Լրահոս

24.01.2018 20:47


Ինքնասպան լինելուց առաջ կենցաղային իրերը նվիրաբերել է մանկատան երեխաներին

Ինքնասպան լինելուց առաջ կենցաղային իրերը նվիրաբերել է մանկատան երեխաներին

Նախորդ տարի ամռանը «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում երիտասարդ տղամարդու դի էր հայտնաբերվել:

1985 թ. ծնված Սամվել Գեղամյանի դին հայտնաբերվել էր պարանոցին փաթաթված կպչուն ժապավենով:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ սպանության հատկանիշներով և կատարվում էր քննություն՝ Գեղամյանի մահվան հանգամանքները պարզելու և ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Սակայն ինչպես պարզվում է ամիսներ տևած գործի քննությամբ՝ տեղի ունեցածը սպանություն չի եղել այլ՝ ինքնասպանություն:

Գործի վերաբերյալ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ և քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Ուստի նման պայմաններում սպանության գործը կարճվել է:

Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ քննության ընթացքում տվյալներ են ձեռքբերվել, որ տղամարդը, ով բնակվել է միայնակ և վարձակալական հիմունքներով, դեպքին նախորդ ժամանակահատվածում իր կենցաղային իրերը՝ այդ թվում համակարգիչը, լվացքի մեքենան, էլեկտրական վառարանը և այլ իրեր նվիրաբերել է մանկատան երեխաներին:

Բացի այդ՝ հանձնել է տունը, որտեղ բնակվել է վարձակալական հիմունքներով և հրաժեշտ տվել իր ծանոթներին:

Իսկ դեպքի օրը, ըստ դատաքիմիական փորձաքննության եզրակացության, նա գտնվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործած վիճակում:

«Փաստինֆո»-ն կարողացավ նաև այլ տեղեկություններ պարզել տղամարդու վերաբերյալ: Նա միայնակ բնակվել է Լենինգրադյան փողոցում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում, հարևանները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նա ինքնամփոփ անձնավորություն է եղել, չի սիրել շատ շփվել հարևանների հետ։ Նախկինում նշված բնակարանում ապրել է կնոջ և որդու հետ, իսկ վերջին մի քանի տարին միայնակ է ապրել, որովհետև ամուսնալուծվել էր:

Հարևանների խոսքով, նա տանտիրուհուն բնակարանը հանձնել է 2017թ. հուլիսի 31-ին, այդ օրվանից հետո շենքում նրան չեն տեսել և որևէ տեղեկություն չեն ունեցել: Նույն օրը նաև մի քանի հարևանի է հրաժեշտ տվել, անգամ հուզվել է:

Նախքան դիակը գտնելը՝ եղբայրն օգոստոսի 2-ին ահազանգել էր նրա անհետ կորելու վերաբերյալ, երբ անծանոթ մեկը գտել էր նրա համակարգչի պայուսակը, որի մեջ եղել էր նրա անձնագիրը եւ այլ անձնական իրեր ու կապ հաստատել դրանցում առկա հեռախոսահամարով։ Համակարգիչը եւս նա նվիրել էր մանկատանը։ Ընդ որում՝ եթե տեխնիկայի տեղափոխությունը խնդրել էր, որ մանակատունը կազմակերպի, ապա համակարգիչն անձամբ էր տարել եւ խնդրել այն փոխանցել մի այնպիսի երեխայի, ով դրա կարիքը ունի, քանի որ այդ համակարգիչն իրեն օգնել է կայանալ: Տուժողը եղել է ծրագրավորող եւ կարելի է ասել, որ համակարգիչն է եղել նրա աշխատանքային գործիքը, ապրուստի միջոցը, որից, փաստորեն հրաժարվել էր։

Պայուսակը գտնելուց հետո՝ եղբայրը փորձել էր գտնել նրան ու պարզել, որ նա նաեւ հանձնել է վարձակալած բնակարանը եւ զանգել ոստիկանություն, իսկ օրեր անց նա հայտնաբերվել է մահացած արդեն Դիլիջանում:

Այս խորագրի վերջին նյութերը