Լրահոս

21.03.2018 14:18


Նովրուզին իրանցիների համար դեպի Հայաստան 40 հավելյալ չվերթ կիրականացվի

Նովրուզին իրանցիների համար դեպի Հայաստան 40 հավելյալ չվերթ կիրականացվի

Իրանալեզու և թուրքալեզու ժողովուրդները մարտի 21-ին տոնում են Նովրուզը, որը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն, նաեւ գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը:

Այդ օրերին մեծ թվով իրանցիների կարելի է հանդիպել Երևանի փողոցներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ այդ ժամանակաշրջանում դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ կապված մարտ-ապրիլ ամիսներին, իրականցվող կանոնավոր չվերթներին զուգահեռ, «Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ », «Ղեշմ էյր» ավիաընկերությունների կողմից կատարվելու է հավելյալ 40 չվերթ։ Կանոնավոր չվերթներն իրականացվում են «Մահան էյր» և «Իրան Ասեման» ավիաընկերությունների կողմից, որոնք ևս չվերթներ կավելացնեն:

«Այսօրվանից մինչև մարտի 24-ը «Մահան էյրը» իրականացնելու է 5 չվերթ, «Իրան Ասեմանը» 2 չվերթ, մարտի 25-ից « Իրան Ասեմանը» թռիչքները կիրականացնի շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ «Մահան Էյրը»՝ շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով 2017 թվականին Նովրուզ տոնի ընթացքում զբոսաշրջային հոսքին՝ Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել էր Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևորի:

Հայաստանը հետաքրքիր ու գրավիչ միջոցառումներ է նախապատրաստել մեր երկրում Նովրուզը նշել ցանկացողների համար: Սահմանային անցման կետերից սկսած իրանցի զբոսաշրջիկներին կբաժանվեն պարսկերեն բրոշյուրներ ու տեղեկատվական թերթիկներ Հայաստանի մասին: Ամբողջ ճանապարհին փակցվել են Հայաստան բարի գալուստ մաղթող պաստառներ:

Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեն աշխատում է նաև Երևանի քաղաքապետարանի հետ Հյուսիսային պողոտայում և մի շարք այլ վայրերում Նովրուզի թեմաներով ձևավորումներ ապահովելու համար` տոնական տրամադրություն հաղորդելու նպատակով:

2017 թվականին Իրանից օդային եւ ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 220 հազար այցելու, որը 16 տոկոսով ավելի է 2016-ի ցուցանիշից:

Իրանցիները Նովրուզ Բայրամը տոնում են մարտի 21-ին, և այն տևում է 13 օր: Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների արդյունքում ձևավորվել են մի շարք ավանդույթներ, մասնավորապես՝ տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով զարդարում են տոնական սեղանը: Տոնական սեղանն անվանում են «խավտ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինեն յոթ մթերք, որոնց անվանումը պետք է սկսվի արաբերենի «սին» տառով: Բացի այդ, սեղանին դրվում է հայելի և ընտանիքի անդամների թվով մոմեր են վառվում, որոնք չի կարելի հանգցնել:

2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկում, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

Այս խորագրի վերջին նյութերը