Լրահոս

12.02.2018 19:22


Ի՞նչ է պետք իմանալ, եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն (ֆոտոշարք)

Ի՞նչ է պետք իմանալ, եթե պլանավորում եք քթի պլաստիկ վիրահատություն (ֆոտոշարք)

Գեղեցիկ արտաքինի մասին պատկերացումները շատ տարբեր են: Յուրաքանչյուր ոք տարբեր կերպ է փորձում ընդգծել իր անհատականությունը: Այս առումով պլաստիկ վիրահատությունը բավականին մեծ հնարավորություններ է ընձեռում: Տարբեր մասնագետներ տարբեր մոտեցումներ են առաջարկում, հատկապես՝ մեր օրերում, երբ պլաստիկ վիրաբուժության շնորհիվ կարող եք ունենալ այնպիսի արտաքին տեսք, ինչպիսին նախընտրում եք: Եվ այսպես, պլաստիկ վիրահատության առավելությունների, դրա ընձեռած հնարավորությունների, քթի պլաստիկ վիրահատության (ռինոպլաստիկա), օտոպլաստիկայի (լոշտակության շտկման վիրահատություն), դրանց հետ կապված մտավախությունների, հնարավոր բարդությունների մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, «Արթմեդ» բժշկա-վերականգնողական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Կարեն Մանվելյանի հետ:

-Պարոն Մանվելյան, ի՞նչ է գեղեցիկը Ձեզ համար, որո՞նք են գեղեցկության և կատարելության մասին Ձեր պատկերացումները: Արդյոք պլաստիկ վիրաբուժությունը կարո?ղ է օգնել կատարյալ արտաքին տեսք ունենալ:

-Իրականում պլաստիկ վիրաբուժությունը ևս մեկ քայլ է՝ դեպի կատարելություն տանող անվերջ ճանապարհին: Գեղեցկության մասին իմ պատկերացումներն, իհարկե, սուբյեկտիվ են: Սակայն մի բան վստահ կարող եմ ասել՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Արտաքինի հարցում կատարյալի ձգտելը ևս հարաբերական է: Չեմ կարող նշել հստակ չափանիշներ, որոնց առկայության դեպքում մարդուն կհամարեմ միանշանակ գեղեցիկ: Եթե խոսքը գնում է գեղեցիկ դեմքի մասին, ապա կարող եմ ասել, որ գեղեցիկ դեմք է համարվում այն դեմքը, որի բոլոր բաղկացուցիչ մասերը հավասարապես գտնվում են ներդաշնակութան մեջ: Կան բժշկական չափորոշիչներ` արտահայտված հատուկ աղյուսակներով, ըստ որոնց որոշվում է, թե որն է համարվում իդեալական դեմք, բայց կրկնվեմ, դա շատ սուբյեկտիվ է: Ավելի հեշտ է ասել` չկա իդեալական դեմք, յուրաքանչուր դեմք որոշակի փոփոխությունների շնորհիվ կարող է ստանալ իր լավագույնը տարբերակը: Իսկ եթե պացիենտը ցանկանում է պլաստիկ վիրահատության միջոցով նմանվել ինչ-որ մեկին, մենք հաշվի ենք առնում պացիենտի ցանկությունը, սակայն փորձում ենք օբյեկտիվ բացատրել իրավիճակը՝ խորհուրդ տալով վիրահատության միջոցով ոչ թե փորձել նմանվել որևէ մեկին, այլ շտկել մարմնի անհամաչափությունները՝ ընդգծելով իր սեփական գեղեցկությունը:

-Հայտնի է, որ Հայաստանում տարածված է քթի պլաստիկ վիրաբուժությունը կամ ռինոպլաստիկան. արդյոք այն շարունակո՞ւմ է մնալ կանանց «մենաշնորհ», թե՞ տղամարդիկ ևս սկսել են դիմել քթի պլաստիկ վիրահատության:

-Ցանկանում եմ նշել, որ այժմ մի հետաքրքիր միտում է նկատվում՝ քթի էսթետիկ վիրահատության արդեն դիմում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Ամեն դեպքում հաճելի է արձանագրելը, որ հայ տղամարդիկ ևս սկսել են մտածել իրենց արտաքին տեսքի մասին:

-Իսկ ի՞նչ մեթոդներով է կատարվում ռինոպլաստիկան: Որպես վիրաբույժ՝ դուք ո՞ր մեթոդն եք նախընտրում և ինչու՞:

-Ռինոպլաստիկայի իրականացման երկու հիմնական եղանակ կա՝ բաց և փակ: Բաց եղանակով վիրահատության դեպքում կտրվածքն արվում է քթի ստորին հատվածում (կոլումելա) ՝ տեսանելի և հասանելի դարձնելով քթի ամբողջ անատոմիական բաղադրիչները: Այս եղանակը թույլ է տալիս կատարել ցանկացած բարդության վիրահատություն: Ցանկալի է, որ նման վիրահատություն կատարող վիրաբույժը նաև միկրովիրաբուժական հմտություններ ունենա:

Փակ եղանակով վիրահատության դեպքում կտրվածքն արվում է քթանցքների ներսի կողմից: Փոքրածավալ կորեկցիաների, առաջնային ռինոպլաստիկայի դեպքում և փոքր խնդիրների շտկման համար այս միջոցն ավելի նախընտրելի է: Երկու մեթոդներն էլ, իհարկե, ունեն իրենց առավելությունները և ցուցումները, ինքս երկուսն էլ կիրառում եմ՝ կախված փոփոխությունների չափից և տեսակից: Որպես վիրաբույժ՝ ես չեմ կարող նախընտրել այս կամ այն մեթոդը, դա կախված է վիրահատության բարդությունից և մի շարք այլ հանգամանքներից:

-Հայտնի է, որ շատերը խուսափում են ընդհանուր անզգայացումից կամ ընդհանուր անզգայացումը ոմանց պարզապես հակացուցված է՝ առողջական ինչ-ինչ խնդիրների պատճառով: Այս դեպքում հնարավո՞ր է տեղային անզգայացմամբ ռինոպլաստիկա կատարել:

-Տեղային անզգայացմամբ ռինոպլաստիկայի հնարավոր է իրականացնել, եթե վիրահատությունը շատ ծավալուն չէ, համեմատաբար կարճատև է, իսկ պացիենտը հոգեբանորեն պատրաստ է և ադեկվատ գնահատում է իր քայլերը: Տեղային ցավազրկմամբ չի նշանակում ցավոտ: Ճիշտ ցավազրկումը կարող է լիովին ապահովել անցավ ընթացք: Կարելի է իրականացնել ինչպես փակ եղանակով, այնպես էլ բաց եղանակով: Իսկ եթե վիրահատությունը վերականգնողական է, կրկնակի է կամ աճառների տրանսպլանտացիայի կարիք կա և կատարվելու է բաց եղանակով, միանշանակ ճիշտ է ընդհանուր անզգայացումը:

-Իսկ, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի լավ վիրահատված քիթը:

-Նախևառաջ, այն պետք է համապատասխանի արտաքինին: Հաճախ պացիենտները ցանկանում են փոքր քիթ ունենալ՝ առանց հաշվի առնելու, թե դա որքանո՞վ համահունչ կլինի իրենց դեմքի մյուս հատվածներին: Չգիտեմ ինչու շատերը կարծում են, որ միայն փոքր քթերն են գեղեցիկ, այնինչ այդ հարցում պլաստիկ վիրաբույժները միանգամայն այլ կարծիքի են: Բժիշկը նախ պետք է կարողանա ճիշտ խորհրդատվություն տալ պացինետին, անհրաժեշտության դեպքում բացատրել, որ, օրինակ, շատ փոքր քիթն այնքան էլ համադրելի չի լինի իր արտաքինին: Վիրահատության արդյունքից պետք է գոհ լինեն և՛ բժիշկը, և՛ պացիենտը: Պետք չէ վիրահատել միայն որովհետև պացիենտն է այդպես ցանկանում:

-Արդյոք քթի վիրահատությունն ունի՞ ռիսկային գործոններ և ո՞ր դեպքերում չի կարելի դիմել քթի վիրահատության: Խոսեք մի փոքր հետվիրահատական շրջանից՝ ինչպե՞ս է այն անցնում, ե՞րբ է քիթն իր վերջնական տեսքը ստանում:

-Ռինոպլաստիկայի կամ քթի վիրահատության աղջիկները կարող են դիմել 16 տարեկանից հետո, տղաները՝ մի փոքր ավելի ուշ: Իսկ վիրահատությունը կարող է խորհուրդ չտրվել, եթե պացիենտը կենսական կարևոր օրգանների հետ կապված խնդիրներ ունի կամ արյան մակարդելիությանը հետ որոշակի խնդիրներ կան և այլն: Այսինքն՝ այս պարագայում պատճառը ոչ թե վիրահատության վտանգավորությունն է, այլ անզգայացման հնարավոր կամ անհնար լինելը. որոշ խնդիրներ ունեցող մարդկանց անզգայացումը պարզապես հակացուցված կարող է լինել: Հիասթափեցնելով քթի վիրահատության «վտանգավորության» մասին տեղեկություններ տարածողներին՝ ասեմ, որ այն լիովին անվտանգ է, եթե, իհարկե, նախապես հաշվարկված են բոլոր ցուցումները և հակացուցումները: Բացի այդ, հետվիրահատական շրջանում բարդություններ չեն լինում եթե պացիենտը խիստ հետևում է բժշկի խորհուրդներին: Վիրահատությունից հետո վաղ վերականգնման շրջանում պացիենտը սեզոնային գրիպի զգացողություններ կարող է ունենալ, սակայն չորս-հինգ օր անց դրանք վերանում են: Իսկ մեկ շաբաթ անց անհետանում են գրեթե բոլոր այտուցները դեմքի շրջանում: Ֆիկսացիոն կապերը հեռացնելուց հետո քիթը այտուցված է լինում, սակայն դա ևս ժամանակի խնդիր է: Վերջնական արդյունքը կարելի է գնահատել միայն ամիսներ անց:

-Պատահում է, որ վիրահատությունից հետո պացիենտն այնքան էլ գոհ չի լինում դրա արդյունքից: Որքանո՞վ են օբյեկտիվ պացիենտի դժգոհությունները: Այս պարագայում ի՞նչ պետք է անել, կարելի՞ է դիմել կրկնակի վիրահատության:

-Իհարկե չի կարելի բացառել կրկնակի միջամտության անհրաժեշտությունը, դա կարող է փաստել ցանկացած պլաստիկ վիրաբույժ աշխարհի ցանկացած երկրում: Սակայն ճիշտ իրականացված վիրահատության դեպքում դրա հավանականությունը չնչին է: Շատ գործոններ կախված չեն վիրաբույժից և նույնիսկ անթերի իրականացված վիրահատությունից հետո նույնիսկ չեն բացառվում կորեկցիոն միջամտությունների անհրաժեշտությունը: Կրկնակի վիրահատություն կամ ինչպես մենք ենք ասում կորեկցիա ցանկալի է կատարի կրկնակի վիրահատությունների փորձ ունեցող վիրաբույժը: Իմ պրակտիկայում եղել են շատ դեպքեր, երբ վիրահատել եմ արդեն մի քանի անգամ վիրահատված քիթ և արդյունքը բարեբախտաբար դրական է ստացվել: Կրկնակի վիրահատության անհրաժեշտության դեպքերում պացիենտները հաճախ են հուսահատվում և խուճապի մատնվում: Սակայն պետք չէ ընկճվել, հիմնակում բոլոր խնդիրները շտկելի են, իսկ լավատեսական մոտեցումը վիրահատությունը շատ ավելի դյուրին է դարձնում:

Եվ բացի այդ, վիրահատության արդյունքներից գոհ կամ դժգոհ լինելը ևս հարաբերական է: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, երբ պացիենտը շնչառական խնդիրներ ունի կամ երբ ոչ այնքան լավ վիրահատված քիթը ինչ-ինչ խնդիրներ է առաջացնում: Խոսքն այն մասին է, երբ պացիենտի մոտ խնդիրը հոգեբանական է: Նա կարող է շատ գեղեցիկ արտաքին ունենալ, սակայն մի շարք պլաստիկ վիրահատությունների դիմել, որովհետև այնքան էլ բավարարված չէ իր արտաքինով: Այս դեպքում նրա քիթը կարող են նորից ու նորից վիրահատել, սակայն միևնույն է, պացիենտը վիրահատության արդյունքը բավարար չի համարելու: Ուստի, լավ բժիշկը պետք է նաև լավ հոգեբան լինի, որպեսզի հնարավորության դեպքում կարողանա պացիենտի հետ այս ուղղությամբ ևս աշխատանք տանել:

-Պարոն Մանվելյան, մի փոքր կխոսե՞ք օտոպլաստիկայի կամ լոշտակության շտկման վիրահատության մասին: Որքա՞ն տարածված է այժմ այդ խնդիրը և որքա՞ն հաճախ են դիմում նման վիրահատության:

-Օտոպլաստիկան կատարվում է լոշտակության շտկման նպատակով: Այս վիրահատությունը կարելի է նաև կատարել նախադպրոցական տարիքում, քանի որ այս դեպքում դպրոցական տարիքում երեխան կարող է զերծ մնալ հոգեբանական բարդույթից: Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա ցանկանում եմ ընդգծել, որ այս վիրահատությունը համեմատաբար քիչ հակացուցումներ ունի, իսկ հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում: Այն շատ հաճախ կատարվում է տեղային ցավազրկմամբ: Սպիների մասին ևս կարող եք չանհանգստանալ. դրանք ականջի հետին մասում են լինում և գրեթե աննկատ են:

-Եվ վերջում, մի փոքր Ձեր մասին:

-Ծնվել եմ բժշկի ընտանիքում: Դե, եթե բժիշկների ընտանիքում ես ծնվում, ապագա մասնագիտությունդ արդեն ինչ-որ չափով կանխորոշված է լինում: Մանկուց բժշկությունը եղել է իմ առօրյաի մի մաս և սիրել եմ օգնել մարդկանց վերադարձնել առողջությունն ու, ինչու ոչ, նաև գեղեցկությունը: Միգուցե հենց այդ պատճառով ընտրեցի ոչ միայն միկրովիրաբուժությունը, այլև պլաստիկ վիրաբուժությունը: Իսկ սկսածդ գործը պետք է լավ արդյունք տա:

-Ի՞նչ է անհրաժեշտ լավ բժիշկ լինելու համար:

-Լավ բժիշկ լինելու համար անհրաժեշտ է ոչ միայն բարձր որակավորում և շարունակական մասնագիտական փորձ ունենալ, ինչը շատ կարևոր է, այլև պատասխանատու մարդ լինել: Բացի այդ, կա մի չգրված օրենք, որը պարտադիր է և՛ բժշկի և՛ պացիենտի համար՝ դրական տրամադրվածությունը, փոխվստահությունը ու լավատեսությունը միշտ աշխատում են հօգուտ պացիենտի: Լավ բժիշկը հիվանդին պետք է օգնի ապաքինվել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես և արտաքնապես:

Այս խորագրի վերջին նյութերը