Լրահոս

28.01.2010 21:01


Ինչ ցանեցիք այն էլ հնձեցիք

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հեռանկարի կապակցությամբ:

ՀՀ Ազգային ժողովի կոալիցիոն խմբակցությունները հայտարարություն են տարածել ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի՝ ս.թ. հունվարի 26-ին տված հարցազրույցի վերաբերյալ, որով հորդորում են ՀՀ ԱԺ նախագահին ճշտել տարածված հարցազրույցի իսկությունը, եւ բացատրություններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ՝ արդյոք նրա խոսքերը կարելի է համարել ԵԽԽՎ պաշտոնական դիրքորոշում և հարկ եղած դեպքում լրջորեն քննարկել Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը:

Հարկ ենք համարում կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչներին հիշեցնել Մևլութ Չավուշօղլուի' ԵԽԽՎ նախագահ դառնալու հնարավորությունը կանխելու ուղղությամբ այդ կառույցում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի ցուցաբերած նախաձեռնության մասին: Նշյալ նախաձեռնությյամբ սահմանվում էր, որ նման հեղինակավոր կազմակերպության նախագահությունը չի կարող ստանձնել մոնիտորինգային կամ հետմոնիտորինգային փուլում գտնվող երկրի ներկայացուցիչը: Զավեշտալի է, որ հայկական պատվիրակության կոալիցիոն ներկայացուցիչները հրաժարվել էին իրենց ստորագրությունը դնել տիկ. Փոստանջյանի նախաձեռնության ներքո: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պատճառաբանել էր, թե չի ցանկանում հարաբերություններ փչացնել  թուրք հարեւանների եւ ԵԽԽՎ ապագա հավանական նախագահի հետ:

Կոալիցիոն խմբակցությունների մոտ հայրենասիրության նման պոռթկումը ԱԺ "Ժառանգություն" խմբակցությունը գնահատում է ուշացած եւ անպատեհ: Փաստորեն, նախապես դրսեւորված տարրական անհեռատեսությունն ու անսկզբունքայնությունը կոալիցիոն խմբակցություններին այսօր բերել է այնպիսի վիճակի, երբ նրանք ստիպված են «հաթաթաներ» տալ մի կառույցի հասցեին, որին Հայաստանը միացել է սեփական կամքով եւ երկարատեւ բանակցությունների արդյունքում, որի շրջանակներում ստանձնել է բազմաթիվ պարտավորություններ եւ որից մեծապես կախված է Հայաստանի արտաքին քաղաքական անվտանգությունն ու վարկանիշը: Ցավոք, հենց նմանօրինակ անհեռատես վարքագծի եւ գործելաոճի արդյունքում է, որ Հայաստանը մինչ օրս գտնվում է ԵԽԽՎ մոնիտորինգի ներքո, ունի ցածր վարկանիշ միջազգային այդ ատյանում:   

Այս խորագրի վերջին նյութերը