Կարծիք

12.01.2018 11:30


Այն, ինչ բարձրաձայնում է ԵԼՔ-ը, դատապարտված է ձախողման․ էժան հնարքներ

Այն, ինչ բարձրաձայնում է ԵԼՔ-ը, դատապարտված է ձախողման․ էժան հնարքներ

Ես չգիտեմ՝ ԵԼՔ-ն ինչ է ուզում անի, կարելի է միայն ենթադրել, բայց այն, ինչ բարձրաձայնվում է, դատապարտված է ձախողման։ Ըստեղ խնդիրը ոչ ԵԼՔ-ն է, ոչ էլ թանկացումներին մարդկանց վերաբերմունքը։ Խնդիրը կոնյուկտուրային ընդդիմություն երևույթն է ու մարդկանց վերաբերմունքը դրան։

Եթե ավելի մանրանանք, ապա խնդիրը բոլոր էն խմբերն են, որոնք իրենց քաղաքական են կոչում, մասնակցում են կամ մասնակցելու նպատակ են հետապնդում որոշակի գործընթացների, որոնք, ըստ էության, պետք է քաղաքական լինեին, բայց միայն ֆորմալ առումով են քաղաքական, իրականում քաղաքականության հետ որևէ կապ չունեն։

Դիցուկ, (չ)ընտրությունները․ ես դժվար եմ պատկերացնում մի ողջամիտ մարդու, ով կպնդի, թե անցկացվող քվեարկությունների արդյունքները արտահայտում են քվեարկողների կամքը, ինչը դրսևորվել է նրանց ազատ ընտրության արդյունքում։ Էս վիճակը շարունակվում է արդեն երկու տասնամյակից ավելի։ Տարիների ընթացքում այն իսպառ վերացրել է «քաղաքական» պրոցեսների նկատմամբ մարդկանց վստահությունը՝ տարածվելով նաև դրանց մասնակիցների, «կրողների» վրա։ «Քաղաքական» կոչվող շերտը վստահության էս ճգնաժամին ոչ ադեկվատ ռեակցիա է ցուցաբերել (չմանրամասնեմ), ինչով բացարձակ կտրվել է ժողովրդից։ Սրա ամենաայլանդակ դրսևորումները տեսնելու համար կարելի է ընդամենը նայել Սերժ Սարգսյանի կամ, օրինակ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավորներ Նապոլեոն Ազիզյանի, Խոսրով Հարությունյանի, Հակոբ Հակոբյանի, Էդմոն Մարուքյանի համարյա թե ցանկացած հարցազրույց։

Երկար տարիներ «քաղաքական դաշտի» բոլոր խաղացողների կողմից ՀՀ քաղաքացիները դիտարկվել են ոչ թե որպես որոշակի բացառիկ իրավունքներով օժտված սուբյեկտի, այլ միմյանց միջև «առևտրի» կամ կոնֆլիկտների մեջ օգտագործվող օբյեկտի, մանրադրամի։ Սրանց, եթե ավելի խիստ դատելու լինենք, աղետաբեր գործունեությունը ԵԼՔ-ից շատ ավելի առաջ է սկսվել, բայց դեռ նույն կերպ էլ շարունակվում է։

ԵԼՔ-ի բախտը չի բերել էնքանով, որ հայտնվել է էն պահին, երբ վստահությունը հասնում է զրոյի ու ձգտում է մինուս անվերջության։ Մի 10 տարի առաջ, երբ հատուկենտ մարդիկ էին հասկանում նման պրոցեսների աղետաբերությունը, նրանց ինչ ասես կհաջողվեր։ Հիմա՝ չէ։

Էս պրոցեսները բերել են սոցիումի տոտալ քայքայման, անզորության որոշակի զգացողության։ Դրանք, դրանց էլ գումարած նաև էժան հնարքները, թե «տեսնենք՝ քանի մարդ ինքնասիրություն ունի, որ գա երթին» կամ «տեսնենք՝ ում է թանկացումները մտահոգում», հիմա արդեն, եթե նայում ես քննարկվող խնդիրների ու կոնֆլիկտների էության տեսանկյունից, ոնց դիպուկ արտահայտվեց ընկերներիցս մեկը, մեզ՝ որպես ժողովուրդ, վերածել է քաղաքակրթական թափոնի։

Ինչ հետաքրքիր է, չէ՞, որ «քաղաքական» կոչվող պրոցեսի տրամաբանությունը հանգեցվել է նրան, թե մարդ երթի կգնա՞, թե՞ չէ։ Մեր «քաղաքական» բանավեճը էսօր սրա մասին է։ Բայց էդ քաղաքակրթական թափոնը, որն, ի դեպ, քաղաքական ազգ դառնալու մեծ պոտենցիալ ունի, սկսել է կեղծիքը, իրեն անպետք բաները տարբերակել։ Սա, հուսամ, առաջին, բայց մեծ քայլը կլինի զարթոնքի ճանապարհին։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը