Աշխարհ

29.01.2010 17:36


Թուրքիայի իշխանություններին ձեռնտու է թույլ, համայնքի խնդիրներով քիչ մտահոգ պատրիարքը

Թուրքիայի իշխանություններին ձեռնտու է թույլ, համայնքի խնդիրներով քիչ մտահոգ պատրիարքը

Պոլսահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը երկար ժամանակ է, ինչ տառապում է անբուժելի հիվանդությամբ, և ծառացել է աթոռակից պատրիարք ընտրելու հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ու նշել, թե աթոռակից պատրիարքի ընտրությունը կարևոր է այն առումով, որ Ստամբուլի հայ համայնքը կրոնական է, և հովվապետի բացակայությունը համայնքում գլխատված վիճակ է ստեղծել.

-Թուրքական իշխանություններին պատրիարքարանի այդպիսի պասիվ կեցվածքը և համայնքի ոչ կազմակերպված վիճակը միայն ձեռնտու է,- նկատել է Ռ. Մելքոնյանը։

Նա նշում է, որ իրենց թեկնածությունն առաջադրելու մասին առայժմ հայտարարել են Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանը և Պոլսի աթոռը ներկայացնող Արամ Աթեշյանը։

Թուրքագետի հավաստմամբ՝ Թուրքիայի իշխանություններին ձեռնտու է թույլ, համայնքի խնդիրներով քիչ մտահոգ պատրիարքը, որն էլ ավելի կխորացնի ստամբուլահայ համայնքում ճահճացած վիճակը։

-Այդ երեք թեկնածուներից համայնքային, կրոնական խնդիրներով ավելի մտահոգ է Սեպուհ սրբազանը։ Եթե Արամ սրբազանն ասում է. «Մեզ մի՛ նույնացրեք հայաստանցիների, սփյուռքահայերի հետ. մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք»,- ապա Սեպուհ սրբազանն ասում է, թե ինքը դեմ է հայության մեջ ցանկացած բաժանարար նոր գծի։

Ռ. Մելքոնյանն ասում է, թե իր վերլուծությունն անում է նրանց հրապարակային ելույթների հիման վրա, և որպես հայ՝ իր համար ընդունելի է Սեպուհ սրբազանի տեսակետը։

-Արամ սրբազանը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Էրդողանի հետ։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը