Մեկնաբանություն

11.04.2018 11:35


Սերժ Սարգսյանը հայտնվում է «առաջին գծում»

Սերժ Սարգսյանը հայտնվում է «առաջին գծում»

Սերժ Սարգսյանը ստվերային գործիչ է: Հրապարակային գործունեությունը նրա համար չէ:

ՀՀԿ ղեկավարի տարերքը կուլիսներն են: Չերևացող «ֆռոնտում» նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում:

Քաղաքական կոմերցիայի ու մանիպուլյացիաների դաշտում Սարգսյանն ակադեմիկոս է. փորձը դա է ցույց տալիս:

Սարգսյանը միշտ գործել է թիկունքից ու մնացել երկրորդ պլանում: Նա միշտ գտել է մեղավորներ ու փորձել խուսափել պատասխանատվությունից (Բ26-ի քարոզչամեքենան միշտ մեղավոր է ներկայացրել բոլորին՝ ՌԴ-ից մինչև Ռոբերտ Քոչարյան, Ալիևից մինչև «օլիգարխներ», որպեսզի «հիմնավորի», թե, իբր, չեն թողնում, որ Սերժ Սարգսյանն աշխատի): Դա իր համար կոմֆորտային վիճակ է ապահովել ու հնարավորություն տվել ավելացնել ստվերային ազդեցությունը:

Նա ստվերում էր Ղարաբաղյան շարժման ժամանակ, պատերազմի տարիներին և դրանից հետո:

Իշխանության մեջ Սարգսյանը միշտ գործել է առաջին դեմքերի թիկունքում և իրեն ապահով զգացել:

Նա երկրորդ պլանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին: Նույն վիճակն էր նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում: Սարգսյանն այդ տարիներին իշխանություն ուներ, բայց չէր ընկալվում որպես պատասխանատու:

Հրապարակային քաղաքական մրցակցությունից նա խուսափում է ինչպես սատանան խունկից:

2003-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նա մտավ ՀՀԿ ու թաքնվեց Անդրանիկ Մարգարյանի հետևում:

2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա գլխավորում էր ՀՀԿ ցուցակը, բայց իշխանության առաջին դեմք չէր, ինչը հնարավորություն էր տվել նրան ազատորեն գործելու և պատրաստվելու նախագահական ընտրություններին:

2008-ի ու 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ նա, հանգամանքների բերումով ու իրավիճակից ելնելով, ստիպված հայտնվեց քաղաքականության «առաջին գծում», և շատ ծանր փորձությունների մեջ հայտնվեց, որովհետև շատ թույլ է հրապարակային քաղաքական հարթության մեջ: Դա է պատճառը, որ փոխվեց Սահմանադրությունը, որպեսզի նա պայքարի ու մրցակցության «առաջին գծում» հայտնվելուց խուսափի և իշխանության վերարտադրությունն ապահովի վարչապետի կարգավիճակում:

Ինչ վերաբերում է հաճախորդներ բուծելուն, ապա դա էլ է արվում այլոց հետևում թաքնվելու նպատակով: Գեղամյանները նրա համար որոշակի ազատություն են ապահովել և հնարավորություն տվել մանիպուլյացիաներ անելու: Հանրությանը մատուցվել են «ընդդիմադիրներ», որպեսզի վերջիններս անհրաժեշտ պահին «պայթեցվեն» ու ապահովեն Սերժ Սարգսյանի համար բարենպաստ իրավիճակ:

Երբ հանրային վարկանիշ ունեցող հաճախորդների քանակը սպառվել է, նա հանրությունից թաքնվել է իշխանության կադրային քաղաքականության ու քարոզչության հետևում:

2008-ի նախագահական ընտրություններից հետո նա հանրությանը դեմ տվեց «ուսյալ-կրթյալ» Տիգրան Սարգսյանին: Հետո, երբ Տ. Սարգսյանի «փուչիկը» պայթել էր ու քաղաքական դաշտում ակտիվացել էին քաղաքական գործընթացները, նա թաքնվեց Հովիկ Աբրահամյանի հետևում (մինչև այդ նա թաքնվել էր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետևում՝ տարածելով, թե իբր նա է լինելու իշխանության ժառանգորդը և այդպիսով փորձելով Գագիկ Ծառուկյանի աճող վարկանիշի դեմն առնել):

2016-ին նա թաքնվեց Կարեն Կարապետյանի հետևում:

2017-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս թաքնվեց: Նա հանրությանը դեմ տվեց Կարեն Կարապետյանին ու «ռեյտինգային ջիգիթներին»: ՀՀԿ ղեկավարի համար պաշտպանիչ շերտի ֆունկցիա կատարեցին Կարեն Կարապետյանի շոուները («ուդառնիկ», ժիլետ, Պուտինի «փոշի» և բարի ժպիտ) և 10.000-դրամանոցները:

Այժմ Սերժ Սարգսյանը, հակառակ իր խոստման, գնում է վարչապետության՝ կամա թե ակամա հայտնվելով քաղաքականության «առաջին գծում»: Նա արդեն չունի մանիպուլյացիաների ունակ վարկանիշային հաճախորդներ (մնացել է էդմոնմարուքյանների ու արամզավենիչների հույսին, որոնք զրոյական վարկանիշ ունեն ու հերթական անգամ պայթեցին առաջին իսկ «քայլից»), ինչպես նաև չունի իշխանության ներսում որևէ մեկին, որպեսզի դեմ տա հանրությանը («նախագահ» Արմեն Սարգսյանն ընդամենը մի քանի օր կարողացավ մոլորեցնել հանրության մի մասին և շատ արագ «խուրդվեց»):

Կարեն Կարապետյանին օգտագործելուց հետո Սարգսյանը մեն-մենակ կանգնած է հայաստանյան խնդիրների ու հանրության առաջ: Դա ամենադիսկոմֆորտ վիճակն է նրա համար, բայց դա ի՛ր ընտրությունն է:

Սարգսյանին այժմ չեն կարող օգնել անգամ 2008-ից ստեղծված «Գեբելսյան» քարոզչագործիքները՝ տխրահռչակ «1in.am»-ի գլխավորությամբ:

Ապրիլի 9-ից հետո Սարգսյանը հակասական վիճակում է հայտնվել: Մի կողմից նա չի հանդուրժում ուժեղ ֆիգուր իր կողքը և գնում է ցմահ իշխանության, մյուս կողմից՝ նա կարիք ունի ուժեղ ֆիգուրի, որի հետևում թաքնվի ու իր սիրած գործով զբաղվի: Կարիք ունի, բայց ռեսուրս չունի:

Սերժ Սարգսյանն իշխանության պահպանման առումով շատ պրագմատիկ և նպատակասլաց գործիչ է: Նա լավ գիտի, որ ունի շատ ցածր հանրային վարկանիշ և հենց դա է պատճառը, որ մշտապես խուսափել է հանրության հետ դեմ առ դեմ դուրս գալուց: Բայց եկել է պահը ու նա հայտնվել է իր համար ոչ հաճելի դրության մեջ:

Թե ինչով է ավարտվելու այս ամենը, այլ խոսակցության թեմա է:

Մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանում ադրբեջանական կամ միջինասիական համակարգ պահելու ռեսուրս չկա: Որքա՞ն կձգի Սարգսյանը և որքա՞ն կձգի Հայաստանն այս պայմաններում, դժվար չէ կռահել:

Մենք հիմա վտանգավոր փուլ ենք մտնում: Վտանգավոր ինչպես անձամբ Սերժ Սարգսյանի, այնպես էլ Հայաստանի համար:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Սերժ Սարգսյանն իր վարչապետության համար ընտրել է ՀՀԿ-ի հետևում թաքնվելու տարբերակը՝ փորձելով ցույց տալ, թե իբր ինքը չուզում, բայց ՀՀԿ-ականներն են իրեն «զոռով» վարչապետ դարձնում: Սակայն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ինքն ունի ինչ որ մեկի հետևում թաքնվելու կարիք, որպեսզի դառնա անփոխարինելի: Արդյունքում՝ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը միմյանց են դեմ տալիս հանրությանը:

«Ոհմակն» ունի իր խաղի կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը