Հարցազրույց

18.04.2018 23:50


Հայկ Խանումյան․ «Ինչ կատարում են Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը, բերում է անվտանգության մակարդակի ցածրացման»

Հայկ Խանումյան․ «Ինչ կատարում են Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը, բերում է անվտանգության մակարդակի ցածրացման»

Երևանում ընթացող ներքաղաքական զարգացումների, դրանց վերաբերյալ Արցախի արձագանքի մասին Factor.am-ը զրուցել է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ.

-Պարո՛ն Խանումյան, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության կողմից վերջին օրերին Երևանում ծավալվող իրադարձությունները:

-Գնահատում եմ որպես քաղաքացիական անհնազանդություն, և թե՛ ես, թե՛ մեր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում ենք այդ անհնազանդության ակտերը և՛ Երևանում, և մյուս քաղաքներում և հայտնում ենք մեր համերաշխությունը:

-Պարո՛ն Խանումյան, ինչո՞վ է պայմանավորված այն, որ Արցախից Երեւանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ արձագանքներ չկան։

-Սոցիալական ցանցերում բազմաթիվ արձագանքներ կան խորհրդանշական ակցիաների ձևով: Հայտարություններ, դեռևս, կարծում եմ, կլինեն: Ես բազմաթիվ արցախցիների եմ տեսնում այդ շարժման շարքերում, որոնք գնում են մասնակցելու՝ սկսած ամենասկզբից ՝ Վոլոդյա Ավետիսյանի նստացույցից, «Մերժին Սերժին» ակցիայի սկզբներից մինչև վերջին օրերը, երբ այդ ամեն ինչը միավորվեց:

-Սակայն Արցախի պաշտոնական շրջանակներից և քաղաքական կուսակցություններից հայտարարություններ չենք լսում:

-Կլինեն, դեռևս, վաղը խորհրդարանի նիստ է, միգուցե, այնտեղ արձագանքներ լինեն, մյուս կուսակցությունների անունից ոչ մի բան չեմ կարող ասել, բայց այն, որ մեր կուսակցությունը ողջունում է և իր համերաշխությունն է հայտնում, դա ակնհայտ է, և մեր կուսակցության տարբեր դեմքեր տարբեր հարթակներում արտահայտվել են, այնպես որ՝ արձագանք եղել է:

-Երևանում դեպքերի հետագա լարումն ի՞նչ ազդեցություն կարող է ունեալ Արցախի և՛ քաղաքական կյանքի, և՛ սահմանային իրավիճակի վրա:

-Արցախում և Հայաստանում գնում է մի պրոցես, որը զգալիորեն թուլացնում է մեր անվտանգությունը և պաշտպանունակությունը: Քաղաքական համակարգի ոչնչացում է, երբ երկրի թիվ մեկ աթոռին նստած մարդիկ իրենց ժամկետի սահմանափակումից հետո, Սահմանդրությունների փոփոխություններից հետո փորձում են մնալ այդ թիվ մեկ աթոռին: Դա կատարվում է և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում, և այդ անդամները լուրջ խնդիրներ են հարուցելու մեր երկրի անվտանգության և պաշտպանունակության համար, քանզի քաղաքական համակարգը ոչնչանում է, արդարության զգացումը նվազում է, ինչը բերում է արտագաղթի, ներդրումների քչացման, հետևաբար, այն, ինչ կատարում են Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը, բերում է անվտանգության մակարդակի ցածրացման, իսկ պայքարը նրանց գործողությունների նկատմամբ բերում է անվտանգության մակարդակի բարձրացման: Ես հույս ունեմ, որ պայքարողներին կհաջողվի հաջողության հասնել և իշխանության հասած մարդկանց զերծ պահել ամեն գնով աթոռին գամված մնալու գայթակղությունից:

Ա․ Սուքիասյան

Այս խորագրի վերջին նյութերը