Մեկնաբանություն

05.04.2018 12:30


Ռուս-թուրքական գրկախառնությունն ու Հայաստանի ապագան

Ռուս-թուրքական գրկախառնությունն ու Հայաստանի ապագան

Արևմուտքի հետ սուր հակասությունները բնական դաշնակիցներ դարձրեցին Ռուսաստանին ու Թուրքիային:

Երկու երկրներն էլ լուրջ խնդիրներ ունեն Արևմուտքի հետ: Եթե Թուրքիայինը ՆԱՏՕ-ի ներսում գտնվող ուժերի որոշակի հակասություն է՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի, քրդական հարցի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների հետ, ապա ՌԴ-Արևմուտք հակամարտությունը շատերը նմանեցնում են Կարիբյան ճգնաժամի փուլում արձանագրված ՍՍՀՄ-ԱՄՆ հակամարտությանը (թվում է, թե մի քիչ էլ ու Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները կվերածվեն «կոճակայինի»):

Հարկ է նկատել, որ Արևմուտքը «կացնային» գիծ է որդեգրել ՌԴ-ի հանդեպ: ԱՄՆ-ում հակառուսականությունը ներքաղաքական կյանքի ամենամոդայիկ ապրանքն է: Ներքաղական պայքարում օգտագործվում է Պուտինի կերպարը, ինչն իր անդրադարձն է թողնում ամբողջ աշխարհի վրա:

ԱՄՆ նախագահ Թրամփը փորձում է ցույց տալ, որ ինքը կապ չունի ռուսների հետ, որ ռուսներն իրեն չեն աջակցել ընտրություններում, և որ ինքը Դեմոկրատական կուսակցությունից ոչ պակաս պուտինատյաց է:

Թրամփի հակառուսականության իրական մոտիվը, սակայն, ավելի շատ տնտեսական է, քան թե ներքաղաքական: Ռուսաստանը փորձում է վերականգնել իր դիրքերը միջազգային զենքի շուկայում, ինչը ծանր են տանում Վաշինգտոնում: Ռուսաստանի հաջողությունները Սիրիայում նույնպես ԱՄՆ-ը ծանր է տանում: Դա է պատճառը, որ հակառուսականությունը թափ է հավաքում Արևմուտքում:

Ահա միջազգային այս իրավիճակում ռազմավարական պայմանավորվածության են գալիս Ռուսաստանն ու Թուրքիան: Այդ պայմանավորվածությունները ներառում են ռազմաքաղաքական ու տնտեսական (էներգետիկ) ոլորտները և չափվում են միլիարդավոր դոլարներով: Պուտինն այնպիսի ճոխ ընդունելության արժանացավ Էրդողանի կողմից, որ բոլորի համար ակնհայտ դարձավ՝ Մոսկվան ու Անկարան շատ ամուր են սեղմել ձեռքերը:

Փորձագետները Ռուսաստանի ու Թուրքիայի գրկախառնությունը համեմատում են Լենին-Աթաթուրք համագործակցության հետ: 100 տարի առաջ էլ գրեթե նույն իրավիճակն էր: Արևմուտքից եկող ճնշումները մոտեցրեցին բոլշևիկյան Ռուսաստանին ու ժամանակավոր «կարմրող» քեմալական Թուրքիային:

100 տարի առաջ ռուս-թուրքական գրկախառնությունը բացասաբար ազդեց հայերիս վրա, բայց դրսում մեղավորներ փնտրել պետք չէ: Խնդիրները մեր ներսում էին:

Հիմա էլ մենք կարող ենք տուժել ու մանրադրամ դառնալ ռուս-թուրքական գրկախառնության արդյունքում՝ եթե մեզ ադեկվատ չպահենք:

Ռուսներից նեղանալու, թուրքական (իբր խորամանկ) դիվանագիտությունից վախենալու և կոմպլեքսավորվելու, գլխներիս մոխիր լցնելու, լալահառաչ անեծքներ տեղալու, դրսի ուժերին մեղադրելու, Արևմուտքի վրա հույս դնելու, սեփական անվտանգության հարցերը ռուսներին վստահելու փոխարեն պետք է ապավինել սեփական ուժերին ու դրսում դաշնակիցնե՛ր փնտրել, այլ ոչ թե դայակներ:

Չի՛ կարելի է հուսալ, որ Հարավային Կովկասում ՌԴ-ի միակ ռազմաբազան Հայաստանում է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և որ մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք, հետևաբար՝ մեր անվտանգության հետ կապված խնդիրներ չկան (հայաստանյան իշխանությունները համոզված են, որ մեր անվտանգության ապահովման պարտականությունը ՌԴ-ինն է, իսկ թալանի իրավունքը՝ իրենցը):

Միշտ պետք է հիշել, որ դաշնակցում են սեփական «Ես»-ը ունեցող պետության, այլ ոչ թե «աղքատ ու թույլ բարեկամի» հետ: Պետք է հիշել նաև, որ Ղարաբաղի մասով ՌԴ-ն որևէ դաշնակցային պարտավորություն չունի և միայն ուժեղ Հայաստանով է հնարավոր ապահովել ՀՀ ու Արցախի անվտանգությունը:

Չպետք է մոռանալ նաև, որ ՌԴ-ն Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր կենսական շահերի գոտի և ձգտում ռազմավարական հարաբերություններ հաստատել բոլորի՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ: Այս պահին առաջինի հետ ունի ռազմավարական հարաբերություններ, սակայն դրանք վերջին տարիներին փոխել են իրենց բնույթը՝ ռազմավարականից վերածվելով վասալայինի, ինչը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ռուսաստանի շահերից:

Վրաստանի մասով ՌԴ-ն լուրջ խնդիրներ ունի և գործնականում կորցրել է այդ երկիրը, բայց միևնույն է ՆԱՏՕ-ի մուտքն այնտեղ տեսանելի ապագայում չի սպասվում: Ի դեպ, Վրաստանն իր պոկվելու համար վճարեց Աբխազիայով ու Հարավային Օսիայով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջին տարիներին նկատվում է մեր թշնամի պետության ու ՌԴ-ի լուրջ մերձեցում: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, լրջորեն աշխատում է Ռուսաստանի հետ բոլոր հարթություններում: Բաքվում շատ լավ գիտակցում են, որ Ղարաբաղի հարցի՝ իրենց օգտին լուծման համար անհրաժեշտ է առնվազն ՌԴ չեզոքությունը: Գիտակցում են ու լուրջ քայլեր իրականացնում:

Ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը փորձելու է նաև օգտագործել ռուս-թուրքական մերձեցումը, ինչին ակտիվորեն կաջակցի նաև Թուրքիան: Ղարաբաղյան ստատուս քվոյին լրջորեն կարող է վնասել ռուս-թուրքական ալյանսը, եթե Հայաստանը առարկայական նախաձեռնողականություն չցուցաբերի Մոսկվայի հետ հարաբերություններում ու ներքին կյանքում լուրջ փոփոխությունների չգնա:

Հայաստանում պետք է հասկանան, որ ռուս-թուրքական ռազմավարական հարաբերությունները կայացած փաստ են ու համապատասխան հետևություններ անեն՝ այդտեղից բխող վարքագծով:

Ունա՞կ է արդյոք հայաստանյան իշխող այս վերնախավը համարժեք պահվածքի: Ունի՞ արդյոք իշխող վերնախավը ռազմավարական մտածողություն: Բացի ներքին կյանքի «մուտիլովկաներից» այլ բան հետաքրքրո՞ւմ է իշխող վերնախավին: «Անփոխարինելի» իշխանությունը կարո՞ղ է դիմագրավել Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին: Սրանք հռետորական հարցեր են:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը