Լրահոս

27.10.2017 16:15


Խոշոր ավտովթար Արարատի մարզի՝ ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ռեստորանի դիմաց. բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արարատի մարզի՝ ԱԺ նախկին պատգամավորին պատկանող ռեստորանի դիմաց. բախվել են Volkswagen-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Opel Astra մակնիշի 35 PL 456 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 81 OM 888 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից Opel-ի վարորդը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանները։ Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր կարճ ժամանակում ժամանեցին վթարի վայր։ Դեպքի վայր են ժամանել ՃՈանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են Volkswagen-ի գազաբալոնը և տարածքը սահմանազատել։ Հարվածի հետևանքով Opel-ի գազաբալոնը ավտոմեքենայից պոկվել և մոտ 10 մետր շպրտվել է։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում ինչ-որ անձանց կողմից ճանապարհից հեռացվել են երկաթե արգելապատնեշները, ինչի համար էլ վարորդները շրջադարձ են կատարում, ինչն էլ հանգեցնում է վթարի, մինչդեռ, երբ արգելապատնեշները եղել են, շրջադարձային վթարներ տեղի չեն ունեցել։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ չի բացառվում, որ երկաթե պաշտպանիչ արգելապատնեշները հանվել են «Ադանա» ռեստորանային համալիրի տրերի կողմից, որպեսզի իրենց հաճախորդները «առանց խոչընդոտի կարողանան այցելել ռեստորան»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանն առավել շատ հայտնի «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանին։ Մի քանի հավաքված քաղաքացիներ էլ նշում էին, որ գոնե այս վթարը դաս կլինի որոշ մարդկանց և երկաթե արգելապատնեշները նորից «վազվռատ անեն», ինչն էլ կփրկի բազմաթիվ կյանքեր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը