Աշխարհ

12.04.2018 10:29


Իլհամ Ալիևն ընտրություններում հավաքել է 86 տոկոս ձայն․ Էրդողանն արդեն իսկ շնորհավորել է

Իլհամ Ալիևն ընտրություններում հավաքել է 86 տոկոս ձայն․ Էրդողանն արդեն իսկ շնորհավորել է

Ադրբեջանի նախագահական ընտրություններում, ինչպես և կանխատեսվում էր, ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 3 մլն 959 հազար 553 քվեաթերթիկներից հաշվվել է 3 մլն 723 հազար 278-ը, որի արդյունքում Ալիևը հավաքել է ձայների 86 տոկոսը:

Նրան հաջորդող թեկնածուն՝ ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը հավաքել է ընդամենը 3.11 տոկոս ձայն:

Համաձայն ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 74.51 տոկոսը:

Ուշագրավ է, որ ընտրությունների ժամանակ ստացվել են շատ հաղորդումներ կոպտագույն ընտրախախտումների վերաբերյալ: Մասնավորապես գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, լրագրողների աշխատանքի խոչընդոտման, կրկնաքվեարկությունների դեպքեր:

Ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ Ալիևին արդեն իսկ շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թեպետ արտահերթ հրավիրված նախագահական ընտրություններում առաջադրվել էր 8 թեկնածու, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ դրանց արդյունքն արդեն կանխորոշված է և որ հաղթողի միակ հավակնորդը վերջին 15 տարիների ընթացքում երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է, ով նախկինում արդեն 3 անգամ ընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թվականներին): Վերջին տարիների ընթացքում նա լռեցրել է երկրում գործող բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին. շատ ընդդիմադիր գործիչներ ազատազրկվել են կամ արտաքսվել երկրից, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը պարզապես դադարեցվել է:

Այս ընտրություններն առաջինն էին Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։

Այս խորագրի վերջին նյութերը