Աշխարհ

10.02.2010 15:14


Վահան Հովհաննիսյան. «Հայկական բանակն ու ժողովուրդը կանգնելու են այնպես, ինչպես վերջին անգամ»

Վահան Հովհաննիսյան. «Հայկական բանակն ու ժողովուրդը կանգնելու են այնպես, ինչպես վերջին անգամ»

«Հայացք» ակումբում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման մասին խոսելիս ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ պատերազմի վտանգ միշտ կա.

-Եթե երկու երկրների միջև չկա խաղաղության մասին հստակ պայմանագիր, հակամարտության վտանգ միշտ կա,-ասել է նա և նշել,  թե խնդիրն այն է, որ ի հեճուկս բոլոր հայտարարությունների, որ անում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, պատերազմին նրանց հասարակության և բանակի պատրաստ լինելու հանգամանքը խիստ կասկածելի է, քանի որ, չնայած բոլոր էթնիկ ճնշումներին, Ադրբեջանը բազմազգ երկիր է։ Այդ տեսանկյունից Վահան Հովհաննիսյանը չի կարծում, թե, օրինակ, «լեզգինները կամ թալիշները երազում են իրենց զավակներին ուղարկել Ղարաբաղի լեռները՝ մահանալու»։

Նա չի կարծում նաև, թե նույն ադրբեջանցիները նման մեծ ձգտում ունի։

-Վերջապես, մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է ստեղծվում քարոզչական արտաքին տեսքը։ Բայց ինչ են խոսում ադրբեջանցիներն իրենց խոհանոցներում, սա է շատ կարևոր։ Իսկ մենք ունենք որոշ ինֆորմացիա, որ հիմա Մոսկվայում կամ Ուկրաինայի շատ քաղաքներում ադրբեջանցի երիտասարդների նոր հոսք է սկսվում,- ընդգծել է Վահան Հովհաննիսյանը։

Այսինքն, Ալիևի և Աբիևի յուրաքանչյուր ռազմատենչ հայտարարությունից հետո ադրբեջանցի երիտասարդների մի զանգված անմիջապես երկիրը լքելու միջոցներ է որոնում, որովհետև, Վ.Հովհաննիսյանի խոսքերով, ոչ ոք հատկապես պատերազմի ժամանակ չի ցանկանա ծառայել մի բանակում, որտեղ սպաները սպանում են զինվորներին, զինվորները՝ սպաներին, և որտեղ մի զույգ զինվորական կոշիկը արժե մոտավորապես այնքան, ինչքան  եվրոպական լավ նորաձև կոշիկները։

-Նրանք այդ գնով են ամեն ինչ առնում։ Դրա համար, երբ խոսքը նրանց ռազմական բյուջեի մասին է, ապա այդ բյուջեն ահավոր ուռճացված է։ Որովհետև նրանց սպայական կազմը, որն իրականացնում է այդ գնումները, այսպես ասենք՝ ֆանտաստիկ արագությամբ հարստանում է,-ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ բացի այս ամենից, պատրաստ չեն նաև Ադրբեջանի ենթակառուցվածքները։ Դրա հետ մեկտեղ ասել, թե Հայաստանն է ամբողջությամբ պատրաստ, դա էլ, նրա կարծիքով, ճիշտ չէ։ Սակայն հայերն այս պատերազմում այլ շարժառիթ ունեն. «Մենք գիտենք, որ նրանք գալիս են մորթելու, և ուրեմն հայկական բանակն ու ժողովուրդը կանգնելու են այնպես, ինչպես վերջին անգամ։ Եվ ես չեմ կարծում, թե ադրբեջանցիներին կհաջողվի հեշտ հաղթանակ տանել կամ ընդհանրապես հաղթանակ տանել»։

Այս տեսանկյունից Վահան Հովհաննիսյանն ասել է, որ չի կարծում, թե Ադրբեջանը նման անխոհեմ քայլի կդիմի։

«Այն, որ ադրբեջանցիների ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան՝ հայկական կողմը ոչ մի հայտարարություն չի անում, դրանից մեր կեցվածքն ավելի խեղճ չի՞ դառնում» լրագրողի հարցին ի պատասխան Վ.Հովհաննիսյանը խորհուրդ է տվել դիմել «հայկական կողմին». «Հայկական կողմին, որը միջազգային կազմակերպություններում, տարբեր տիպի կոնֆերանսներում և հրապարակումներում կարծես թե ամոթխած հարսի կեցվածքով փորձում է իրեն եվրոպացի ու զուսպ ցույց տալ՝ չհասկանալով, որ եվրոպացի եվրոպացիների՛ հետ պետք է լինես։ Թուրքերն ուրիշ լեզու են հասկանում»։

Նա նշել է, որ թե՛ քարոզչական առումով, թե՛ վճռականությունը ցույց տալու տեսանկյունից ավելի ամուր կեցվածք է անհրաժեշտ։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը