Աշխարհ

06.04.2018 09:01


Ամերիկյան բանակը դիրքավորվել է թուրքական բանակի հետ սահմանակից գոտում (տեսանյութ)

Ամերիկյան բանակը դիրքավորվել է թուրքական բանակի հետ սահմանակից գոտում (տեսանյութ)

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ պայքարը ահաբեկչության դեմ Սիրիայում շարունակվում է՝ չնայած նախագահ Թրամփը վերջերս նշել էր, որ ամերիկյան զորքերը շուտով կլքեն Սիրիան: Այս պահին լարվածությունը պահպանվում է Թուրքիայի հետ սահմանին, որը սպառնում է քրդական զորամիավորումներին։

Այս պահին Սիրիայում գտնվող ամերիկյան զորախմբի թվաքանակը հասնում է 2000 զինծառայողի: Նրանց մեծ մասը գտնվում է հյուսիսային Մանբիջ քաղաքում, որը ազատագրվել է Դաեշ-ից քրդական զորամիավորումների կողմից ԱՄՆ-ի աջակցությամբ:

Օրերս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը շուտով դուրս կբերվեն Սիրիայից, սակայն ամերիկյան և տեղական ռազմական ղեկավարները հայտարարում են, որ դեռևս վաղաժամ է դրա մասին խոսել:

«Մենք ազատագրել ենք այս տարածքները Դաեշ-ից: Այստեղ են մեր ընկերներն ու դաշնակիցները: ԱՄՆ-ի պետքարտուղարության ու Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները մեզ հավաստիացրել են, որ ամերիկյան զորքերը մնում են Մանբիջում»,-ասում է Մանբիջի ռազմական ղեկավարության ներկայացուցիչ Մուհամեդ Աբու Ադելը:

Վերջերս ամերիկյան զորքերը դիրքավորվեցին Մանբիջի բարձունքներից մեկի վրա՝ թուրքական բանակի զբաղեցրած դիրքերի հետ սահմանային գոտում:

«Նախկինում այս դիրքերը միայն մենք էինք վերահսկում: Այժմ դրանք ավելի լավ են պաշտպանված, քանի որ վստահ ենք, որ թուրքական զորքերն ու զինյալները չեն հարձակվի այս ուղղությամբ»,-ասում է Մանբիջի դիրքերի հրամանատար Ալի Մանբիջը:

Սպիտակ տունը իր հերթին կրկին հայտարարել է, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Սիրիայից՝ ընդգծելով, սակայն, որ առայժմ դրա վերաբերյալ չկան հստակ ժամկետներ:

«Մենք ցանկանում ենք իշխանությունը փոխանցել տեղի ուժերին ու այդ ընթացքում բացառել, որ Դաեշ-ը կրկին գլուխ բարձրացնի այնտեղ: Սա է մեր բռնած ուղղությունը, ուր կարողացանք գրանցել հաջողություններ նախագահի առաջնորդությամբ»,-հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:

Փորձագիտական շրջանակները շարունակում են պնդել, որ չնայած Դաեշ-ը կորցրել է վերահսկողությունը այս տարածքների նկատմամբ, այն շարունակում է իր գոյությունը պահպանել Սիրիայում և վտանգ ներկայացնել:

«Թրամփի խորհրդականները վերջին օրերին փորձում էին համոզել նախագահին, որ այս պահին զորքերի դուրս բերումը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, քանի որ այսպիսով կուժեղանան Ռուսաստանի ու Իրանի դիրքերը, որոնք աջակցում են Դամասկոսին: Դա նաև կխրախուսի Թուրքիային շարունակել իր հարձակումը Աֆրինում ու դեպի Թալ Ռիֆաաթ և արևելք»,-նշում է Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Ամի Օստին Հոլմսը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի աջակցությունը քրդական զորամիավորումներին Սիրիայում և Իրաքում դարձել է մշտական լարվածության աղբյուր Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը