Հարցազրույց

22.03.2018 13:39


Մխիթարյան. «Ազգերի լիգա՞ն. Թող չթվա, թե ընկել ենք շատ լավ և հեշտ հաղթահարելի խումբ»

Մխիթարյան. «Ազգերի լիգա՞ն. Թող չթվա, թե ընկել ենք շատ լավ և հեշտ հաղթահարելի խումբ»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Միշտ էլ հաճելի է լինել առաջինը: Չեմ ժխտի. այսօր էլ մեծ հաճույքով ստացա այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում ևս լինել առաջինը` իհարկե, հարգելով իմ թիմակիցներին»

-Հենրիխ, ի՞նչ զգացողություններ ունես երեխաների համար հերոս լինելով:

-Երեխաների համար հերո՞ս եմ. ես էլ եմ երեխա եղել, ես էլ գիտեմ, թե ինչ է այդ զգացողությունը: Ես էլ եմ ունեցել հերոսներ, ցանկացել եմ նմանվել ինչ-որ մարդկանց: Դա շատ մեծ պատիվ է. նշանակում է` ինչ-որ բանի հասել ես և ինչ-որ մի բան արել ես այս երկրի համար: Այն մարդկանց համար, ովքեր քեզ հետևում են: Երեխաների հերոս լինելը շատ ուրախալի է:

-Առջևում ընկերական խաղ ունենք անցկացնելու: Ինչպիսի՞ն է թիմի տրամադրվածությունն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Ընկերական խաղերից առաջ տրամադրվածությունը թիմում շատ բարձր է: Փորձելու ենք հաղթել այդ խաղերում, չնայած` այդ խաղերում լինելու են մարտավարական փոփոխություններ, ֆուտբոլիստների փոփոխություններ, բայց դա ոչ մի կերպ չպետք է ազգի հաղթելու ցանկության վրա:

-Հավաքականի նորեկի` Նորբերտ Բրիասկոյի մասին ի՞նչ կասես:

-Նորբերտո Բալեկյանի մասին շատ լավ կարծիք ունեմ, շատ լավ է հարմարվում թիմի մարզումներին: Հուս ունենք` խաղերում կկարողանա օգուտ տալ թիմին:

-Կարծես` հեշտ ստացվեց հարմարվելու գործընթացն «Արսենալում»: Ի՞նչ կասես այդ մասին:

-«Արսենալում» փորձել եմ հնարավորինս շուտ ադապտացվել թե՜ խաղին, թե՜ մարզումներին, թե՜ քաղաքին: Միշտ էլ դժվարություններ լինում են, բայց շնորհակալ եմ թիմիս, որ օգնեցին ինձ` շուտ հաղթահարելու այդ շրջանը: Հույս ունեմ` էլ ավելի մեծ օգուտ կտամ թիմին:

-Հավաքականը նոր մրցափուլ է սկսում: Ի՞նչ սպասելիքներ կան:

-Մինչև նոր մրցափուլը դեռ 5 ամիս ժամանակ կա: Կարծում եմ` շատ բան կարող է փոխվել: Պետք է կարողնանաք այս երկու ընկերական խաղերին և մայիսի վերջ հունիսի սկիզբ կայանալիք ընկերական խաղերից լավագույնը քաղել, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ Ազգերի լիգայում:

-Ազգերի լիգայի ձևաչափի մասին ի՞նչ կարծիք ունես:

-Կարծում եմ` պաշտոնական հանդիպումներն ավելի հետաքրքիր են, քան ընկերականները: Մեզ համար դա շատ մեծ փորձ է լինելու: Ունենալու ենք նաև շատ մեծ դժվարություններ: Թող չթվա, թե ընկել ենք շատ լավ խումբ և շատ հեշտ ենք անցնելու: Ներկայիս ֆուտբոլում չկան ուժեղ և թույլ մրցակիցներ: Կան հավասարազոր մրցակիցներ և ուժեղներ: Դրա համար փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի պատվով հանդես գանք և հաղթանակներ գրանցենք:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը