Հարցազրույց

05.04.2018 10:48


Կարևոր է, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարողները չլինեն պասիվ դիտորդներ. Արմեն Գրիգորյան

Կարևոր է, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարողները չլինեն պասիվ դիտորդներ. Արմեն Գրիգորյան

Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ խաղաղ պայքար նախաձեռնելու կոչ է արել։

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սա ակտիվանալու և գործողություններ ձեռնարկելու կոչ է, և կապ չունի, թե ով ում կմիանա, կարևորը պայքարելն է։

Հարցին, թե այժմ գոհ չե՞ն քաղաքացիների ակտիվությունից, Գրիգորյանը պատասխանեց. «Քանի որ այս գործն ավելի շատ մոբիլիզացիա է պահանջում, կարծում ենք, որ լավ կլինի, որ հնարավորինս մեծ՝ լայնածավալ ակտիվություն լինի։ Միշտ էլ ավելի ակտիվ լինելն օգնում է քաղաքական նպատակին հասնելուն»։

Այս պահին գործող նախագահի հնարավոր վարչապետության դեմ երեք ուժեր են պայքարում՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, «Հանուն Հայաստան պետության» ճակատը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունն իր հայտարարությունում նշում է, որ թեև պայքարող ուժերը համակարգային փոփոխություններին միտված երբեմն իրարից տարբերվող տեսլական և ծրագրեր ունեն, բայց նրանք մի կողմ են դրել տարաձայնությունները և Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ արդյունավետ պայքարելու համար համագործակցում են։

«Ամեն մի խումբ իր գործողություններն է իրականացնում: Ոնց որ առվակները գալիս ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի կետի են միանում, էս փոքր գործողությունները բերում ընդհանուր գործին են օգնում, և էս դեպքում նաև էն, ինչ ձևով մենք պայքարում ենք, կարծում եմ, որ քաղաքացին էլ կարող է տեսնել ու էդ օրինակով էլ ինքը ոգեշնչվել։ Պետք չի լինի մեկ կենտրոն, որտեղից քաղաքացուն ասեն ամեն մի քայլ ոնց անեն, քաղաքացին կարող է միանալ նախաձեռնություններին, բայց կարող է նաև ինքը քայլեր ձեռնարկել, կամ մնացած սուբյեկտներն իրենք կարող են քայլեր ձեռնարկել»,-ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ տարբեր բողոքի ակցիաների ժամանակ նաև պայքարող ուժերն իրար օգնում են, ինչպես նաև համակարգում են ակցիաները, որպեսզի իրար չխանգարեն։

«Մերժի Սերժին» նախաձեռնության անդամները կարծում են, որ առաջին և ամենակարևոր քայլը այն է, որ տարբեր ուժեր և անհատներ, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանին, չլինեն պասիվ դիտորդ, այլ միանան պայքարին կամ իրենք ակցիաներ անեն։

Նախաձեռնությունը նաև հայտարարում է, որ գիտակցում են՝ Սերժ Սարգսյանը պատրաստ է դիմելու ցանկացած միջոցի, որպեսզի պահի իշխանությունը, բայց նրա հեռացումը, պնդում են, հնարավոր է։ Դրան, ըստ նախաձեռնության, կարելի է հասնել փողոցում հանրության մոբիլիզացիայի և կենտրոնացված ու ապակենտրոնացված ակցիաների միջոցով:

Ի դեպ երեկ Սերժ Սարգսյանը նախագահականում «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» թեմայով խորհրդակցություն է անցկացրել, խոսել Հայաստանի ապագայից և հիշեցրել մինչև 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու իր հայտարարությունը։

Գործող նախագահի լիազորությունները կավարտվեն 5 օրից: Իշխող Հանրապետականի ներկայացուցիչները վերին շրջանում պարբերաբար հայտարարում են, որ հենց Սերժ Սարգսյանին են տեսնում ապրիլի 9-ից լիարժեք խորհրդարանական կառավարման անցնող Հայաստանի վարչապետի պաշտոնում:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը