են կարագը, միսը, կաթնամթերքը: Թանկացման հերթի մեջ են առաջին անհրաժեշտության մյուս ապրանքատեսակները:

Թանկացման մասով ամեն ինչ պարզ է: Պատճառների մասին շատերը գիտեն, իսկ մնացածը՝ գլխի են ընկնում:

Թանկացնում են քչերը, տուժում են շատերը: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է օգտագործել «շահում ես դու, շահում է պետությունը» ձևակերպումը, մանավանդ որ շատ քիչ ժամանակահատված է եղել անկախ ՀՀ-ի պատմության ընթացքում, երբ քաղաքացին ու պետությունը (տվյալ դեպքում՝ պետությունը մարմնավորող իշխանությունը) միաժամանակ շահել են: Գների աճի պարագայում «կլպվում» ես դու, իսկ շահում է մարդկանց նեղ խումբը:

Հիմա շատերին հետաքրքրում է, թե ինչ է լինելու: Պարզ չէ՞, թե ինչ է լինելու: Ըստ իս՝ պարզից էլ պարզ է: Թանկացումները շարունակվելու են՝ լավագույն ավանդույթների պես:

Չարժե պարզունակ բանաձև օգտագործել ու թանկացումները կապել այս տարվա ապրիլին բաժանված ընտրակաշառքի հետ: Նման կապ, իհարկե, կարող է լինել, բայց խնդիրը շատ ավելի լուրջ է:

Երբ պետությունը վերածվում է տարածքի, քաղաքացին՝ բիոէակի, իսկ հասարակությունը՝ բնակչության, ապա կովերին բառիս բուն իմաստով նստեցնում են ինքնաթիռն ու թռցնում մերձավոր արևելյան երկրներ: Միսը, բնականաբար, այդ դեպքում թանկանում է, իսկ մենք դեմը չենք կարողանում առնել, քանզի «պարենային անվտանգություն» հասկացությունը Հայաստանում էկզոտիկ բաների շարքին է դասվում: Իսկ երբ կա «քեշ» փող, ապա պետության պարենային անվտանգությունն իր տեղը զիջում է անհատական «քյարի» նպատակահարմարությանը:

Երբ իշխանավորները բանակի քեֆ չեն անում ու սահմանին զոհվելու իրավունքը վերապահում են բացառապես մեր ժողովրդի բանվորագյուղացիական շերտին, ապա չպետք է զարմանալ, որ թանկ կարագ ու միս «նաղդելը» նույն բանվորագյուղացիական շերտի վրա դառնում է նորմալ խաղի կանոն:

Երբ իշխանության մեջ կրիմինալի, շուրաբալագանովների, օստապբենդերների տեսակարար կշիռը հատում է վտանգավոր սահմանագիծը, իսկ «ընդդիմադիր» հաճախորդների քանակը անցնում է մեր բնակչության մեկ շնչին բաժին հասնող նմանատիպ «կենդանիների» թույլատրելի չափը, ապա կարագն էլ կթանկանա, կովերն էլ ինքնաթիռով կթռչեն Իրաք, խոզի չալաղաջն էլ կդառնա դելիկատես, գառան իքիբիրը՝ նոր տարվա սեղանի զարդ, տավարի սուկին՝ բարեկեցության եփած խորհրդանիշ:

Բայց էս սաղ հեչ: Կարևորը 2018-ի վարչապետի հարցն է, որը հաջորդ տարվա ապրիլին պետք է որոշվի: Նման բարձր մատերիաների և սուբստանցիաների մասին մտածելու փոխարեն պարզապես ամոթ է «կակոյ նիբուծ» թանկացող մսի ու կարագի մասին քննարկումներ ծավալելը: Ա՛յ, կդառնա ամենալավ, ամենաճաճանչափայլ, ամենաիմաստուն, ամենա, ամենա մարդը վարչապետ, և կովերն այլևս չեն թռնի, կարագը կգտնի իր փայ մեղրին ու կհայտնվի բնակչության բերանում, իսկ Ադրբեջանին էլ կզիջվեն միայն ու բացառապես այն հողերը, որոնք անվտանգության տեսանկյունից որևէ արժեք չեն ներկայացնում Հայաստանի ու Ղարաբաղի համար (դատելով որոշ պաշտոնյաների հայտարարությունից՝ զիջվելիք տարածքների մակերեսը չի կարող գերազանցել 12 հազար քառակուսի կիլոմետրը, ինչը վկայում է հայկական կողմի կոշտ և նախաձեռնողական դիրքորոշման մասին):

Ահա այսպիսի բաներ:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը