Մեկնաբանություն

04.04.2018 09:55


Քացախ՝ Մարուքյանի իշտահին

Քացախ՝ Մարուքյանի իշտահին

Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի բանավեճը վաղուց դուրս է եկել դաշինքային խոհանոցից ու լցրել մամուլի էջերը (Արամ Սարգսյանը Մարուքյանի կողմն է, բայց իրեն համեմատաբար պասիվ է պահում՝ ներքին հույս փայփայելով, որ իշխանություններն ըստ արժանվույն կգնահատեն իր ու Մարուքյանի «ոչ փողոցային» վարքագիծը):

Մարուքյանը Փաշինյանին հրապարակավ մեղադրեց տրորված ու նախապես դեպի պարտություն տանող ճանապարհ ընտրելու մեջ, իսկ Փաշինյանն էլ իր հերթին մեղադրեց Մարուքյանին օեկացման ճանապարհն ընտրելու մեջ:

Մարուքյանը Փաշինյանին հիշեցնում է, թե ինչի համար էին իրենք հավաքվել (նկատի ունի դաշինք կազմելը, ոչ առանց արտաքին աջակցության խորհրդարանում հայտնվելը, իրենց վրա դրած պարտականությունն ու իրենց ընտրած ճանապարհը), իսկ Փաշինյանն էլ Մարուքյանին առաջարկում է քայլել ու հետո մտնել Ազատության հրապարակ:

Այս բանավեճում Մարուքյանը դիմեց իշխանությունների աջակցությանը՝ հոդված-առաջարկի տեսքով:

Ուշագրավն այն է, որ իշխանությունները, պատկերավոր ասած, քացախ լցրեցին Մարուքյանի իշտահին: Նա բազմաթիվ աթոռներ էր պահանջել Բ26-ից, բայց նրան հասկացրեցին, որ մի քանի զրո ավելի է ուզում և պետք է բավարարվի այն մանդատով, որն ստացել է և պետք է արդարացնի իրեն նույն այդ մանդատն ստանալու համար:

Չգիտե՞ր Աշոտյանի հետ ջան-ջիգյարային հաղորդումների մասնակցող Մարուքյանը, որ մերժվելու է Բ26-ի կողմից և ոչ մի տեղ էլ չի ստանալու իր կողմից նշած մարմիններում: Իհարկե՛ գիտեր, բայց նա խնդիր ունի ցույց տալու «Ելք»-ի ընտրազանգվածին ու նաև իր թիմին, որ կարելի է բան պոկել իշխանությունից ու ժամանակի ընթացքում ինտեգրվել իշխանական համակարգի հետ, իսկ ահա Նիկոլն իր «փողոցային» պայքարով խանգարում է այդ «գյոզալական» ծրագրին: Մարուքյանը շատ լավ հասկանում է, որ ոչ մի աթոռ էլ չի ստանալու, բայց «փողոց» դուրս չգալու «ատմազկա» է ներկայացնում:

Անշո՛ւշտ, Մարուքյանը՝ որպես «միամիտ լոռեցի», կարող էր նաև մտքի ծայրով անցկացնել ու հույս ունենալ, որ ստեղծված իրավիճակում իշխանություններից աթոռ պոկելը կարող է հեշտ լինել ու դրա համար էլ աթոռային պահանջներ է ներկայացրել, բայց Բ26-ից շատ արագ սթափեցնող ձևակերպումներ տվեցին ՀՀԿ-ական պատգամավորների շուրթերով ու Մարուքյանը «քաշվեց»: «Քաշվեց», քանզի հիմա չի կարող ասել, որ կա այլընտրանքային ճանապարհ, իսկ ահա Փաշինյանը գնում է սրացման տարբերակով ու չի թողնում, որպեսզի աթոռատեր դառնան:

Մարուքյանն իշխանությունների հետ հարաբերությունները խորացնելու ճանապարհն է ընտրել, բայց ուզում է գին բարձրացնել՝ ձեռքի հետ փորձելով փրկել իր դեմքը ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ: Նրան Բ26-ից կոպիտ ձևով ցույց տվեցին, որ գինը վճարված է նախապես՝ պատգամավորական մանդատների տեսքով: Արդյունքում՝ «լուսավոր հաճախորդներին» հիմա մնում է միայն կռիվ տալ «փողոցային» պայքարի դեմ:

Շատ դաժան են Բ26-ում: Հա՛մ հաճախորդներին ուղարկում են կռիվ, հա՛մ խրախուսական մրցանակներ չեն տալիս:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը