Լրահոս

17.03.2018 13:23


Սեֆիլյանն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ իրեն սպառնացել են սպանել (տեսանյութ)

Սեֆիլյանն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ իրեն սպառնացել են սպանել (տեսանյութ)

Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա՝ մարտի 17-ի ճառը դատարանում

Իմ խոսքն ուղղված չէ Սերժ Սարգսյանի գործիք այս կեղծ դատարանին, այլ մեր ժողովրդին և միջազգային հանրությանը:
Բոլորովին անիմաստ պետք է լիներ, եթե ես հանդես գայի պաշտպանական խոսքով, ինչպես ընդունված է դասական դատավարական գործընթացի պարագայում:
Ուստի այս առիթն օգտագործելով՝ կխոսեմ ըստ էության, թե ի՞նչ է կատարվում, ինչու՞ ենք մենք այստեղ և ի՞նչ պետք է անենք:

Ովքեր հետևել են դատավարության անվան տակ իրականացվող այս հաշվեհարդարին, համոզվել են, որ դատաքննության փոխարեն ականատես ենք եղել թատերական բեմականացում հիշեցնող ողբերգակատակերգային մի միջոցառման, մի ֆարսի, որտեղ այսպես կոչված մեղադրող կողմի հրապարակած դատարկաբանությունը պարզապես վատ հորինված հեքիաթ է, որը դատավորի դերակատարմամբ հանդես եկող անձն իր ջղաձիգ և բացահայտ ապօրինի գործողություններով փորձում է ամեն գնով ներկայացնել որպես իրականություն:
Սակայն առաջին իսկ նիստից բոլորի համար ակնհայտ դարձավ, որ իրականում տեղի է ունենում բացահայտ և պատվիրված քաղաքական հալածանք և բռնություն, ինչի համար թե՛ պատվիրողը, և թե՛ կատարածու «դատավոր-դատախազները» ոչ ուշ ապագային պատասխան են տալու ինքնիշխան Հայաստանի անկախ դատարանի, Հայկական Նյուրնբերգի առաջ՝ իշխանության յուրացման, համակարգային կոռուպցիայի և Հայրենիքի դավաճանության գործի շրջանակներում:
Մասնավորապես, իմ պաշտպանները, շնորհիվ իրենց քաղաքացիական բարձր գիտակցության և մասնագիտական փայլուն կարողությունների, բազմիցս հմտորեն դիմակազերծեցին ու մերկացրեցին մեր երկրում առկա վայ արդարադատությունը՝ անհերքելի ապացույցների համակարգ ստեղծելով այն իրականացնող պաշտոնյաներին Հայկական Նյուրնբերգում մեղադրելու համար:

Մեր ժողովրդի այն հատվածը, որ անցած տարիների ընթացքում եղել է մեր ծավալած ազգային-ազատագրական պայքարի կողմնակիցը, ինչպես նաև այն շրջանակները, որ հետևել են մեր գործունեությանը, իրազեկ են մեր նկատմամբ ազգադավ ու ոճրագործ ռեժիմի կատարած բռնություններին ու հալածանքներին: Իսկ դեռևս անիրազեկ հատվածին ներկայացնելու համար վերջերս Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությանը խնդրել եմ համապատասխան տեղեկույթի էլեկտրոնային հղումները մեկտեղել մեկ փաստաթղթում և կրկին շրջանառության մեջ դնել: Ուստի մեր ժողովուրդը, միջազգային հանրությունը, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպությունները կարող են ուսումնասիրել և ամբողջական պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին:

Այդ փաստաթղթում հիշատակված դեպքերը հիմնականում վերաբերվում են 2013թ. սկզբից մինչ մեր մեկուսացումը Հիմնադիր Խորհրդարանի գործունեությանը, նրա գլխավորած շարժման կարևոր իրադարձություններին: Նշված բոլոր 111 հանցագործությունների վերաբերյալ չի տարվել ոչ մի քննություն և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Հիմնադիր Խորհրդարանը խնդիր էր դրել ձևավորելու այլընտրանքային իշխանություն, ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, որպեսզի հնարավոր լինի կանխել վերահաս ազգային աղետը, որին իր նպատակասլաց ծրագրային քայլերով մեզ տանում է ազգադավ ու ոճրագործ ռեժիմը՝ սպիտակ ցեղասպանության, տնտեսության ու ընդերքի քայքայման ու թալանի, ժողովրդի կամքի բռնադատման միջոցով ձգտելով արյունաքամ անել Հայաստանը (Արցախը ներառյալ), դրանով իսկ զրկել նրան դիմադրողականությունից և ամբողջությամբ հանձնել մի նոր ձևաչափով ծավալվելու նկրտում ունեցող Ռուսական կայսրությանը:
Մեր շարժման նկատմամբ տեղի ունեցած բռնության ու հալածանքի դեպքերից ուզում եմ առանձնացնել երկուսը: Դրանք կոնկրետ ինձ են վերաբերվում: Եվ ինձ վերաբերվող դեպքերին եմ անդրադառնում, քանի որ տվյալ իրավիճակում յուրօրինակ վկայի կարգավիճակ ունեմ մեր ժողովրդի և միջազգային համայնքի առաջ՝ իմ անմիջական ականատեսի խոսքով վկայելու Կրեմլյան հանցավոր ռեժիմի և նրա խամաճիկ երևանյան ռեժիմի ոճրագործ բնույթի մասին:

Ինձ ահաբեկելու այս երկու դեպքերից մեկի մասին ժամանակին անմիջապես տեղեկացրել եմ հանրությանը: Դա տեղի է ունեցել 2016թ. հունվարի 12-ին: Քննչական կոմիտեի քննիչի պաշտոն զբաղեցնող Ամրամ Մակինյանն ինձ հրավիրել էր իր մոտ և, օգտվելով առիթից, որ իմ պաշտպանը դեռ չէր ժամանել, շուտափույթ կերպով ինձ բանավոր կերպով փոխանցեց իր վերադասի, պետք է հասկանալ՝ անձամբ Սերժ Սարգսյանից իջեցված սպառնալիքը, թե, բառացի մեջբերում եմ. «Վերջին անգամ լինելով Ձեզ զգուշացնում ենք, որ եթե շարունակեք Ձեր քաղաքական գործունեությունը, Դուք հայտնվելու եք նորից ճաղերի ետևում»: Իհարկե, դա ոչ առաջին, այլ հերթական, բազմիցս կրկնված սպառնալիք էր, սակայն նախկինում սպառնալիքները եղել են ակնարկներով, իսկ այս անգամ պարզ էր ու բացահայտ՝ բաց տեքստով: Եվ իսկապես, դա վերջին նախազգուշացումն էր: Եթե հետևեք դրան հաջորդած ռեժիմի քայլերին, ակնհայտորեն կտեսնեք, որ այդ վերջնագրից կարճ ժամանակ անց մեր դեմ ձեռնարկվեց նախապատրաստական, շինծու մի գործընթաց, ինչին հետևեց մեր բանտարկությունը, ապա՝ դատավարություն կոչվող այս ֆարսը:

Ինձ ահաբեկելու 2-րդ դեպքի մասին մինչ օրս չեմ տեղեկացրել հանրությանը: Կային անձնական բնույթի, մասնավորապես՝ ընտանիքիս հոգեկան ծանր ապրումներից զերծ պահելու պատճառներ:

Այդ դեպքը վերաբերվում է ինձ ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքին:

Հալածախտով տառապողի տպավորությունից զերծ մնալու և ավելորդ խորհրդապահության չտրվելու կամ հավաստի չընկալվելուց խուսափելու նպատակով հրապարակայնացնում եմ նաև այն անձի անունը, ով միջնորդավորված ձևով փոխանցել էր այդ սպառնալիքը:

Սպառնալիքը բառացի կերպով հնչել է այսպես. «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ՝ ռուսները որոշել են սպանել քեզ»: Իմ պատասխանը եղել է. «Զեկուցեք Ձեր ղեկավարությանը, որ Հայաստանը տեր ունի և մենք գտնվում ենք մեր հողի վրա ու ազատ ենք մեր գործունեությամբ, իսկ դուք շուտով ռադներդ քաշելու եք մեր երկրից …»:

Այդ սպառնալիքը միջնորդի միջոցով ինձ փոխանցողը եղել է վերջերս իր ակտիվ գործունեությամբ հայտնի դարձած «Հանուն ինքնիշխան Հայաստանի» նախաձեռնության համակարգող, ինչպես նաև վերջերս որպես ռազմական փորձագետ հանդես եկող Հայկ Նահապետյանը:

Անշուշտ, ճշտելու կամ ստուգելու համար, թե այս սպառնալիքի մտահղացողն ու հանձնարարողը որտեղի՞ց է եղել՝ Կրեմլից, թե նրա խամաճիկ Բ26-ից, հնարավոր կլինի միայն այս ռեժիմից ձերբազատվելուց հետո: Միևնույն ժամանակ՝ մեծ հաշվով այդքան էլ էական չէ ճշտել կոնկրետ աղբյուրն այն պատճառով, որ Բ26-ը ընդամենը Կրեմլին ենթակա մի փոքրիկ բաղադրիչ է, ուստի, բոլոր դեպքերում, ակունքը կրեմլյան մարդակեր համակարգն է:

Խիստ ուշագրավ էր և ոչ պատահական այդ սպառնալիքի ժամանակը: Ինձ ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքը փոխանցվել է ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից 1-2 օր անց, որքան հիշում եմ՝ մարտի 1-ն էր: Այդ ժամանակ Ռուսական կայսրության ծավալման համատեքստում Ուկրաինան մասնատելու և զավթելու տխրահռչակ «Նովոռոսիա» կայսրապետական ծրագրի իրագործման եռուն շրջանն էր, ինչը Հայաստանի մասով արտահայտվում էր մեր երկիրը ինքնիշխանությունից զրկելու և Ռուսաստանի կազմում ներառելու այսպես կոչված «Հայկական Հանրապետություն» դուստր ծրագրով:

Դա մի շրջան էր, երբ զավթողական ագրեսիայից արբեցած մարդակեր Ռուսական կայսրությունը հատկապես պատրաստ էր խտրություն չդնելու միջոցների մեջ:
Սպառնալիքի ժամանակը պատահական չէր նաև ներհայաստանյան վիճակի և մեր շարժման գործունեության առումով:

Մենք, գաղութային համակարգի տեսակետից չսաստվելով և «դասեր չքաղելով» Բերձորի ջարդից, հայտարարել էինք արդեն, որ մարտի 6-ին հերթական ավտոերթն ենք անելու, այս անգամ՝ դեպի Գյումրի:

Երբ այդ օրը մեր ավտոշարասյունը մոտենում էր Գյումրի քաղաքին, մեզ տեղեկացրեցին, որ քաղաքի մուտքի մոտ հավաքված են եղել մի խումբ թափթփուկներ (նրանց ներկայացուցիչը մինչ այդ Գյումրիի մեր համակարգողի միջոցով ինձ լուր էր ուղարկել, որ չմտնենք Գյումրի), որոնց ռեժիմը հրահանգել էր մեր նկատմամբ սադրիչ գործողություններ կատարել: Մեր տեղեկությամբ, նրանք նաև զինված էին:

Զուգահեռաբար տեղեկացանք, որ Երևանից ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ են բերվել Գյումրի, սակայն նրանք, թափթփուկներին զսպելու և չեզոքացնելու փոխարեն, նախապես կազմված սադրանքի պլանի համաձայն, տեղակայված են Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ, որպեսզի մեզ հետ նախատեսված խուժանի բախումը և, ամենայն հավանականությամբ, Ռուսատանի հյուպատոսարանի մոտ տեղակայված ոստիկանության վրա խուժանի մի մասի հարձակումները վերագրվեն մեզ և ռուսահպատակ ռեժիմին հնարավորություն տան իրավիճակը հանգուցալուծել մի նոր Մարտի 1-ով:

Բնականաբար, հավանական զոհերից մեկը պետք է որ ես լինեի:
Այս տեղեկությունները հրապարակում եմ գլխավորապես երկու նպատակով:
Առաջինը, որ մեր երիտասարդությունն իմանա, թե ինչ աստիճանի է օկուպացված մերօրյա Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ), որտեղ խստիվ կերպով արգելված է որևէ իրական քաղաքական գործունեություն, որը չի վերահսկում ազգադավ ու ոճրագործ ռեժիմը և, եթե սպառվում են ահաբեկման այլ միջոցները, նա պատրաստ է մարդկանց ֆիզիկապես վերացնելով հասնել իր ուզածին:

Երկրորդը, որ բոլորի համար անժխտելիորեն պարզ դառնա, որ մենք այսօր պետություն չունենք, այլ ընդամենը Մոսկվային ծառայող մաֆիոզաահաբեկչական մի գաղութային համակարգ:

Ուստի, սիրելի՛ երիտասարդություն, սիրելի՛ ժողովուրդ, եկել է պահը տեր կանգնելու երկրին և մեր արժանապատվությանը: Կոչ եմ անում միանալ մեր ազդարարած ապագաղութացման շարժմանը, ազգային-ազատագրական պայքարին, ինքնակազմակերպվել և «Հանուն Հայաստան Պետության» Ճակատի նախաձեռնության հետ միասնաբար վճռական ընդվզմամբ պարտադրել մեր կամքը հակառակորդին՝ նպատակ ունենալով ձերբազատվել ազգադավ ու ոճրագործ ռեժիմից և սկիզբ դնել ինքնիշխան արժանապատիվ ազգային պետության:
Մա՛հ ռեժիմին: Մե՛նք ենք տերը մեր երկրի:

Այս խորագրի վերջին նյութերը