Մեկնաբանություն

03.04.2018 10:03


Գևորգ Կոստանյանի «ֆունկցիոնալ» քծնանքը (տեսանյութ)

Գևորգ Կոստանյանի «ֆունկցիոնալ» քծնանքը (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր ու համատեղությամբ նաև հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն իրավագիտության ոլորտում թեկնածուական կամ էլ դոկտորոկան էր պաշտպանել (Տարոնից մինչև Լիսկա մոդայիկ է դարձել գիտական կոչումներ ու աստիճաններ ստանալը. Կոստանյանն ումի՞ց է պակաս):

Թե ինչ է իրենից ներկայացնում այդ թեկնածուականը կամ դոկտորականը, հանրության լայն շրջանակներին հայտնի չէ (նաև՝ հետաքրքիր չէ): Փոխարենը հայտնի է, որ եթե Կոստանյանը ատենախոսություն ներկայացներ քծնանքագիտությունից, ապա միանգամից ակադեմիկոսի կարգավիճակ կստանար:

Բանն այն է, որ Կոստանյան Գևորգն օրերս քծնել է Սերժ Սարգսյանին:

«Հիմա ահագին մարդ է քծնում, ի՞նչ մի օրիգինալ բան կա Կոստանյանի քծնանքում»,-կհարցնի ընթերցողը:

Քծնելը քծնում են, բայց Կոստանյանն այնպես է քծնել, որ տարբերվի իր մյուս քծնող կոլեգաներից: Այսինքն՝ քծնանքի ոլորտում նորույթ է մտցրել: Աչքի է ընկել ոչ ստանդարտ ձևակերպումներով: Ճիշտ է, ստանդարտ բաներ էլ է ասել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության ու վարչապետ չդառնալու խոստման/դրժման թեմաներով, բայց վերջում «մտել» է մի այլ կարգի:

Մինչ մյուսները քծնում են բացառապես ՀՀԿ ղեկավարին ու բացատրում, թե ինչու պետք է նա հետ կանգնի իր խոստումից և դառնա վարչապետ, քծնանքագիտության ասպարեզում ակադեմիկոսի հավակնություններ ցուցաբերող Կոստանյանը «ֆունկցիոնալ» առումով լուծում է տվել ապրիլի 9-ից հետո մեր երկրի առաջին տիկնոջ հարցին:

Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետության գլուխը «յանի» ՀՀ նախագահն է (Հը-Հը, Հա-Հա, Հի-Հի նախագահ): Դե՛, Արմեն Սարգսյանը, էլի՛: Էն որ ձենն այլևս չի լսվում: Էն որ մեկ-մեկ այցելում է Հայաստան:

Եթե ամրագրված է, ապա ենթադրվում է, որ ՀՀ առաջին տիկինը պետք է լինի նախագահի կինը: Սա, ի դեպ, թեմա է դարձել վերջին շրջանում:

Եվ ահա Կոստանյանը, որը իրավագիտության թեկնածու է կամ էլ՝ դոկտոր, օդում որսացել է թեման, շանս տեսել «չերեզով» և «նուրբ» հարցով քծնելու ու «աչոկներ» հավաքելու: Նա ասել է, որ եթե ֆունկցիոնալ առումով երկրի ղեկավարը վարչապետն է լինելու (դե՛, Սերժ Սարգսյանին նկատի ունի, էլի՛), ապա ֆունկցիոնալ առումով ՀՀ առաջին տիկին պետք է համարվի վարչապետի կինը:

Կոստանյանի այս «ֆունկցիոնալ» քծնանքը, թերևս, ըստ արժանվույն կգնահատվի վերին ատյաններում (Շարմազանովը, Խոսրովը, Հրանուշը, Գալուստն ու Աշոտյանը նյարդային ծխում են ՀՀԿ-ի գրասենյակում):

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը