Լրահոս

14.02.2018 07:18


Տեառնընդառաջի տոնը` նորապսակների օրհնության օր

Տեառնընդառաջի տոնը` նորապսակների օրհնության օր

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելում է Տեառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր:

Բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության հատուկ կարգ։

Տեառնընդառաջը տոնվում է Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո. այն քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնն է և նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։ Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցնում են մանուկ Հիսուսին և գնում Երուսաղեմ՝ Նրան Տիրոջը ներկայացնելու։ Սրբազան ավանդության համաձայն՝ երբ տեղ են հասնում, Աստծո հրամանով փակված տաճարի արևելյան դուռը բացվում է։

Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, որը խորհրդանշում է ձմռան ավարտի մոտենալը և գարնանամուտը։ Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը՝ Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն։

Ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ խարույկի կրակը բորբոքելիս հայցում ենք աստծվածային սիրո հուրը.

«Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում։ Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը՝ որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը