Աշխարհ

08.02.2010 17:15


Հայաստանը պատրաստ է հակահարված տալ թշնամուն

Հայաստանը պատրաստ է հակահարված տալ թշնամուն

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի քաղաքական ներկայացուցիչ Ալեքսանդր Քանանյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե Սերժ Սարգսյանի աշխատակազմի նկատմամբ բացարձակ անվստահություն ունի, որը բխում է հայ-թուրքական և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում վարվող քաղաքականությունից։

-Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, պատրաստակամություն են հայտնել բանակցելու այնպիսի կարգավորման կաղապարների շուրջ, որոնք պարտադրում են տարածքների հանձնում, այն էլ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցումից առաջ։ Ես համոզմունք եմ հայտնել, որ մադրիդյան սկզբունքների շուրջ շրջանակային համաձայնագիրը կա՛մ արդեն համաձայնեցված է, կա՛մ արդեն իսկ գաղտնի կերպով ստորագրվել է։ Պարզապես հարմար առիթ են ման գալիս, որ հրապարակային դարձնեն հերթական գիշերային անակնկալով,-նշել է նա։

Ըստ Ալեքսանդր Քանանյանի՝ տարածքային նվազագույն իսկ զիջումը կբերի պաշտպանական ողջ համակարգի փլուզման և որպես հետևանք՝ ռազմական գործողությունների վերսկսման  անխուսափելիություն։ Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ գործընթացի հետշրջման դեպքում էլ պատերազմի հավանականություն լինի, նա պատասխանել է, թե հիմա պատերազմի հավանականությունն ավելի է մեծացել, քան 4 տարի առաջ։

-Անկեղծ ասած՝ Սերժ Սարգսյանը երբևէ համարձակություն չի ունենա հրապարակային կերպով հայտարարել, որ ինքը ոչինչ չի հանձնի։ Այդ անձը Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ աշակերտն է և կյանքում չի կարող իր ուսուցչի գծած սահմաններից դուրս գալ։ Մյուս կողմից այս ամբողջ գործընթացը թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես Հայաստանի թուլություն, և նրանք ավելի ագրեսիվ են դարձել. հույսը մեծացել է, որ ռազմական ճանապարհով կվերցնեն այն, ինչ երազում են,-նշել է նա։

Ալեքսանդր Քանանյանը, սակայն, նշել է, որ այս ամենին զուգահեռ, այնուամենայնիվ, Արցախում ոչ միայն խուճապ և հուսալքվածություն չկա, այլ ընդհակառակը՝ մարտական բարձր ոգի և սեփական հայրենիքը պաշտպանելու վճռականության զգալի աճ։

-Հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները կգիտակցեն, որ Հայաստանի և հայ ժողովրդի հզորությունը հաստատ համեմատական չէ իր քաղաքական իշխանության որակին։ Այդպես եղել է նաև 1991-1994թթ., երբ իշխանությունում մի որակ ունեինք, մարտի դաշտում՝ այլ, և այդ որակը հաղթանակ տարավ։ Այնուամենայնիվ, նշեմ, որ անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք Քուռ գետն էլ անցնել և խայտառակ պարտության մատնել թշնամուն, և այն, ինչ այն ժամանակ իշխանությունների անշրջահայացության պատճառով չկարողացանք, կհասցնենք ավարտին։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը