Տնտեսական

09.02.2018 19:12


Բազմաթիվ հայաստանցիներ շարունակում են «Հայրենակիցներ» ծրագրով մեկնել ՌԴ. «ապրելու հնար չկա»

Բազմաթիվ հայաստանցիներ շարունակում են «Հայրենակիցներ» ծրագրով մեկնել ՌԴ. «ապրելու հնար չկա»

Արդեն ավելի քան 10 տարի է՝ Երևանի Մանուշյան-72 հասցեում գտնվող ՌԴ միգրացիոն ծառայության գրասենյակի մոտ ամեն օր վաղ առավոտից մարդիկ են հավաքվում: Ավելի լավ կյանք փնտրելու ակնկալիքով նրանք «Հայրենակիցներ» ծրագրի միջոցով փորձում են հեռանալ Հայաստանից` չվախենալով անգամ Ռուսաստանի ամենահեռավոր ու ցուրտ շրջաններում ապրելու և աշխատելու հեռանկարից:

Այսօր սովորականի պես մարդկանց մեծ խումբ էր հավաքվել նշված հասցեում: Ոմանք պարզապես հետաքրքվելու համար էին եկել, ոմանք էլ՝ արդեն վերջնական պատասխան ստանալու: Քչերը համաձայնեցին տեսախցիկի առջև խոսել իրենց խնդիրների մասին, բայց գրեթե բոլորը պնդում էին՝ լավ կյանքից չէ, որ դիմում են այդ ծրագրին: «Էստեղից հաստատ ավելի լավ կլինի», «ինձ ստեղ չորրորդ սորտի մարդ եմ զգում», «ապրելու հնարավորություն չկա», ասում էին ծրագրի հավակնորդները:

Ռուսաստանի միգրացիոն ծառայության՝ 2007-ից ի վեր գործող «Հայրենակիցներ» ծրագիրն օգնում է ԱՊՀ երկրների քաղաքացիներին՝ ընտանիքներով Ռուսաստան տեղափոխվելու հարցում: Վճարվում է ճանապարհածախսը, առաջարկվում է աշխատանք, իրավաբանական և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն, նախնական գումար, կացարան, ցանկության դեպքում՝ նաև ՌԴ քաղաքացիություն:

Դիմողների թիվն այնքան մեծ է, որ մինչև տարեվերջ գրասենյակն այլևս նոր հայտեր չի ընդունում, «Ազատության» հետ զրույցում ասում էին հուսահատ քաղաքացիները․ «2018-ի դեկտեմբերից նոր պիտի ընդունեն», «ջահել են, ոչ մի գործ չկա, որ աշխատում են՝ կոպեկ կոպեկ, չի հերիքում»: Երիտասարդ մի կին շատ տխուր էր, երբ դուրս եկավ գրասենյակից: Հրաժարվեց ներկայնալ ու խոսել տեսախցիկի առջև, միայն ասաց՝ մերժել են, երկրաբան-մանկավարժի կարիք չունեն: Մերժում ստացած մի քանի երիատասարդ էլ ասացին՝ «պահանջները շատ բարձր են․ բարձրագույն կրթությունից բացի նաև աշխատանքային փորձ են ուզում»:

Ռուսական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ վերջին 10 տարիների ընթացքում «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակում ԱՊՀ անդամ երկրներից գրեթե 600 հազար մարդ է մեկնել և բնակություն հաստատել Ռուսաստանում: Հայաստանից մեկնողների թիվն այդ ցուցանիշի 7,2 տոկոսն է կազմում: 4 տարի առաջ՝ 2014 թվականին Ռուսաստանի միգրացիոն ծառայության պաշտոնական տվյալներով «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակում Հայաստանից Ռուսաստան էր տեղափոխվել ծրագրին դիմածների ընդհանուր թվի 6,4 տոկոսը (6 հազար 784 մարդ):

Մանրամասները՝ «Ազատություն»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը