Աշխարհ

06.02.2018 20:49


Աբդուլ Համիդի ծոռը Էրդողանին համեմատել է սուլթանի հետ

Աբդուլ Համիդի ծոռը Էրդողանին համեմատել է սուլթանի հետ

Հայերի և քրիստոնյա այլ ազգերի արյունալի կոտորածները իրականացնելու համար «Կարմիր սուլթան» մականունով հայտնի Օսմանյան կայսրության սուլթաններից Աբդուլ Համիդ 2-րդի ծոռ Օրհան Օսմանօղլուն զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջև:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Բուրսայում հիմնված Աբդուլ Համիդի անվան մշակույթի և կրթության կենտրոնում ելույթ ունեցած Օսմանօղլուն երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ «15 տարում Թուրքերի պատմությունն ու ազգային գաղափարախոսությունը իրենց վերադարձնելու համար»:

«11 տարեկանում եկա Թուրքիա: 13 տարեկանում ցանկացա այցելել պապիկիս դամբարան: Երբ դամբարան հասնելուն պես «պապիկ» բացականչեցի, այնտեղ ինձ սաստեցին. «Սու՛ս, ի՞նչ ես անում: Աբդուլ Համիդին հիշում ենք, որպես «Կարմիր սուլթան»: Որտեղից ո՞ւր ենք հասել: Այսօր Աբդուլ Համիդի անվան կենտրոններ ենք հիմնում, նրա անունով դպրոցներ ենք բացում»,- ասել է Օսմանօղլուն:

Կարմիր սուլթանի ծոռը զուգահեռներ է անցկացրել իր պապի ու Էրդողանի ճակատագրերի միջև: Ըստ Օսմանօղլուի՝ իր պապը շատ թշնամիներ է ունեցել, ժամանակի պետական ու կրոնական գործիչները չեն հասկացել նրան, ինչի պատճառով էլ մենակ է մնացել ու գահընկեց արվել:

«Մարտի 31-ի դեպքը և նրան գահընկեց անելու ժամանակները նման են մեր ժամանակներին: Նույնն են պարոն Էրդողանի գլխին եկածները: Պետք է շատ ուշադիր լինենք ու նայենք, թե ովքեր էին այն ժամանակվա (սուլթանի-խմբ.) թշնամիները: Թշնամի երկրներ ուներ, ընտանիքի անդամներից թշնամիներ ուներ: Այսօր Էրդողանը նույն պայքարն է մղում: Պետք է ուշադիր լինենք ու դասեր քաղենք անցյալից»,- ասել է արյունարբու սուլթանի ծոռը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը