Լրահոս

30.10.2017 17:19


Արմավիրում տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի սաներին ու աշխատակիցներին (լրացված)

Արմավիրում տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի սաներին ու աշխատակիցներին (լրացված)

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է shamshyan.com-ը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային Անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Նշված հատվածում ծառայություն են կատարում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները։

Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Սամվել Խմելյանի հետ փորձում են բանացություններ վարել, որպեսզի քաղաքացին պատանդ վերցված երեխային ազատ արձակի:

***

Tert.am-ը հայտնում է, որ «Մանուշակ» մանկապարտեզում հարձակում գործած անձը դայակներից մեկի ամուսինն է, վնասել է կնոջը և զոքանչին։

Ինչպես հայտնել է Արմավիրի բնակիչներից մեկը, ամուսինը և կինը խնդիրներ են ունեցել, բաժանվել են: Մանկապարտեզում աշխատում է նաև այդ կնոջ մայրը։

Հայտնի է նաև, որ կնոջը հաջողվել է փախչել և տղամարդը պատանդ է վերցրել երեխաներին` պահանջելով կնոջը:

***

Ոստիկաններին հաջողվել է տղամարդուն վնասազերծել և երեխային ազատել նրա ճիրաններից:

***

Ըստ ոստիկանության հանրային կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի՝ այսօր, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ:

«Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում»,- հաղորդում է Աշոտ Ահարոնյանը։


Այս խորագրի վերջին նյութերը