Լրահոս

11.12.2017 22:06


Գավառում 34-ամյա տղամարդն ստացել է հրազենային վնասվածք. առաջադրվել է մեղադրանք

Գավառում 34-ամյա տղամարդն ստացել է հրազենային վնասվածք. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գավառում տղամարդուն հրազենային ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. առաջադրվել է մեղադրանք:

2017 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04:22-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ հրազենային վնասվածք, ձախ ազդրի ստորին երրորդականի կոտրվածք ծանր մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչը՝ ծնված 1983թ.:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1988թ.: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 34-ամյա տղամարդն իր տարածաշրջանի մի շարք բնակիչների հետ Երևան քաղաքում՝ ռեստորանային համալիրներից մեկում, մասնակցել է միջոցառման, ինչի ընթացքում առաջացել է վիճաբանություն, որն էլ այնուհետև շարունակվել է Գավառ քաղաքում: Վիճաբանության մասնակիցներից մեկը, զինվելով թմբուկավոր ատրճանակով, գնացել է Գավառ քաղաքում գտնվող գազալցակայաններից մեկի տարածք՝ 34-ամյա տղամարդու հետ Երևանում ծագած վիճաբանության հարցերը պարզելու համար, որտեղ էլ կրակել է վերջինիս ձախ ազդրին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը