Մեկնաբանություն

15.12.2017 10:30


«Ելքի» հերթական «մուտքը»

«Ելքի» հերթական «մուտքը»

Երեկ չափազանց «արևմտամետ» «Ելք» դաշինքը հերթական ծառայությունն է մատուցել իր նյութատեխնիկական և ինֆորմացիոն հովանավորին՝ Բ26-ին: Տեղի է ունեցել հերթական թատրոնը:

Դաշինքն այդ 2018-ի նախագահական «ընտրություններում» առաջադրել է Արտակ Զեյնալյանին՝ այդպիսով «մրցակցային» ֆոն ապահովելով «եվրաասոցացված» իշխանության համար:

«Ելք»-ում շատ լավ գիտեն, որ Զեյնալյանն այս 10 հազար դրամանոց մեծամասնություն ունեցող խորհրդարանում չի կարող ընտրվել ՀՀ նախագահ: Շատ լավ գիտեն, բայց մտնում են նախապես պարտված խաղի մեջ (ինչպես հայտնի է, նիկոլենք խոստացել են, որ երբեք քայլ չեն անելու, որը կտանի պարտության): Թե ինչ են ստանալու այս թատրոնի դիմաց, արդեն երկրորդական հարց է:

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ «Ելք»-ը դիմել է «Ծառուկյան» դաշինքին՝ նախագահական ընտրություններում միասնաբար հանդես գալու առաջարկով: Եվ սա այն «Ելք»-ն է, որի անդամների մեծ մասը նախկինում ՀԱԿ-ից էին ու ՀԱԿ-ից փախան (իրականում՝ սեփականաշնորհվեցին նախագահական նստավայրի կողմից) չափազանց սկզբունքային այն դիրքորոշմամբ, թե բա Ծառուկյանի հետ միասնաբար իշխանության դեմ հանդես գալը սխալ է, թե բա խոշոր բիզնեսմենի (կամ իրենց ձևակերպմամբ՝ օլիգարխի) հետ համագործակցելը մեղք է, թե բա ինչպես կարելի է այդպիսի փիս-փիս բաներ անել, թե բա մեր ազնիվ ցեղը, թե բա մեր ժողովուրդը, թե բա քոչարյանական ռեժիմը, թե բա մարտի 1-ը, թե բա ընդդիմադիր պայքարի կուսությունը, թե բա Նիկոլի մաքրամաքուր կերպարը, ֆլան, ֆստան ...

«Ելք»-ի մաս կազմող անհատների մեծ մասը Ծառուկյանի հետ համագործակցությանը դեմ էին այն փուլում, երբ իշխանության համար իրական վտանգ կար, իսկ հիմա նույն Ծառուկյանի հետ համագործակցելու առաջարկ են անում, քանզի անշառ վիճակ է:

«Ինստիտուցիոնալ ընդդիմություն» որ ասում են, հենց սա է: Գեղամյանը կարող է հանգիստ լինել. «շկոլան» իր բազում հոգեզավակներն ունի:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը