Լրահոս

03.03.2018 19:41


Ձերբակալվել է՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

Ձերբակալվել է՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և ձերբակալվել։

2018 թվականի մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ նախորդ օրը՝ մարտի 1-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, հեծանվով զբոսնելիս մոլորվել է ու հայտնվել ամայի դաշտում, որտեղ իրեն է մոտեցել մի երիտասարդ և փորձել բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1994 թվականին։ Նույն օրը կատարվել է անձի ճանաչում, որի ժամանակ 1990թ. ծնված աղջիկը ճանաչել և մատնացույց է արել երիտասարդին՝ հայտարարելով, որ վերջինս է իր նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Աղջիկը ճանաչվել է տուժող, նրա մասնակցությամբ կատարվել դեպքի վայրի զննություն։

Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Տուժողի մարմնի քննմամբ հայտնաբերվել են կապտուկներ և քերծվածքներ՝ թևերի ու ոտքերի շրջաններում, իսկ կասկածյալի մարմնի քննմամբ հայտնաբերվել է աջ դաստակի քերծվածք:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քրեական գործի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Այս խորագրի վերջին նյութերը