Հարցազրույց

12.02.2010 22:42


Ալեքսեյ Մալաշենկո

Ալեքսեյ Մալաշենկո

Մոսկվայի «Կարնեգի» Կենտրոնի փորձագետ, հայտնի քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոյի հարցազրույցը «Day.Az»-ին

-Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե կողմերին երկու շաբաթ է տրվում՝ իրենց առաջարկները ներկայացնելու Մադրիդյան սկզբունքների այն կետերի վերաբերյալ, որոնց շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։ Երկու շաբաթն արդեն անցել է, սակայն որևէ նոր բան չի ասվում։ Ձեր կարծիքով՝ խոսքը ինչի՞ մասին էր։

-Դժվար է ասել, թե ընդհանրապես ինչ էր ենթադրվում այդ «չհամաձայնեցված կետեր» ասվածի տակ։ Անձամբ ես ենթադրում եմ, որ Սոչիից հետո որոշում է կայացվել Երևանին և Բաքվին շունչ քաշելու ժամանակ տալ։ Քանի որ բանակցությունները հերթական անգամ մտել են փակուղի, հավանաբար կողմերին ևս մեկ անգամ մտածելու հնարավորություն է տրվել։ Խցանման գործոնը բանակցություններում միշտ էլ եղել է։ Այստեղ ես արտառոց ոչ մի բան չեմ տեսնում, ամեն ինչ սովորական է։

-Իսկ այսօր որքանո՞վ են միմյանց մոտ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները, եթե խոսենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրանց  ձգտումների մասին։

-Կարծում եմ՝ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ այս երկու պետությունների դիրքորոշումներում որոշակի նույնականության կա։ Սակայն ես կասկածում եմ, որ Մոսկվայում և Անկարայում իսկապես մտածում են, թե մոտ ապագայում նրանք ամեն ինչ կլուծեն։ Պարզապես, և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ավելի ակտիվ են գործում, քանի որ երկուսն էլ շահագրգռված են լինե՛լ դրանում։

-Հավանաբար Դուք տեղյակ եք, որ վերջին օրերին Թուրքիան Հայաստանին մեղադրում է ցյուրիխյան արձանագրությունների հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  գործընթացը տապալելու փորձի համար։ Նշանակո՞ւմ է արդյոք դա, թե տվյալ գործընթացի վրա կարելի է խաչ քաշել։

-Այո՛, ես տեղյակ եմ տվյալ իրավիճակին։ Այնտեղ, մեծ հաշվով, եղել են ուռճացված պայմաններ, որովհետև մտածում էին՝ քանի որ թուրքերն առաջինն են օգնության ձեռք մեկնել, ապա հայերի կողմից դա կընդունվի։ Թող՝ ոչ անվերապահորեն, բայց, համենայնդեպս, զիջումների գնալու քողարկված ակնարկներով։ Սակայն հայերն ավելի անկոտրում դուրս եկան։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարժվում է, սակայն՝ շատ դանդաղ։ Եվ այդպես էլ հետագայում կընթանա։ Ե՞րբ և ինչպե՞ս այն կհասնի իր հանգրվանին։ Դա ավելի մոտ կլինի այն ժամանակ, երբ Հայաստանն իր զորքերն աստիճանաբար  դուրս կբերի Ադրբեջանի տարածքներից։ Ես նկատի չունեմ Լեռնային Ղարաբաղը, այլ նրան հարակից շրջանները։ Դա այն է, ինչը վաղ թե ուշ տեղի կունենա։ Դա իրատեսական է։ Իսկ մնացածը՝ ճանաչել, չճանաչել, մնում է հեռու ապագայում։ Սակայն հայ-թուրքական սահմանի բացման ինչ-որ պայմաններ պետք է լինեն։ Եվ դա կարող է լինել հենց նշված հայկական զորքերի դուսբերումը։ Առավել ևս, որ Թուրքիան, այսպես թե այնպես, կապված է Ադրբեջանի հետ։ Ինչ-որ զիջումներ, իհարկե, անհրաժեշտ են։ Ամբողջ հարցն այն է, թե ե՞րբ, ի՞նչ չափով և ի՞նչ ձևով։

Այս խորագրի վերջին նյութերը