Լրահոս

10.11.2017 16:58


Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին

Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին

32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ծննդատան բաժանմունքում մահացել էր Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ծննդկանի մահվան հանգամանքները, պատճառները։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստացի տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա կինը առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արյունահոսություն, ներքին օրգանների և անոթների սուր արյունապակասություն, որն էլ հանգեցրել է մահվան:

2017 թվականի նոյեմբերի 3-ին ստացվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում և արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ:

Քննությամբ պարզվել են 32-ամյա կնոջ ծննդաբերությունն ընդունած և դրան հաջորդող ժամանակահատվածում նրան անհրաժեշտ բժշկական օգնությունը կազմակերպելու համար պատասխանատու անձանց շրջանակը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրվել բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մասնավորապես՝ վերջինս ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատվածում` հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20:50-ից սկսած, ծննդկանի բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, պարտավոր լինելով արգանդային արյունահոսության շարունակման պայմաններում, պատռվածքի վերականգնման միաժամանակ հեշտոցային և որովայնային հասանելիությունն ապահովելու նպատակով կատարելու որովայնահատում, իսկ արյունահոսության շարունակման դեպքում՝ անցնելու նաև հետագա վիրահատական միջամտությունների, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք և չի իրականացրել անհրաժեշտ բժշկական միջոցառումները, որի պայմաններում ծննդկանի մոտ զարգացել է հեմոռագիկ շոկ՝ պատճառ դառնալով հիվանդի մահվան։

Նախաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ ծննդկանի ծննդաբերությունն ընդունած մանկաբարձ-գինեկոլոգը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Դիլիջան-Երևան ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մահացել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը