Մեկնաբանություն

19.04.2018 13:25


Սերժ Սարգսյանի ակամա ինքնախոստովանությունը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի ակամա ինքնախոստովանությունը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի խոսքի արժեքը զրոյացել է իր իսկ նախաձեռնությամբ: Բոլոր այն խոստումները, որոնք նա տվել է` իրականացել են հակառակ նշանով: Ասել է թե՝ մենք գործ ունենք ոչ միայն պաշտոնյայի, այլ նաև խոսքի ոչ լեգիտիմության հետ: ՀՀԿ ղեկավարի հրապարակային ելույթներն ու հարցազրույցները, հետևաբար, լուրջ վերլուծության ենթարկելն անիմաստ է:

Նկատենք նաև, որ Սարգսյանի հրապարակային խոսքերը գործում են իր իսկ դեմ: Նույնը եղավ նաև երեկ:

Իշխանամետ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նա փորձում էր մի լավ արդարացում գտնել, թե ինչու է իշխանությունը ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում ձախողվել իր նախագահության 10 տարիների ընթացքում, բայց ստացվեց լրիվ ուրիշ բան:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ 2017-ը միակ տարին է եղել, երբ որ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարող էին տուրիստներն ու ներդրողները գային և այդ տարում եղավ 7,5 տոկոս տնտեսական աճ: Նա այդպիսով ուզում է ասել, որ ինքը մեղավոր չի եղել, այլ հանրային անհանգստությունն է եղել պատճառը, որ տուրիստներն ու ներդրողները չեն եկել Հայաստան և հետևաբար տնտեսության անկում ենք ունեցել, աղքատությունը մեծացել է ու արտագաղթն էլ հասել ահռելի չափերի:

Եթե մի պահ ընդունենք այս, մեղմ ասած, վիճելի թեզի ճշմարտացիությունը, ապա պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանն ակամայից խոստովանել է, որ հենց իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությունն է եղել պատճառը, որ մենք հետընթաց ենք գրանցել: Վերջին 10 տարիների ընթացքում հանրային անհագստությունը, միտինգներն ու ցույցերը եղել են ի՛ր վարած քաղաքականության դեմ: Եթե ինքը չլիներ, ապա հանրային հուզումներ էլ չէին լինի:

Սարգսյանը խոսում է հետևանքների մասին, բայց «մոռանում» պատճառը, որը հենց ինքն է:

Եվ ուրեմն, եթե միտիգներն ու ցույցներն են մեր երկրի հետընթացի պատճառը, ապա պետք է պատճառը վերացնել: Այս առումով Սարգսյանը ճիշտ է: Այլ հարց է, որ նա պատճառները փնտրում է ամենուրեք, բայց ոչ Բ26-ում: ժողովուրդն այլ կարծիքի է պատճառի մասին:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Երեկ տարածվել էր Սարգսյանի հարցազրույցի մի հատվածը, որը ներկայացվել է ստորև: Կարելի է պատկերացնել, թե այն իրենից ինչ է ներկայացնում և ինչքան ջանք են հիմա թափում համապատասխան մասնագետները, որպեսզի մոնտաժեն ՀՀԿ ղեկավարի ասածները և հանրությանը մատուցեն «ստերիլ» խոսքերը: Բայց դատելով հարցազրույցի անոնսից՝ դա մոնտաժողների մոտ չի ստացվելու, քանի որ ինքնախոստովանական խոսքն արդեն հնչել է:

Այս խորագրի վերջին նյութերը