Լրահոս

16.11.2010 14:50


Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2009թ. տարեկան հաշվետվությունը

Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2009թ. տարեկան հաշվետվությունը

Նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է ՀՀ վերահսկիչ պալատի 2009թ. տարեկան հաշվետվությունը, որտեղ ընդգրկված են եղել 42 թեմա և վերահսկիչ պալատը իր նիստերում ընդունել և հաստատել է 42 հաշվետվություններ:

Ի. Զաքարյանը, մասնավորապես նշել է, որ 42 հաշվետվությունից 4-ը հույժ գաղտնի են, այդ իսկ պատճառով դրանք չեն ներկայացվի:

Այսպիսիով, ընդհանուր առմամբ արձանագրվել է 6 380 000 դրամ վերականգնվող գումար,  ևս 1 307 000 դրամը վերահսկիչ պալատի կողմից արձանագրվել է որպես անարդյունավետ ծախս: Վերահսկիչ պալատին ուղարկված նամակների հիման վրա արձանագրվել է, որ խախտումներից 2 619 335 դրամը հետ է փոխանցվել պետական և համայնքային բյուջեներ, կամ այլ հաշիվների վրա, 608 մլն դրամ վերականգնվել է լրացուցիչ կատարված աշխատանքների տեսքով, 1 727 000 դրամի մասով նյութերը գտնվում են ՀՀ դատախազությունում կամ դատարաններում, դրանց նկատմամբ հարուցված են դատական հայցեր, 133մլն դրամի մասով ձեռնարկված են համապատասխան միջոցներ:

Ի. Զաքարյանը նաև նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերահսկիչ պալատը ոչ միայն արձանագրում է խախտումները, այլև տալիս է առաջարկություններ, որոնք պարունակում են և օրենսդրական փոփոխություններ, և կառավարության որոշումների փոփոխություններ և տարբեր նախարարություններում ու գերատեսչություններում որոշակի որոշումների փոփոխություններ:

Իշխան Զաքարյանի խոսքերով վերահսկվող ժամանակահատվածում մեծ են խախտումները գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի վարձավճարների և պարտադիր վճարների մասով, որոնք մեծ մասամբ վերաբերում են համայնքային բյուջեներին: Հաջորդ խնդիրը հողային պաշարների կառավարման ոչ լիարժեք ձևն է' հողերն օտարվում են օրենքի խախտումներով, անհամամեմատ ցածր գներով, օրինակ Փարաքարի ճանապարհին և այլն: Նա առանձնացրել է նաև սոցիալական ծրագրերում տեղի ունեցող խախտումները, որտեղ նկատվել են հետևյալ խնդիրները' տեղեկանքներ են տրվում թաքցնելով կենդանիների և հողերի իրական թվաքանակն ու ծավալը, ընտանիքում միասին ապրելու փաստը, եկամուտներ ունենալու փաստը, գործազրկության նպաստ ունենալու փաստը, ավտոմեքենա ունենալու փաստը և այլն: Մեծ խնդիրներ կան նաև նախադպրոցական հաստատությունների օտարումների հետ կապված' հաճախ պետական կամ համայնքային սեփականության մանկապարտեզներն օտարվում են և օգտագործվում են որպես տոնավաճառների տարածքներ և այլն:

Շինարարության ոլորտում խախտումները հիմնականում 5 բնույթի են' ծավալային հավելագրումներ, երբ չկատարված աշխատանքների դիմաց լինում են վճարումներ, գնային արհեստական թանկացումներ, հավելյալ աշխատանքներ, նախատեսվածից ավելի վճարումներ և անհասկանալի տոկոսներ: ընդհանուր առմամաբ ստուգվել և հայտնաբերվել է 1 115 000 դրամի չափով խախտում:

Լուրջ խնդիր կա քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, կապված ինքնաթիռների գրանցման, շահագործման և թռիչքների հետ:

Կարևորագույն հարց է նաև ի հայտ եկած անարդյունավետ ծախսերը: Հաշվետու ժամանակահատվածում պետական և համայնքային մարմիններում ու կազմակերպություններում բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է 1 307 446 դրամի անարդյունավետ ծախս:

Իշխան Զաքարյանն անդրադարձել է նաև մի շարք այլ խախտումների:

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը