Լրահոս

11.02.2010 15:52


Ինքնակամ շինարարությունը պետք է բացառվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունը հաստատել է

- ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը, որտեղ շարադրված են ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում դրանք բացառելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի երկար սպասված այս հայեցակարգը հավուր պատշաճի ներկայացվի նաեւ ԱԺ պատգամավորների ուշադրությանը, քանի որ դրան հետեւելու են օրենսդրական մի շարք նախաձեռնություններ։ Հարկ է նաեւ հրավիրել քաղաքացիների ուշադրությունը եւ պարզաբանել, որ կառավարությունը անօրինական շինարարության խնդրում որդեգրել է սկզբունքային եւ կոշտ դիրքորոշում։ Այլապես ստեղծվել է մի տարօրինակ իրավիճակ, երբ ավելի ձեռնտու է անօրինական շինարարություն կատարել, իսկ հետո օրինականացնել։ Խնդիրը կարոտ է համակողմանի քննարկման եւ լուծման.
- Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման 2010թ. ծրագիրը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարին պարտավորեցրել' ծրագրի իրականացումն ապահովել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով.
- Սեւանա լճի ափամերձ' մինչեւ 1905 մ բացարձակ նիշը, տարածքի 1։1000 մասշտաբի տեղագրական եւ կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքի իրականացման տեխնիկական առաջադրանքը, ամփոփ նախահաշիվը, ժամանակացույցը։ Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին' կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 81777.6 հազար դրամ, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի հետ համատեղ ապահովել նշված աշխատանքի կատարումը.
- Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ներառմամբ), Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը։ Դրանց հիմնական նպատակը տարածական պլանավորման միջոցով բարենպաստ կենսամիջավայրի ձեւավորման եւ կայուն զարգացմանն անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է.
-բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգը։ ՀՀ ԿԳ նախարարը պարտավորեցվել է եռամսյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը, որոնցով հեռավար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալ չի թույլատրվում, քառամսյա ժամկետում հաստատել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդական ուղեցույցը։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հեռավար ուսուցման կարգը բազմակողմանի քննարկվել է շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ։ Կասկածից վեր է, որ այն կնպաստի կրթության նոր մշակույթի ձեւավորմանը, ուսուցման որակի բարձրացմանը։ Վարչապետի համոզմամբ նոր կարգի ընձեռած հնարավորությունից կարող են օգտվել նաեւ մասնավոր բուհերը, որոնք ավելի ճկուն են եւ նոր գաղափարների հանդեպ ընկալունակ։ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է մասնավոր բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ արած իր այն հավաստիացումը, թե ՀՀ կառավարությունը բուհերի համար ապահովում է մրցակցային հավասար պայմաններ։

Այս խորագրի վերջին նյութերը