Մեկնաբանություն

15.04.2018 19:15


Փնտրվում է ՀՀ նախագահ

Փնտրվում է ՀՀ նախագահ

Երևանի սրտում՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները երկու օր է՝ փնտրում են Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ականներին: Վերջիններս քաղաքի աչքից հեռու՝ գեղատեսիլ Ծաղկաձորում հավաքվել ու «հավակնեցնում» էին «չհավակնողին» վարչապետի պաշտոնին:

Դատելով ֆոտոներից՝ «չհավակնողն» առանձնապես չի դիմադրել: Միանգամից համաձայնել է ու «կողմ» քվեարկել սեփական թեկնածությանը:

Քծնանքային ու պնակալեզային ելույթների տեսանյութերը չեն տարածվում՝ հայ ժողովրդին գոնե մի պահ ավելի չզայրացնելու նպատակով: Միայն Կարեն Կարապետյանի լայն ու քաղաքականապես անմեղսունակ ժպիտն է տեսախցիկների առաջ հայտնվել: Մի խոսքով, ՀՀԿ-ն Ծաղկաձորում «կորել» էր:

Մինչ Երևանում հավաքվածները փորձում էին գտնել Ծաղկաձորում թաքնվածներին, արանքում կորավ ևս մեկը՝ «4-րդ հանրապետության 1-ին նախագահը»: Դե՛, պետության գլուխը, էլի՛:

Հիշում եք, երևի, որ օրերս մեկին ՀՀ նախագահ նշանակեցին, երդվացրեցին և ուղարկեցին ... Անգլիա: Դե՛, Արմեն Սարգսյանին, էլի՛:

Հիշում եք, նաև, որ Արմեն Սարգսյանը պետք է վերկուսակցական դեմք լիներ, հանրային երկխոսության մեջ մտներ:

Իրենից լիազորությունները վերցրել ու նոր միայն երդվացրել էին: Նա էլ ի պատասխան ասել էր, թե լիազորությունները չեն, որ իրեն պետք է գեղեցկացնեն, այլ իր խոսքը, և որ ինքը խոսքի իշխանություն է բանեցնելու:

Հիմա եկել է խոսելու պահը, բայց Արմեն Սարգսյանը լուռ է ինչպես ձուկը: ՀՀ քաղաքացիները Սերժ են մերժում, իսկ Արմեն Սարգսյանը չկա ու չկա: Մինչդեռ պետք է խոսեր, ու մենք իմանայինք, թե ինքը ինչ է մտածում: Հավանությա՞ն է արժանացնում փողոցները փակելու գործընթացը, թե՞ ոչ, արդա՞ր է համարում մարդկանց պահանջը, թե՞ ոչ, նորմա՞լ է համարում, որ Սերժ Սարգսյանը խոստացել է ու հիմա խոսքից հետ է կանգնում, թե՞ ոչ: Իհարկե, պարզ է, թե ինչ է մտածում Արմեն Սարգսյանն այս ամենի մասին, բայց, ամեն դեպքում, պետք է խոսի, որ հետագայում «ատմազկա» չունենա ու իր «թռած» վիճակը չարդարացնի, թե բա քաղաքում չեմ եղել ու չեմ իմացել:

Նախագահականի կայքից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանը կնոջ ու Գարեգին Բ-ի հետ մոմ է վառել, սրան-նրան ուղերձ, շնորհավորհանք ու նամակ է ուղարկել: Մի խոսքով, ամեն ինչ արել է մեր պետության գլուխ աշխատողը, բայց չի նկատել իր գրասենյակից մի քանի տասնյակ մետր ներքև տեղի ունեցող իրադարձութունները և կարծիք չի հայտնել:

Բոլորիս համար էլ պարզ է, որ Արմեն Սարգսյանը Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենիչի, Շարմազանովի, Բ26-ի հին ու նոր հաճախորդների և մյուս ՀՀԿ-ականների պես անդամագրված է «Մի՛ մերժիր Սերժին, SNICKERS-ի՛ր» նախաձեռնությանը, բայց գոնե ձևական կողմը պահի ու իր խոստացած խոսքի իշխանությունը բանեցնի:

ՀՀ վարչապետ ու նախագահ դառնալուց հետո Արմեն Սարգսյանը պետք է փորձի իր կյանքում գոնե առաջին անգամ քաղաքական միտք արտահայտել: Իսկ եթե մոտը չի ստացվում, ապա կարող է գոնե Նունիկի օգնությանը դիմել (Սերժ Սարգսյանն այդ ձևով օգտագործեց Արմեն Սարգսյանի կնոջ անունը, երբ Բ26-ում «ընդունում-հանձնում» էր իրականացնում): Չէ՞ որ ՀՀԿ ղեկավարը համոզմունք հայտնեց, իսկ Ա. Սարգսյանն էլ համաձայնեց, որ Նունիկը կօգնի «4-րդ հանրապետության 1-ին նախագահին»:

Աո՜ւ, ՀՀ նախագա՜հ, որտե՜ղ ես: Աո՜ւււււււււււււււււււււււ ...

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը