Լրահոս

29.01.2010 10:21


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին և ՄԹ Եվրոպական հարցերով նախարարին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարին և ՄԹ Եվրոպական հարցերով նախարարին

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 28-ին մասնակցեց Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին , որն անցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի, Միացյալ թագավորության վարչապետ Գորդոն Բրաունի եւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հովանու ներքո եւ մասնակցությամբ: Խորհրդաժողովին ներկա էին շուրջ 70 երկրների արտգործնախարարներ եւ 10 հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Խորհրդաժողովի մասնակիցներն ընդունեցին համատեղ հայտարարություն, որով վերահաստատեցին միջազգային հանրության պատրաստակամությունը աջակցելու Աֆղանստանում կայունության, անվտանգության եւ ժողովրդավարության հաստատմանը, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը: Երախտագիտություն հայտնեցին այն երկրներին, որոնք իրենց ներդրումն են բերում Աֆղանստանի խնդիրների լուծմանը: 

Նույն օրը կայացավ Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը:

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական գործընկերության, բարձր մակարդակի պարբերական շփումների առնչությամբ եւ պատրաստակամություն հայտնեցին շարունակելու գործուն քայլերը փոխշահավետ համագործակցությունն առավել ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ:  

ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ջանքերին: Հիլարի Քլինթոնը վերահաստատեց ԱՄՆ աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին' ստորագրված արձանագրությունների շուտափույթ վավերացմանը եւ իրագործմանը:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ Սահմանադրությանը արձանագրությունների համապատասխանելիության մասին եւս մեկ ապացույց է, որ  Հայաստանը հետամուտ է իր ստանձնած պարտավորությունների կատարմանը: Նա հավելեց, որ Հայաստանը նույն մոտեցումն ակնկալում է Թուրքիայից:  

Զրուցակիցները քննարկեցին նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց ԱՄՆ-ի' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը եւ իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրեց հունվարի 25-ին Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները: 

Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: 

 

Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով պետնախարար Քրիս Բրայանի հետ հանդիպմանը քննարկվեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությունը:

 Զրուցակիցները ընդգծեցին բարձրաստիճան այցելությունների կարեւորությունը երկկողմ համագործակցության խթանման համար:

Նրանք գոհունակություն հայտնեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման առնչությամբ, մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման վերաբերյալ:

Նախարարներն արծարծեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարար Բրայանը ողջունեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը:

Այս խորագրի վերջին նյութերը