Խմբագրական

13.02.2010 22:15


Անհանգիստ փետրվար

Անհանգիստ փետրվար

Սերժ Սարգսյանի նախաձեռնած տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը սահուն կերպով վերածվում է «Տրիստան և Իզոլդա» կամ «Ռոմեո և Ջուլիետ» (դերաբաշխումը կարող եք ինքներդ անել) սիրավեպերը հիշեցնող պատմության, բայց «սերը» տվյալ դեպքում կեղծ է, քանի որ կողմերը «ոխերի՛մ սիրահարներ» են։ Այս ամենը շատ զվարճալի կլիներ, եթե մեր երկրին չառնչվեր և, ըստ այդմ, չդառնար տրագիկոմեդիա։

Հիմա «Գյուլ և Սարգսյան» «սիրավեպի» մասնակիցների մոտ մելոդրամայի էլեմենտներ են ի հայտ եկել։ Դատեք ինքներդ. ՀՀ նախագահը թռչում է Թուրքիայի վրայով՝ չմոռանալով «օդային համբույր» ուղարկել «Ձերդ գերազանցություն Գյուլին» (Թուրքիայի նախագահն այդ պահին տեղում չէր, բայց «տարածքում» էր)։ Իսկ Գյուլն էլ իր հերթին է «ծաղիկներ» ուղարկում «թռչող հոլանդացուն»։

«Սիրահարների» հղած նամակների բովանդակությունն առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծել, որ և՛ «Տրիստանը», և՛ «Իզոլդան» ուզում են գրկախառնվել միմյանց, բայց խանգարում են փակ սահմանները, և իրենք ցանկանում են բացել այն։ Բայց իրականում, հայ-թուրքական հարաբերությունները փակուղի են մտել և կողմերը պարզապես հրաժեշտի խոսքեր են ասում միմյանց։

«Իզոլդան» վերջապես հասկացել է, որ «Ֆուտբոլասեր» դառնալով՝ ինքը վտանգել է և՛ սեփական իշխանությունը, և՛ պետության անվտանգությունը։ Նա հույս ուներ, որ կկարողանա կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունն առանց Արցախի նախապայմանի, բայց ՀՀ իշխանությունների դիվանագիտական անհեռատեսությունն այժմ մի վիճակ է ստեղծել, որ առաջին պլան է մղվել Արցախի՛ հարցը, որի լուծման ներկայումս շրջանառվող տարբերակը նշանակում է հայկական կողմի լիակատար կապիտուլյացիա։ Սա վերջապես ընկալել է «ճկուն» Սարգսյանը և հիմա խուճապի մեջ է, բայց փորձում է «էշը ցեխից հանել»։

Գաղտնիք չէ, որ թուրքերն անընդհատ ասել են, թե քայլ է պետք Հայաստանի կողմից՝ Ադրբեջանին գոհացնելու համար, որպեսզի կարողանան վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Այդ ընթացքում նրանց հաջողվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա ճնշումներ բանեցնել, օգտվելով Ս.Սարգսյանի կոպիտ սխալից, երբ նա հրապարակավ դրական արտահայտվեց Գյուլի՝ Արցախի հարցում օժանդակելու ցանկությանը, և արցախյան խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը դարձնել միջազգային քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցերից, ինչը ձեռնտու չէ Հայաստանին, բայց հիմա միջնորդների բոլոր ջանքերն Արցախի ուղղությամբ են։ Ակնհայտ է, որ հայ-թուրքական բարելավվելիք հարաբերությունները համարյա մոռացության են մատնվել, կամ, ավելի ճիշտ, ստորադասվել են Արցախի հարցին։

Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հունվարյան հանդիպումից հետո «էն վախտով» Գյուլի հետ քյաբաբ կիսած ՀՀ նախագահին այժմ այլ բան չի մնում, քան Թուրքիայի մարտավարությունը բանեցնելը։ Այսինքն Սարգսյանը ձգտելու է հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի հետ սահմանը բացելու նախապայման առաջ քաշել, ինչպես որ հակառակ տրամաբանությամբ թուրքերն են մշտապես իրենց պահել։ Սարգսյանն ուրիշ խաղ չունի։ Ասում է՝ կտամ, բայց բաց սահմանից հետո՝ հույսով, որ մեր հարևաններն իրենց կպահեն այնպես, ինչպես ժամանակին Պողոս Նուբարը. ողորմելի մարտավարություն։

Մինսկի խմբի համանախագահներին Սարգսյանը չի ուզում մերժել։ Մանավանդ որ մշտապես համաձայնել է նրանց առաջարկներին։ Արդյունքում՝ Հայաստանի անվտանգությունը հիմա «ռուսական ռուլետկայի» է վերածվել, և մեր ապագան տնօրինելու են թուրքերն ու ադրբեջանցիները։ Սարգսյանն այդպես չէր ուզում, բայց այդպես ստացվեց։

 «Նախաձեռնող» նախագահի հույսն այժմ Թուրքիան է, որը խոստացել է չվավերացնել արձանագրությունները, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել որոշակի տարածքներից։ Եթե թուրքերը մնան այդ դիրքորոշմանը, ապա Սարգսյանը կկարողանա դեմքը փրկելով դուրս գալ և՛ «ֆուտբոլից», և՛ արցախյան բանակցություններից՝ Արցախի հարցում զիջման չգնալով, բայց, բնականաբար, Թուրքիայի մասով լրիվ ձախորդության ենթարկվելով, ինչը, նկատենք, նվազագույն կորուստը կլինի ստեղծված իրավիճակում։ Իսկ եթե Թուրքիան փոխի իր որոշումը և համաձայնի արձանագրությունները վավերացնելուց հետո ստանալ արցախյան զիջումները, ապա Սարգսյանը «զույգ ոտքերով» կհայտնվի ծուղակում և կգա ի՛ր «լրջանալու պահը»։

Փաստորեն՝ փետրվար ամիսը քաղաքական առումով մեզանում հաճախ անհանգիստ է ստացվում։ 88–ի շարժումը սկսվեց փետրվարին, Լևոն Տեր–Պետրոսյանը հրաժարական տվեց փետրվարին ու դրանից հետո փետրվար ամիսներին կայացած նախագահական բոլոր ընտրություններն անկայունության աղբյուր դարձան Հայաստանի համար։ Հիմա էլ զարգացումները կարող են անկանխատեսելի լինել ու էլի փետրվար է։ Տեսնենք։

Բայց դառնանք բուն թեմային։ Արցախի հարցում Սարգսյանը չի ուզում և չի կարող զիջման գնալ այն պարզ պատճառով, որ այդ ուղղությամբ արված թեկուզև կես քայլը կբերի իր իշխանության կորստին, 1998-ի «դեժավյուին»։ Վտանգն այդ դեպքում, իհարկե, Հայ ազգային կոնգրեսից  չի լինի։ Սարգսյանը վախենում է ներքին «ոխերիմ բարեկամներից»։ Ինչևէ։

Այն որ Արցախի հարցում մեր վիճակն այնքան էլ լավ չէ՝ պարզ դարձավ նաև  Սարգսյանի լոնդոնյան ելույթից։ Ինչպես հայտնի է, Սոչիից հետո երկշաբաթյա ժամկետ էր տրվել հայկական ու ադրբեջանական կողմերին, որպեսզի նրանք վերջնական առաջարկներով հանդես գան։ Եվ ահա Սարգսյանը, երբ արդեն լրացել էր այդ ժամկետը, Լոնդոնում ներկայացրեց իր մոտեցումը, որը մոտավորապես տեղավորվում է հետևյալ բանաձևում. «Ես համաձայն կլինեմ Սոչիում քննարկված փաստաթղթին, եթե Թուրքիան բացի սահմանները։ Եթե Թուրքիան նախապայման է դնում, ապա ես էլ եմ նույնն անում։ Սկզբում բաց սահմանները,  հետո զիջումները»։ Ասել է թե՝ Սարգսյանը «այո» կամ «ոչ» չի ասում համանախագահներին և խաղից փորձում է դուրս գալ կոնստրուկտիվ կերպարով։ Նրա հույսն այն է, որ Ալիևն ու Էրդողանը կմնան իրենց հայտարարությունների գերին։ Սա նշանակում է, որ հիմա մեր բախտը նշված անձանց ձեռքում է, իսկ Սարգսյանն անհանգիստ սպասողի դերում է հայտնվել. նվաստացուցիչ վիճակ մեր երկրի համար։

Այժմ պատկերը հետևյալն է. մի կողմից Ս. Սարգսյանը տեսնում է, որ Արցախի հարցն իր սխալ քաղաքականության պատճառով («Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում») ամուր շաղկապվել է հայ-թուրքական «ֆուտբոլի» հետ, իսկ «ֆուտբոլն» այդ անփառունակ վախճան է ունենում, մյուս կողմից՝ ամեն գնով ուզում է պահպանել դրսի համար իր «Այո-մարդու» իմիջը։

Ձգտելով մշտապես «խաղաղասեր» երևալու՝ Սերժ Սարգսյանը «այո» է ասել Հիլարիին, Մեդվեդևին, Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներին՝ այն հույսով, որ Ալիևը «ոչ» կասի։

Մինչև Սոչիի վերջին հանդիպումը այդպես էլ տեղի էր ունենում, բայց այժմ Ալիևը կարծես «այո» է ասել հակամարտության կարգավորման փաստաթղթի դրույթներին, ինչը, բնականաբար, ստիպել է Սարգսյանին գործընթացից դուրս պրծնելու վերջին ճիգերը գործադրել ու գնդակը տեղափոխել հայ-թուրքական հարաբերությունների տիրույթ։

Այն ինչի մասին «օդում ու ցամաքում» խոսեց նախագահը լոնդոնյան «տուռնեի» ժամանակ՝ տեղավորվում է վերը նկարագրված զարգացումների համատեքստում։ «Չեմ կարող ասել, թե գործընթացը մինչ այս պահը հեշտ է ընթացել: Գաղտ­նիք չէ, որ Թուրքիայից անընդհատ հնչել են նախապայմաններ' կապված ԼՂ հիմնա­խնդրի կարգավորման հետ: Մինչդեռ ակնհայտ է, որ երկու գործըն­թաց­նե­րը կապե­լու փորձերը կվնասեն թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյուն­ների կարգավոր­մանը, թե՛ ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործըն­թացին: Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ որպես գործելու և լուծումներ գտնելու ուղեցույց, Հա­յաստանի և Թուրքիայի միջև հարաբերություն­ների արագ կարգավորումը կա­րող է դրական լիցքեր տալ և ուղեցույց հանդիսանալ ղարա­բաղյան կարգա­վորման գործ­ընթացին»,- «նախաձեռնողականությունը» հետ պտտեցնելու իր վերջին փամփուշտն էր օգտագործում «Մենք պետք է ճկուն լինենք՝ որոշումներ կայացնելիս ու դրանք փոխելիս» կարգախոսի սիրահարը «Չեթոմ Հաուզում»:   

Ի դեպ, Լոնդոնում նրա խոսքը «քիրվայական» և «հայրենասիրական» կոդերի արանքում էր, այսինքն՝ սերժսարգսյանական։ Բան չէր փոխվել։

Իսկ այն, որ արձանագրություններն ուղարկվեցին ԱԺ՝ նույնպես տեղավորվում է Սարգսյանի՝ դրսի աչքերում «խաղաղության աղավնի» երևալու և, միևնույն ժամանակ, Թուրքիայի գիրկը նետվելու միջոցով Արցախի հարցից խուսափելու մարտավարության շրջանակներում։ Այստեղ են ասել՝ «Ներսը սատանա, դուրսը քահանա»։

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն՝ կերևա առաջիկա ամիսներին կամ նույնիսկ օրերին։ Ինքս շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Թուրքերը չեն վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Արցախի հարցում գործընթացը կմտնի փակուղի։ Եթե հանկարծ Սարգսյանը որոշի «ֆուտբոլասեր» դառնալ նաև Ադրբեջանի հետ հարաբերություններում, ապա նա կարող է համալրել հեռացված նախագահների ցուցակը։

Արցախի հարցում փակուղային իրավիճակը կարող է մեծացնել պատերազմի վտանգը, բայց դրանից խուսափելու ճանապարհը շուտափույթ հանձնումները չեն։ Որևէ զիջում Արցախի մասով կարող է է՛լ ավելի մոտեցնել պատերազմը և Հայաստանը տանել կապիտուլյացիայի։ Այսօրվա ստատուս քվոն է խաղաղության միակ երաշխիքը։ Ովքեր սա չեն հասկանում՝ իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու։

Պատերազմից խուսափելու միակ տարբերակը ՀՀ կոշտ դիրքորոշումն է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի մասով։ Ես չեմ ասում, թե եկեք Ստամբուլը գրավենք, կամ Բաքուն։ Ես ասում եմ եկեք պահենք այն, ինչ այսօր փաստացի մեր ձեռքում է, կառուցենք ազատ ու ժողովրդավարական պետություն և ապագան մերը կլինի։ Քիրվայականությունը տանում է դեպի թուրքական վիլայեթություն։ Ովքեր ուզում են, թող գնան այդ ուղղությամբ։ Բարի ճանապարհ։

Գիտեմ, որ կան քաղաքական կղերապահպանողականներ, ովքեր համոզված են, թե քանի Արցախի հարցը չի լուծվել (այսօր դա փաստացի նշանակում է միակողմանի զիջում, դրա հետևանքով առաջացած պատերազմ և միանշնակ պարտություն) ու Թուրքիայի հետ հարաբերություններում ցեղասպանության հարցը փաստացի մոռացության չի տրվել՝ հնարավոր չէ զարգացնել ներքին ժողովրդավարությունը։ Այսինքն այդ ուժերը «Հարևաննների հետ հարաբերության կարգավորում զիջումների (փոխզիջում բառը նրանք անիմաստ են օգտագործում, քանի որ, ըստ էության, առաջարկում են գնալ միակողմանի զիջման) գնով, որը շանս կտա գնալ դեպի ներքին ժողովրդավարություն» բանաձևով են առաջնորդվում և ակամա պատերազմ քարոզում։ Այդ պնդումներն անողների հետ չարժե նույնիսկ վիճել, քանի որ նման մոտեցումները քաղաքական զառանցանքներ են, իսկ զառանցող մարդկանց կա՛մ պետք է արհամարել, կա՛մ՝ բուժել։ Այդ մեթոդով ոչ թե ժողովրդավարություն կկառուցես, այլ կվերադառնաս վիլայեթության ժամանակներ։  

Քավ լիցի, ես չեմ ասում, թե եկեք հավերժ թշնամություն անենք հարևանների հետ։ Ընդհակառակը՝ Հայաստանը պետք է ձգտի բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ, բայց դրան հասնելու համար չպետք է գնալ շուտափույթ զիջումների, այլ պետք է ներքին ռեսուրսներով դառնալ ժամանակակից պետություն և ա՛յդ դիրքերից ելնելով գնալ հարաբերությունների կարգավորմանը։

Ազգային շահերի զիջումները կսպառնան մեր ազգային անվտանգությանը, իսկ դա այն գինը չէ, որ պետք է վճարել բաց սահմանների համար։ Մանավանդ որ դիմացինդ երազում է Զանգեզուրը վերցնել ու Սևանում լվանալ ոտքերը։ Նրանց ախորժակը պետք է զսպել ազատ քաղաքացու և հզոր պետության միջոցով։

Այժմ շատ ախմախ վիճակ է։ Իշխանությունը գտնվում է ապաքաղաքական պլուտոկրատների ձեռքում, իսկ նրանց փոխարինել են ուզում «Բուրբոնները»։ Վստահ եմ, որ ժողովրդի մեծ մասն իրերի այս դասավորության հետևանքով իրեն դուրս է դրել քաղաքական կյանքից։ Հետևաբար նոր կոնֆիգուրացիայի ձևավորումն այլընտրանք չունի։

Համոզված եմ, որ մեր երկիրն այս վիճակից դուրս կգա միայն ազգային-դեմոկրատական գաղափարական հեղափոխությունից հետո։ Այլ կարծիք ունեցողները թող փորձեն իրենց ուժերը։ Տեսնենք ի՞նչ կստացվի։ Շատ, շատ վերջում գան ու «Եղիազարին» հիշեն, բայց պարզվի որ նույնիսկ «Իզոլդայի» կերպարում հայտնված «Այնթապցուն» նրանք այլևս պետք չեն, էլ ուր մնաց մեր վաղվա պետությանը։ Մեր խնդիրը պետք է լինի և՛ «Այնթապցի Իզոլդային», և՛ «Բուրբոններին» քաղաքականապես խոտանելն ու նորմալ տնտեսաքաղաքական համակարգ ստեղծելը։ Եթե ամբողջական այլընտրանքը ձևավորվի, ապա իշխանափոխությունը մեխանիկորեն կիրականանա։ Չկասկածե՛ք։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։  Սերժ Սարգսյանն ինքն իրեն դավաճանած կլիներ, եթե մի «օրիգինալ» բան արած չլիներ Լոնդոնում։ Նա իր ելույթում «մին լյավ» քննադատեց Ադրբեջանի հայատյաց էությունը, ներկայացրեց, թե ինչպիսի բարբարոսներ են նրանք, բայց մի քանի վայրկյան անց քիրվայական այնպիսի նոպայի մեջ ընկավ, որ առանց հոգեվերլուծաբանների միջամտության հնարավոր չէ ամբողջական գնահատական տալ։ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Թուրքիան սահմանը բացի, ապա այդ արարողությանն ինքը պատրաստվում է հրավիրել նաև Ալիևին։ Այսինքն Սարգսյանին հանգիստ չեն տալիս այն օրերը, երբ միջազգային խոշոր ԶԼՄ-ները նկարում էին իրեն ու լուրերի առաջին նյութերում ցույց տալիս։ Ֆոտոխցիկների շրխկոցներն այնքան են տպավորվել գորբաչովյան սինդրոմով տառապող այդ մարդու մոտ, որ նա պահի տակ ուզում է այդ ամենը հետ բերել։ Ոչինչ որ Գյուլի հետ նկարվելուց հետո երկիրը հայտնվեց խայտառակ պարտությունների հորձանուտում։ Կարևորը որ իրեն կրկին նկարեն տեսախցիկներով ու սոցիոլոգ Ալերտից ինքն էլի ծափահարություններ ստանա գերմաներենի միջակ իմացության համար։ Սա ցախիսցինոբերյան կոմպլեքսի վառ դրսևորում է։ Ուրիշ ոչինչ։

«Խաղաղության աղավնի» երևալու սարգսյանական ջանքերը պարզապես տարակուսանք են առաջացնում։ Մի՞թե Սարգսյանին թվում է, որ ինքն այդ ձևով ժամանակակից ու քաղաքակիրթ է երևում։ Քիչ էր նրան, երևի, թվացել գյուլապատումը, որը պատուհաս դարձավ Հայաստանի գլխին, հիմա էլ յոլդաշության բեմականացումներ է ուզում սարքել Ալիևի հետ։ Ի վերջո, մարդ իրեն պետք է մի քիչ արժանապատիվ պահի. հետո ի՞նչ, որ ադրբեջանահաճ գործունեությամբ ես ժամանակին զբաղվել Կեվորկովի «հայրենասեր» հայացքի ներքո։ Հիմա այլ ժամանակներ են ու դու, անկախ մեր կամքից, դարձել ես ՀՀ նախագահ։ Ուրեմն բարի եղիր, մի՛ նվաստացրու մեզ թուրքի ու ադրբեջանցու առաջ։

Պարտադիր չէ Գյուլի «դեմքին թռնել», երբ մերոնք գոլ են ուտում։ Դա ոչ թե բարեկրթության, այլ շարիկովյան վարքի դրսևորում է։ Պարտադիր չէ Ալիևին կանչել «մեր բակն» այն պահին, երբ նա պատերազմի պատրաստություն է տեսնում։

 Բոլոր բանական մարդիկ չեն սիրում պատերազմը, բայց դրանից խուսափելու լավագույն տարբերակը ռազմատենչ հայտարարություն անողին հեռակա քիրվայության կոչեր անելը չէ։ Այդ կոչերից նա էլ ավելի կարող է ոգևորվել, քիրվայության պատրաստակամությունդ գնահատել թուլության նշան ու «կծել»։

Պատկերացնել կարելի էր, թե ինչե՜ր էին մեզ սպասում, եթե Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականներն ընկնեին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի միևնույն խմբում։ Չեմ կասկածում, որ «Բաքու-Երևան» տրանզիտը կդառնար Սերժ Սարգսյանի PR քայլերի մեխը։ Է՛լ Զեյնաբ Խանլարովա, է՛լ Բյուլ-Բյուլ Օղլի. բոլորը կդառնային «ֆուտբոլասերի» PR ատրիբուտները։ Լավ էր՝ Միշել Պլատինին նախապես կանխել էր մեր գլխին գալիք մառազմները, թե չէ վիճակահանությունը հնարավորություն էր տալու Սարգսյանին այս անգամ էլ Ալիևի՛ խաթեր համար անջատել Ծիծեռնակաբերդի լույսերը, իսկ ոմանց՝ հետաձգել հանրահավաքը...

Փաստորեն՝ լավ պրծանք և մնում է միայն «վայելել» «Սարգսյան-Գյուլ» «ծառայողական սիրավեպի» ավարտը։

Այս խորագրի վերջին նյութերը