Լրահոս

16.11.2010 15:02


Գյուղմթերքի բարձր գնից ոչ միայն սպառողն է տուժում, այլև չի շահում գյուղացին

Գյուղմթերքի բարձր գնից ոչ միայն սպառողն է տուժում, այլև չի շահում գյուղացին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը  անդրադառնալով գյուղմթերքի գնի աճին՝ ասել է, թե ցանքատարածությունների ծավալների կրճատումն ու բնակլիմայական պայմաններն են  գյուղմթերքի գների շեշտակի բարձրացման պատճառը։

-Սա չի նշանակում, թե գյուղացին դրանից մեծ եկամուտ է ստանում։ Ուղղակի քիչ բերքի պայմաններում պահանջարկը մեծ է, իսկ առաջարկը փոքր։ Բնականաբար, դա բերում է այս վիճակին,-նշել է նա։

Ըստ Գառնիկ Պետրոսյանի՝ իրականում այն, ինչ մենք ձեռք ենք բերում շուկաներից ու խանութներից, առնվազն կրկնակի ավելի բարձր է այն գնից, որով գյուղացին այդ ապրանքը իրացնում է։

-Ցավոք սրտի, մեր գյուղացին օտարվեց՝ դուրս մղվեց շուկայից։ Այսօր շուկա մտնելը գյուղացու համար բավական բարդ խնդիր է։ Չկան  մեծածախ շուկաներ, բացի այսպես կոչված Մալաթիայից, որտեղ գյուղացին շատ  դժվարությամբ է մուտք գործում. այնտեղ հիմնականում վերավաճառողներն են։ Ժամանակին լուրջ քայլ կատարվեց՝շաբաթ և կիրակի Էրեբունի թանգարանին կից տարածքում կազմակերպվում էին տոնավաճառներ միայն գյուղացու համար, որը բավական լավ արդյունք էր տալիս, քանի որ գյուղացին նորմալ գնով վաճառում էր իր մթերքը, իսկ քաղաքացին շատ  մատչելի գներով ձեռք էր բերում։ Բայց փոխանակ մնացած համայնքներում էլ նման տոնավաճառներ կազմակերպվեին,  տարբեր պատճառաբանությամբ արգելվեցին։ Թե ում էր սա ձեռնտու, բոլորին է հայտնի,-նշել է նա։

Գառնիկ Պետրոսյանը հավաստիացրել է, որ երկրի կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի գյուղատնտեսությանն օգնելու համար, այնինչ շատ  դեպքերում ոչինչ չի անում։ Ըստ նրա՝ օրինակ Վրաստան կարտոֆիլի արտահանմանը խոչընդոտելու դեմը մենք կարող էինք առնել, բայց չարեցինք։

-Վրաստանի համապատասխան ծառայությունները բուսասանիտարական նկատառումենրով արգելեցին այդ մթերքի  արատահանումն իրենց երկիր, բայց որևէ  հիմք չկար։ Մեր պատկան մարմինները կարող էին շատ  լրջորեն միջամտել, հաղթահարել արհեստական ու շինծու հիմավորումները։ Բոլորս լավ գիտենք, որ մեր երկիր բոլոր տեսակի վնասատուների և հիվանդությունների թափանցումը բոլոր ժամանակներում տեղի է ունեցել Վարաստանի ճանապարհով, որովհետև արատաքին աշխարհի հետ մեր կապը հիմնականում վրացական ճանապարհով է եղել։ Այնպես որ, Հայաստանում չկա գյուղացիական մշակաբույսերի այնպիսի հիվանդություն կամ վնասատու, որը կարող է  կարանտին հանդիսանալ Վրաստանի համար։ Սա ուղղակի արհեստականորեն էր ստեղծված,  և մենք չկարողացանք դեմն առնել. այն դեպքում, երբ մենք ազատորեն թույլ  էինք տալիս և՛ ցիտրուսների, և՛ տարբեր տեսակների բանջարեղենի մուտքը։ Սա բերեց նրան, որ մեր  խոշոր ֆերմերային տնտեսությունները լուրջ վնասներ կրեցին։ Այսօր կարտոֆիլագործությամբ զբաղվող մեր խոշոր ֆերմերները բավականաչափ մեծ պարտքեր ունեն արտերկրի իրենց գործընկերներին՝ սերմանյութերի ձեռքբերման վճարումների հետ կապված։ Սա բերեց նրան, որ ցանքատարածությունները կրճատվեցին, իսկ մի մասն էլ ընդհանրապես սնանկացավ, ու դրա համար մենք այսօր շուկայում նման իրավիճակ ունենք,-ասել է Գառնիկ Պետրոսյանը։

Ըստ նրա՝ եթե կառավարությունը լուրջ քայլեր չանի, մենք միշտ խոսելու ենք բարձր գների մասին, բայց ոչ ոք այդպես էլ հստակ պատասխան չի տալու։ Բացի դա, Գառնիկ Պետրոսյանի խոսքերով, հարկային բավական ծանր բեռ կա գյուղացու վրա։

-Ինձ համար մինչ այսօր հասկանալի չէ ոռագման ջրի կրկնակի թանակցման պատճառը։ Կրկնակի թանկացել է, բայց որակի  ոչ մի փոփոխություն չկա։ Մաքրման աշխատանքներ չեն կատարվում,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը