Լրահոս

24.04.2018 10:17


Հրդեհ Երևանի ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում. շենքից տարահանել են 80 բնակչի

Հրդեհ Երևանի ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում. շենքից տարահանել են 80 բնակչի

Ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ ավտոկայանատեղիում այրվում է երկու ավտոմեքենա և շենքի մուտքերը ծխալցվում են: Բարձրացած ծուխը խոչընդոտ է առաջացրել փրկարարներին շենքին մոտենալու համար:

Բնակիչներին տարհանելու նպատակով պահանջվել են կենցաղային հաշվարկներ և ավտոսանդուղքներ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու ավտոսանդուղք, մեկ մարտական հաշվարկ, ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա:

Չնայած մոտեցման ուղիների բարդությանը, հրշեջ-փրկարարները շենքից անվնաս տարահանել են 80 բնակիչ, որից 10-ը եղել են երեխաներ: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը 15 բնակչի և 10 հրշեջ-փրկարարի ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը 8 բնակչի ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:05-ին, մարվել` 04:24-ին:

Ամբողջությամբ այրվել են «Lexus» մակնիշի և «Hyundai Elison» մակնիշի ավտոմեքենաները. պետհամարանիշերը և վարորդների տվյալները պարզել չի հաջողվել:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զսպվածություն, պահպանել անվտանգության կանոնները:

Այս խորագրի վերջին նյութերը