Աշխարհ

24.04.2018 12:54


Միջազգային մամուլը` Սերժ Սարգսյանի հրաժարականի ու համաժողովրդական շարժման մասին (տեսանյութ)

Միջազգային մամուլը` Սերժ Սարգսյանի հրաժարականի ու համաժողովրդական շարժման մասին (տեսանյութ)

Միջազգային մամուլի միջոցներն այսօր գլխավոր լուրերի իրենց բաժիններում անդրդադառնում են Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, նրան այդ քայլին դրդող համաժողովրդական շարժմանն ու շարժման հաղթանակին:

ԲիԲիՍի-ն մեջբերում է Սարգսյանի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանի հետեւյալ խոսքերը. «Կարծում եմ՝ նրա հրաժարականը ժողովրդավարության հստակ ցուցադրում է: Աշխարհի ոչ բոլոր անկյուններում սկսված ցույցերն են կարողանում հասնել իշխանությունների հրաժարականին»:

ԲիԲիՍի-ն հիշեցնում է, որ Սարգսյանը քննադատության էր ենթարկվում Ռուսաստանի նախագահի հետ սերտ հարաբերությունների համար:

Բրիտանական կայանը մեջբերում է նաեւ հանրահավաքի մասնակից ցուցարարների խոսքերը. «Սա հենց այն է, ինչ հասկանում ենք հաղթանակ ասելով», «Սա իրապես օր է, որը պետք է զգանք բոլորս, սա օր է, երբ բոլորս պիտի լինենք այստեղ` ականատես լինելու պատմության այս էջին»:

Ըստ ԲիԲիՍի-ի, Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը «ուրախության հրավառություն էր, որը պայթեց հրապարակում»:

«Շատերն են Հայաստանում ասում, որ սա հաղթանակ է ամբողջ ժողովրդի համար, ժողովուրդ, որը մեկ օր անց նշում է Հայոց ցեղասպանության տարելիցը»:

Գարդիըն պարբերականը գրում է, որ ցույցերը Հայաստանում եռում էին արդեն մեկ շաբաթ, սակայն այդ օրերին փողոցներում լցված ոստիկանները երկուշաբթի օրը բացակայում էին տեսադաշտից:

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանում Սարգսյանի դեմ ընդդիմությունը նրան մեղադրում էր նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շարունակվող լարվածությունը մեղմել չկարողանալու մեջ:

ՍիԷնԷն կայանը, պարզապես տեղեկություններ տալով Հայաստանում զարգացող ու տեղի ունեցած իրադարձությունների մասին, իր ընթերցողներին պատմում է Սերժ Սարգսյանի անցած ու քաղաքականապես ավարտված ուղու մասին:

ԱյՋազիրա-ն գրում է. «Սարգսյանի հայտարարությունը չի նշում, թե երբ է ինքը թողնում պաշտոնը»: Իսկ գործակալության թղթակցի խոսքերով, «Այս շարժումը ցույց տվեց, թե որքան են Հայաստանում մարդիկ հասկացել, որ իրենք ունեցել են համակարգում փոփոխություն իրականացնելու ուժ, համակարգ, որը հայտնի է իր կոռուպցիայի բարձր մակարդակով»:

Ռոյթըրզ լրատվականն իր ընթերցողներին պատմում է ցուցարարների հետ մոտ 200 զինվորականների կողմից միասնության փաստի մասին, այն մասին, որ նրանք ողջագուրվում էին ցուցարարների հետ ու ծածանում երկրի պետական դրոշները: «Պաշտպանության նախարարությունը դատապարտել է զինվորականների այս քայլը՝ այն անվանելով անօրինական ու հայտարարել, որ նրանք կենթարկվեն ամենախիստ պատիժների»:

Ռոյթըրզի համաձայն, զինվորականները եղել են ռազմական խաղաղապահների գումարտակի անդամներ:

Նյու Յորք Թայմս-ը եւ Վաշինգթոն Փոսթ-ը հիշեցնում են, որ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով վարչապետի պաշտոնը զբաղեցնելու օրինակը Սերժ Սարգսյանը վերցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որը 2008-ին ստանձնել էր վարչապետի պաշտոնը եւ նախագահի պաշտոնը նորից զբաղեցրել 2012-ին:

Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին են անդրադարձել նաեւ ԷյԲիՍի, Բլումբերգ, Նյուզուիք, Յուրոնյուզ եւ աշխարհի մի շարք այլ հանրահայտ թերթեր, հեռուստատեսային ու ռադիոկայաններ, լրավական այլ ծառայություններ:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը