Կարծիք

06.02.2010 09:49


Թշվառների ամլությունը. խառը զգացումներ տրոյական ձիու լցոնման առթիվ

Թշվառների ամլությունը.  խառը զգացումներ տրոյական ձիու լցոնման առթիվ

ՀՌԱՀ ներկայացրած Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագծի լույս աշխարհ գալու կապակցությամբ

Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը տպավորություն է թողնում, թե հեռուստաընկերություններին հալածելու եւ նրանց դեմ այլ հալածիչների հարձակումներին զորակցելու իր լծակները սահմանափակ են կամ անբավարար: Իրականում, բացառությամբ մեկ դեպքի, իր գոյության ութ տարիների ընթացքում այս մարմինն ինչպես կամեցել' այնպես էլ բովանդակեցրել է հեռարձակողներին: Բաղրամյան 26-ից եկած հրահանգներով' իր մոտ, իսկ հասարակական, քաղաքական սրացումների նախօրեներին կամ ընթացքում հենց Բաղրամյան 26-ում անցկացված' հեռարձակողների տերերի կամ կառավարիչների ուղեղների լվացման եւ արդուկման արդյունքները տպավորիչ են անգամ առանց այս նախագծի: ՀՌԱՀ-ը, ունենալով հեռարձակման եւ գովազդային գործող օրենսդրությունը խախտող հեռուստաընկերություններին 8 տարում 8000 անգամ օրենքի ուժով կարգի հրավիրելու հնարավորություն ու պարտավորություն, հատուկենտ դեպքերում է օգտագործել իր լծակները, այսպիսով, զանգվածային անգործությամբ խտրական վերաբերմունք է դրսեւորել հեռուստաընկերությունների նկատմամբ, մեկին տուգանելով' մյուսներին հասկացնելով իր ըղձանքը, 2002-ի ապրիլի երկուսի երկու օրինակները անխոս ցուցանելով, հատուկ ունակություններով կարեցել է միավորել հեռարձակողներին մի այլանդակ գաղափարի շուրջ, թե' իշխանությունները միշտ ճիշտ են, իսկ այս երկրի կայունության պահպանման գործում հեռարձակողները սահմաններից բերվող բանակի, վարժեցված հաստագլուխների եւ Չերյոմուխա միլիցոնց հետ նույն խրամատներում են' կողք-կողքի: Այդպիսով ՀՌԱՀ-ը, կարգավորիչ մարմին չդառած, վերածվել է բովանդակության վերահսկող մարմնի, սկսեց այնպես' ինչպես հանձնարարված էր, եւ այդպես էլ քշում է մինչ օրս:

 

ՀՌԱՀ-ը տպավորություն է թողնում, թե ինքը պարապ է: Փոխանակ հեռարձակողներին իր իսկ տված լիցենզիաների պայմանները վերահսկի, կամ վերահսկելու համար անհրաժեշտ միջոցներ հայթայթի եւ աշխատի օրը 24 ժամ, կամ էլ շուշուտ թվայնացնի սրանց պրծնի ու մրցույթներ անի ազնիվ-զուլալ, ՀՌԱՀ-ը ստեղծագործում է այնպիսի եզրույթների սահմանման ուղղությամբ, ինչպիսիք են «տղամարդու եւ (կամ) կնոջ պատկերում հեռավոր պլանով՝ սեռական օրգանների ցուցադրում», «ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնեցված նկարագրություն», «բնական աղետների չափազանցված պատկերում», «չարդարացված պատկերում», «պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը», «հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ», և այլն, համարեք' ամբողջ նախագիծը: Ընդգծումը իմն է: Անսահման մեծ է այդ եւ այլ ածականներն ու չածականները մինչեւ գրաբար ու մինչեւ արմատական բառարան վերլուծելու գայթակղությունն այնպես, որ մինչեւ Ամալյանի հանձնաժողովի բնականոն կործանումը որեւէ լուսապսակ ճակատ կամ հրեշտակափառ առաքյալ չհանդգնի ծաղրել մարդկային բանականությունն ու բնածին ազատություններն այլեւս, իսկ խեղճուկրակ հեռուստաարդյունաբերողներին' մասնավորապես: Բայց հիմա չեմ գրում եւ ասեմ' ինչու:

Անցած 14 տարիների ընթացքում հասարակական գործիչները, փորձագետները, իրավաբաններն ու մասնագիտական հասարակական կազմակերպությունները անթիվ անգամ քննադատել են մշակվող, ապա գործող հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրությունը, բազմաթիվ առաջարկներ արել ոլորտը հանրության շահերի համատեքստում կարգավորելու, խոսքի եւ արտահայտման իսկական ազատություն ունենալու նախանձախնդրությամբ: Բազմաթիվ անգամներ քննադատվել են առկա օրենսդրության հետադիմական նպատակները ու, հատկապես, ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 24-րդ հոդվածի թակարդները, դարաններն ու ծուղակները: Հազարավոր ելույթներում, վերլուծականներում եւ հայտարարություններում քննադատվել են այն դիտավորությունները, որոնք օրենքի ուժ դառնալով պիտի ասպատակեին հայրենական, այդպես էլ չկայացող հեռուստառադիոարդյունաբերությունը, եւ ասպատակեցին. ոտքի չելած, վզակոթին տալով բերանքսի արեցին ու չորեքթաթ թողեցին, թռան-կանգնեցին թիկունքներին, սողալ ստիպեցին առաջատար եւ կոյատար հեռուստաընկերություններին, ու որպես մխիթարություն, անհուն ցինիզմով նրանց անվանարկեցին ,պատասխանատուե: Այլ եւ քաղաքական հետեւողական նահանջի արդյունքում, ստացվել է այնպես, որ եթե հայաստանյան հեռուստաընկերությունները պատասխանատու են, ուրեմն Ամալյանի հանձնաժողովն էլ հենց Ահեղ դատաստանն է, որ կա: Իրենց ահեղ դատաստանը: Պտուղներից մեկն էլ արդեն 8 տարի ձգվող գառնուկների համրությունն է (մեկ բացառության պատմությունը հայտնի է, չկրկնեմ), ու թե առաջներում հեռուստաընկերությունների տերերը մի քանի բառ կարողանում էին հրապարակավ դժգոհել օրենքներից եւ ավելի վաղ' նախագծերից, հիմա արդեն վաղուց լռում են սերիալաբար, որովհետեւ «Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ, եւ ԶԼՄ-ների գործունեության համար ստեղծված են անհրաժեշտ պայմանները». այս հայտարարությունը լավ հիշում ենք դեռ, մեջբերված է «Ա1+» ու «Նոյան Տապան» հեռուստաընկերությունների հեռարձակման իրավունքը հանցագործությամբ խլելու դեմ ելած հանրային բողոքին ի պատասխան մի հանգուցյալի թրի տակ հավաքված հազիվ 17 ԶԼՄ տերերի ղազագրից: 

Ելնելով վերը շարադրվածից, եւ մեր պատերազմների դառը փորձից, դիմում եմ այսպես կոչված «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագծի» բովանդակությունը հանգամանորեն վերլուծել կամեցող, քննադատելու բուռն ցանկություն ունեցող լրագրողներին, մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, փորձագետներին, իրավաբաններին, հասարակական եւ/կամ քաղաքական գործիչներին. - Խնդրում եւ հորդորում եմ, ձեռնպահ մնալ այդ անելուց, քանի դեռ իրենք' հեռարձակողները, ծպտուն չեն հանել, քանի դեռ նրանք, ում առաջին հերթին են լրամշակելու' այս նախագիծը կարգ դարձնելով, չեն խոսել, քննադատել կամ դժգոհել նախագծի պարունակած այն անթիվ հիմարություններից եւ անհեթեթություններից, որոնց ,հանցակազմերիե մեկնաբանությունները հայոց արդի դատարանում ինչ ասես կարող է լինել, բառացիորեն' կմեկնաբանեն ինչ կամենան: Հարկավոր է' դիմանալ մի քիչ եւ լռել, գրել եւ չհրապարակել նախագծի որևէ բովանդակային քննադատական խոսք, քանի դեռ հենց «կարգավորման առարկաները» դիրքորոշում չեն հայտնել, թե չէ նրանց մի մասը նեղն ընկած ժամանակ ծլվլում է, թե' ,մի խառնվեք, մենք մեր հարցերն ինքներս կլուծենքե, կարծելով, թե սա միայն իրենց հարցն է, իսկ մյուս մասը վաղուց է հանձնվել եւ հաճույք է ստանում արդեն քանի-քանի տարի, իբր համաձայն է, կամ' այդպես է ձեւանում: Եկեք այս անգամ թողնենք, որ իրենք առաջինը խոսք ասեն, թե միջներն ասող կգտնվի, մենք ասել ենք եւ ասող ենք, մեր ասելիքին կասկածողներ չկան, բայց մենք կասկածող ենք, մեզ այդ հովիվների վարքը կասկածել սովորեցրել է: Վերջապես, նորից չստացվի, որ հեռարձակողներն ու նրանց վերահսկող-կարգավորողները քույր ու համերաշխ են, իսկ էն մնացածս կռիվ ենք գցում սրանց արանքում: Ծայրահեղ դեպքում, կարելի է նաեւ տպագիր մամուլի եւ ինտերնետի էջերում հեռարձակողների տերերին ու խմբագիրներին խոսք ասելու հնարավորություն տալ, եթե վախենում են իրենց եթերում խոսել... Իսկ հանրության շահերի վնասվելու մասին մտահոգվելու կարիք, թեպետ կա, բայց ոչ այնքան. մարդիկ վաղուց մշակել են իրենց շուրջն ու հեռվում տեղի ունեցածի մասին ճշմարիտ տեղեկություններ ստանալու հնարքները, եւ գիտեն, որ տուփից հեռատեսիլի խորհրդանիշ է մնացել հնարավորության եւ այդով' կեղծավորության ուժաչափ: Տեղն է հեռուստաընկերություններին, քիչ է անգամ, Նյուտոնի երրորդ օրենքի իրենց հասկացածի չափ տեղն է' իրենց այս տրոյական ձին Ամալյանի գրասենյակից:

Հասկանալի է, որ բողոքի անդորրի այս հորդորն ընդունող վերլուծաբանների եւ մասնագետների համաձայնության դեպքում բարքերի ոստիկանը իր պատրաստի հինգերորդներն ունի շարասյուններում, ու կգտնի համապատասխան քննադատների, որոնք ,պատասխանատու եւ կառուցողականե քննադատության կենթարկեն հիշյալ նախագիծը, դրա բովանդակության եւ սահմանումների մեջ շտկումներ կառաջարկեն, կգտնեն ,տեխնիկական սխալների հետեւանքովե ստացված վրիպումները, նախագծի փոփոխման եւ ,բարելավմանե առաջարկներ կներկայացնեն Ամալյանին, ու արդյունքում կստացվի ,առաջարկություններն ու քննադատությունները հաշվի առնելով փոփոխվածե «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն ...տրա-լյա-լյա-լյա .... դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների ժողովածու», ինչի բովանդակությունը հեռուստաարդյունաբերությունից անգամ չնչին գիտելիքներ ունեցողներին կստիպի ձեռ քաշել հեռուստահեռարձակմամբ զբաղվելու գաղափարից, եթե, իհարկե իրենք դեմ լինեն, որ իրենց հեռուստաընկերության գլխավոր խմբագրի եւ ծրագրերի ղեկավարի պարտականությունները ծածուկ մեկն անի Սարյան 22-ի հյուսիս-արեւմտյան ծմակուտ լանջից:

Գուցե իսկապե՞ս պարապ են այստեղ, եւ պատճառն ամենեւին դիտավորությունը չէ՞: Մյուս հնարավոր պատճառը' հիմարությունը, պարզապես վայել չէ ռեժիմին, անգամ այս անտաշ, թերքուն ու կոմսոմոլ ռեժիմին:

     Լևոն Բարսեղյան

Այս խորագրի վերջին նյութերը