Լրահոս

14.03.2018 11:10


Շների տիրուհին. Նոր Արեշում երկաթյա տնակում հոգեխախտ ծեր կին է ապրում (տեսանյութ)

Շների տիրուհին. Նոր Արեշում  երկաթյա տնակում հոգեխախտ ծեր կին է ապրում (տեսանյութ)

Զեմֆիրայի «դոմիկը» Նոր Արեշում բոլոր երեխաները գիտեն: Երեկոյան ժամերին նրանք վախենում են այստեղով անցնել: Զեմֆիրայի շները, որոնք գիշերում են նրա հետ, դուրս են գալիս փողոց, թափառում են տնակի շուրջը: «Փողոցային շներ են: Մեծ: Քանի՜ երեխա ենք փրկել», - պատմում է Զեմֆիրայի հարևանուհին:

Փոքր երեխաների համար շներից ավելի սարսափելի է տան տիրուհին: Նա 80 տարեկան է: Խոսել չի կարողանում: Բառերի փոխարեն կոկորդից անհասկանալի հնչյուններ են դուրս գալիս: Նա անընդհատ անհանգիստ շարժումներ է անում, լեզուն է ցույց տալիս, գոռում է երեխաների վրա: Ավելի մեծ տղաները, որոնք արդեն կռահել են, որ Զեմֆիրան անվնաս է, նրան հալածում են, ծաղրում են, դուռը թակում-փախչում են: Տհաճ բախումներից խուսափելու համար Զեմֆիրան ցերեկային ժամերին շների հետ փակվում է տնակում:

Երկար պետք է դուռը թակես, մինչև որ համոզվի, որ իրեն չեն «գժվացնում», նոր դուրս գա տնակից: Միզահոտն այնքան ուժեղ է, որ անգամ դրսից է գալիս, թույլ չի տալիս տնակ մտնել: Տնակ ասածն էլ երկաթյա տուփ է, ավտոմեքենայի բեռնախցիկի չափ տարածք, մի պարկելու տեղ: Մի բարի մարդ է նվիրել այն Զեմֆիրային, տեսնելով, որ քնելու տեղ չունի: Հատակին հնամաշ, ծագումը կորցրած իրեր, պլաստմասսայե շշեր ու մի կտոր հացի մնացորդ:

«Փող եմ հավաքում, փողոցում նստում եմ, ինձ փող են տալիս, ապրում եմ, լավ ա»,- մի կերպ հասկացնում է Զեմֆիրան: Հարևանները պատմում են, որ շատ վաղուց նա մայր է ունեցել, տուն, որը նրա հարազատները վաճառել են, եղբայր, որը մահացել է: Ինքը արդեն մոտ 10 տարի այստեղ է, հոգեկան խնդիրներ ունի: Հարազատներից քույրն է այցելում, երբեմն տանում է տուն, լողացնում է, հետ է բերում: Հարևաններն են կերակրում Զեմֆիրային: Ով ճաշ է բերում, ով՝ մի կտոր հաց:
Պետական մարմինները, սոցապնախարարությունը, անօթևանների համար նախատեսված հաստատություններ Զեմֆիրայով չեն հետաքրքրվել: Վերջերս 80-ամյա կինը փորձանքի մեջ է ընկել: Ավտոմեքենան եկել, հարվածել է Զեմֆիրայի մեջքին: Ցավեր ունի, չի կարողանում քայլել:
«Ի՞նչ ես ուզում, Զեմֆիրա, ի՞նչ անենք քեզ համար»: «Փող տվեք»,-ասում է ու չարաճճի ծիծաղում:
Հետո պարզում է լղար թևերը ու փոքրիկ աղջկա նման պատմում է, թե ոնց էր բժիշկը արյուն հանում երակից: Մեր ցավակցական հայացքից գոտեպնդված, գնում է ներս ու բերում է իր միակ գանձը՝ երիտասարդ տարիների նկարը:
«Սիրուն էի, թըմբըլ, հիմա շատ եմ նիհարել»,-ասում է: Նկարում ուրախ, լուսավոր ու գեղեցկադեմ աղջիկ է, որը դեռ Զեմֆիրան չի:
Աղբյուրը՝ forrights.am

Այս խորագրի վերջին նյութերը