Մեկնաբանություն

04.04.2018 12:30


Ով և ինչպես լեգիտիմացրեց «Սասնա ծռերին»

Ով և ինչպես լեգիտիմացրեց «Սասնա ծռերին»

«Սասնա ծռերի» քայլերն ու մտածողությունը որոշակի հանրային լեգիտիմություն ունեն: Դա լրջորեն անհանգստացրել ու նյարդայնացրել է իշխանությանը: Դա է պատճառը, որ Բ26-ն իր քարոզչագործիքներով պայքարում է «ծռերիզմի» դեմ՝ փորձելով բացատրել, թե պետության համար ինչպիսի վատ հետևանքների կարող է հանգեցնել զենքի միջոցով հարց լուծելը:

Հարկ է նկատել, որ իշխանությունը ճիշտ է ասում, որ «սասնածռերիզմը» շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել պետության համար: Պարզ է, որ զենքի միջոցով քաղաքական հարցեր լուծելն անթույլատրելի է:

Պարզ է նաև, որ եթե մենք նորմալ պետություն ու ստանդարտ քաղաքական իրավիճակ ունենայինք, ապա «ծռերիզմը» կհամարվեր մարգինալ ու չէր ընդունվի հանրության ճնշող մեծամասնության կողմից, բայց հետևանքների մասին խոսելուց բացի պետք է նախևառաջ խոսել «ծռերիզմ» ծնող պատճառների՛ մասին:

Իսկ պատճառներն ակնհայտ են ու ճչացող:

Հայաստանում պատերազմ է հայտարարված քաղաքականությանը: Ամեն ինչ արվել է, որպեսզի քաղաքականությունն ապաքաղաքականացվի: Արվել է շատ հետևողականորեն ու նպատակադրված:

Մեզ մոտ ապաքաղաքականացվել են ընտրությունները և կուսակցական համակարգը: Արժեզրկվել է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր խոսքը: Լրատվամիջոցների 99 տոկոսն «անկախացվել» է և հաճախորդացվել: Ցանկացած քաղաքական միտք ալերգիա է առաջացնում հանրության լայն շրջանակների մոտ:

«Ռեյտինգային» կոչված կոմերցիոն ընտրակարգի շնորհիվ վերացել է իշխանության ձևավորման սահմանադրական ճանապարհը: Ով խոսի այդ ճանապարհի մասին, անմիջապես քարկոծման կարժանանա, քանզի բոլորն էլ հասկանում են, որ ներկա պայմաններում իշխանության ձևավորման իրավական տարբերակներից խոսողը կա՛մ քաղաքականապես տհաս է, կա՛մ ծախված:

Եթե նախկինում գոնե շատ թեթևակի հույս կար, որ ընտրությունների միջոցով կարելի է բան փոխել մեր երկրում, ապա այժմ այդ հույսն էլ չկա: Որևէ մեկն այժմ չի խոսում 2022 թվականի համապետական ընտրություններին պատրաստվելու և դասական քաղաքական գործընթացներ կազմակերպելու մասին, քանզի այդ խոսքն անմիջապես խիստ քննադատության կարժանանա ժողովրդի կողմից: Միայն իշխանական քարոզչամեքենան է հաջորդ համապետական ընտրություններին անդրադառնում, այն էլ՝ «մուտիլովկայական» սցենարի շրջանակներում:

Ահա այս պայմաններում է, որ «Սասնա ծռերը» և նրանց պատկերացումները լեգիտիմացվում են: Ասել է թե՝ «սասնածռերիզմի» լեգիտիմացման հետևանքներից արդարացիորեն բողոքող իշխանությունը պետք է այն ծնող պատճառներն իր մեջ փնտրի:

Իշխանությունն ամեն ինչ արել է, որ մարդիկ դասական քաղաքական ու իրավական ճանապարհից դուրս փնտրեն փոփոխությունների ճանապարհը: Պահանջարկը ծնել է առաջարկ, ու մենք ստացել ենք «սասնածռերիզմ»:

Երբ քաղաքականությունն ապաքաղաքականացվում է, բեմի վրա հայտնվում է հրացանը, որը միշտ կրակելու հատկություն ունի:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը