Լրահոս

14.03.2018 15:03


Հայաստանում կարմրուկի դեպքեր են գրանցվել

Հայաստանում կարմրուկի դեպքեր են գրանցվել

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է: Քաղաքացիներից 6-ը պատվաստված չեն, իսկ մեկը` թերի պատվաստված:

Կրկին հիշեցնում ենք, որ ամբողջ աշխարհում կարմրուկի բռնկումները և դրանից մահվան դեպքերը մտահոգության առիթ են: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ 2016 թվականի համեմատությամբ` 2017-ին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացության ցուցանիշն աճել է 3 անգամ։ Առավել ծանր է համաճարակային իրավիճակը Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում։

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի առումով դեռևս պահպանվում է կայուն համաճարակային իրավիճակ, սակայն հիվանդության պարբերաբար ներկրումը, ինչպես նաև տարիների ընթացքում չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող են սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիվանդները հիվանդության վարակիչ փուլում (մոտ 10 օր՝ ցանի առաջացումից 4-5 օր առաջ և հետո) շփվել են բազմաթիվ քաղաքացիների հետ:

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների դեմ իրականացվող պատվաստումների բարձր ցուցանիշներն իրենց անդրադարձն են ունեցել հիվանդությունների էլիմինացման և բացակայության պահպանման հարցում: 1995 թվականից երկրում պոլիոմիելիտի դեպք չի արձանագրվում: 2002 թվականին Հայաստանն՝ ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է որպես պոլիոմիելիտից ազատ երկիր` առ այսօր պահպանելով այդ կարգավիճակը: 1994-1995 թվականներին հանրապետությունում արձանագրված դիֆթերիայի բռնկումից հետո, իրավիճակը կայունացել է և 2000 թվականից դեպքեր չեն արձանագրվում, այն դեպքում, երբ հանրապետության հետ սոցիալ-տնտեսական կապ ունեցող, ինչպես նաև հարևան երկրներում, դեռևս արձանագրվում են դիֆթերիայի հիվանդացման բազմաթիվ դեպքեր` նույնիսկ բռնկումների ձևով: Իսկ վերջին 5 տարվա ընթացքում անգամ եվրոպական մի շարք զարգացած երկրներում դիտվում է հիվանդության հետվերադարձ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք չխուսափել պատվաստումներից: Միայն ժամանակին և լիարժեք պատվաստվելու դեպքում կարող ենք համատեղ պահպանել մեր առողջությունն ու պաշտպանվել հնարավոր հիվանդություններից:

Առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը