Տնտեսական

19.12.2017 17:36


Արձանագրվել է 22 իրավախախտում

Արձանագրվել է 22 իրավախախտում

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 22 իրավախախտում, 10-ի (որից 1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 685.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.280.150 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 125.000 ՀՀ դրամ տուգանք, հաշվարկվել 1.254.300 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 բոխի, 5 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 251.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (1 ընկուզենի, 5 հաճարենի, 6 կաղնի) հաշվարկվել է 923.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,3 խմ փայտանյութ) քննված վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 խաղողի վազ) նշանակվել է 75.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 2 դեպքով (2 ծառի կոճղ, 1 ծառ, 1 վնասված ծառ) քննված վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Արարատ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել՝ 27.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Լոռի՝ ծառահատման 1 դեպքի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի տեղազննությունների, արձանագրությունների հիման վրա կատարվել է շրջակա միջավայրին հասցված վնասի վերահաշվարկ՝ ավելացել է 52.000 ՀՀ դրամով:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել` 8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 314 հատ` 136,9 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել «Սևանի Հեքիաթ» մանկատուն, Գավառի մանկատուն և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։ Կանխարգելված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 35 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել Վանաձորի մանկատուն), ապօրինի որսի 1 դեպքով (1 նապաստակ) նշանակվել է 80․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել՝ 8.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ առանց անթափանց ծածկոցի ավազի և կոպիճի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ:

Արարատ՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 30․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Արմավիր՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Ստուգումների արդյունքում

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 17.850 ՀՀ դրամ և նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում.

Սյունիք՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 940.370 ՀՀ դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը