Լրահոս

13.02.2018 18:14


Այսօր երեկոյան սկսվում են Տեառնընդառաջի տոնակատարությունները

Այսօր երեկոյան սկսվում են Տեառնընդառաջի տոնակատարությունները

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի ծնունդից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը՝ ժողովրդական լեզվով՝ Տրնդեզը։ Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։

Ինչպես հիշատակում է Ղուկաս ավետարանիչը, Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցնում են մանուկ Հիսուսին և գնում Երուսաղեմ՝ Նրան «Տիրոջը ներկայացնելու»։ Սրբազան ավանդության համաձայն՝ երբ տեղ են հասնում, Աստծո հրամանով փակված տաճարի արևելյան դուռը բացվում է։

Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, որը խորհրդանշում է ձմռան ավարտի մոտենալը և գարնանամուտը։ Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը՝ Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշն իրենց հետ տուն տանելով։

Ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ, և այդ խարույկի վրայով թռչում են նորապսակ զույգերը: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ խարույկի կրակը բորբոքելիս հայցում ենք աստծվածային սիրո հուրը։

Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ՝ զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։

Սովորության համաձայն՝ Տեառնընդառաջի տոնին նվերներով այցելում են նորապսակներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը