Լրահոս

16.11.2010 15:07


Մեկնարկել են Սիլիստրայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները

Նոյեմբերի 10-ին Սիլիստրայի քաղաքապետարանի օժանդակությամբ եւ հայ համայնքի նախաձեռնությամբ մեկնարկել են Բուլղարիայում գործող հայկական ամենահին' Սիլիստրայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: Նույն օրը քաղաքի պատկերասրահում տեղի է ունեցել արեւելագետ, լրագրող եւ լուսանկարիչ, հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով ֆոտոցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սիլիստրայի քաղաքապետ Ալեքսանդր Սաբանովը, համայնքային խորհրդի նախագահի տեղակալ Նելի Ստոյլովան, Բուլղարիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Հասմիկ Դաշտոյանը, բուլղարահայեր, համայնքային խորհրդի, մշակութային ու ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ:

Ելույթում Նելի Ստոյլովան շնորհակալություն հայտնեց Սիլիստրայում բնակվող թեեւ փոքրաթիվ, սակայն ազդեցիկ եւ կազմակերպված հայ համայնքին' նշելով, որ համայնքն իր ներկայությամբ եւ գործունեությամբ ավելի է ամրապնդում երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, եւ 390-ամյա «Սուրբ Աստվածածին» հոյակապ եկեղեցին այսօր դրա լավագույն ապացույցն է:

Հաջորդ օրը քաղաքապետարանում տեղի ունեցավ դեսպանության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Սիլիստրայի քաղաքապետի հետ, որի ընթացքում քննարկվեցին Սիլիստրա եւ Հրազդան քաղաքների համագործակցության ակտիվացման հեռանկարները, կարեւորվեց երկու համայնքների պաշտոնական պատվիրակությունների փոխադարձ այցելությունների կազմակերպումը' միմյանց համայնքների ներուժին ծանոթանալու եւ գործնական ծրագրեր մշակելու նպատակով: Սիլիստրայի քաղաքապետ Ալեքսանդր Սաբանովը պատրաստակամություն հայտնեց 2011թ. գարնանն այցելել Հրազդանի մարզ:

Այս խորագրի վերջին նյութերը